
«Շքամուտք» ֆիլմը դեբյուտային է ոչ միայն ռեժիսորի, այլև որոշ դերասանների և օպերատորների համար
Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմում ներկայացված իրական շքմամուտքը գտնվում է Բաղրամյան 1 հասցեում: Ինչպես ֆիլմում, այնպես էլ իրականում այդ շքամուտքի բնակիչների մի մասն այլևս չի բացում դռները: Ֆիլմում մեկն ասում է` ամեն օր ով ասես դուռը թակում է, և նա դուռը չի բացում. իրական կյանքում այս շքամուտքի բնակիչների մի մասն այլևս այդտեղ չի ապրում: Ֆիլմում ներկայացված է այս շենքի միայն շքամուտքը, իսկ մնացած տեսարանները նկարահանվել են այլ վայրերում:
«Շքամուտք» ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:
Ժամանակակից շքամուտքը
Ֆիլմում ներկայացված 1990-ականների ժամանակաշրջանին զուգահեռ տեսնում ենք նաև ժամանակակից, իրական շքամուտքը: Ինչպես ֆիլմում, այնպես էլ առօրյայում մենք մեր հարևաններին հաճախ տեսնում ենք միայն շքամուտքում. միմյանց տուն գնալը կարծես թե պակասել է: Ֆիլմում հարևաններից ամեն մեկն ունի իր պատմությունը, իսկ այդ պատմությունները միմյանց կապող միակ օղակը շքամուտքն է:
Այսօր էլ արդիական են մնում 1990-ականներում հինգ տարբեր նովելների միջոցով ներկայացված խնդիրները: Եթե ֆիլմն ամփոփվում է հղի կնոջ նովելով, ում երեխան պետք է խորհրդանիշի նորի սկիզբը, հույսն ու հավատը դեպի ապագան, այնուամենայնիվ, որպես վերջին նովել տպավորվում է Արցախյան ազատամարտիկի մասին պատմությունը: Եթե 1990-ականներին հասկանալի և ինչ-որ տեղ ընդունելի էին ազատամարտիկի հետ կապված խնդիրները, ապա այսօր, երբ երկու տասնամյակ անց տեսնում ես, որ բազմաթիվ ազատամարտիկների կյանքն այդ օրվանից հետո չի փոխվել կամ փոխվել է դեպի վատը, այդ հույսը, որ ուզել է ցույց տալ ռեժիսորը, կարծես թե խամրում է:
«Շատ պարզ է, բայց սերիալ չէ, բովնդակալից է, բայց հեղինակային չէ», - այսպես է բնութագրում ռեժիսորն իր ֆիլմը:
Լուսինե Սարգսյանը` ֆիլմի չներկայացված կողմերի մասին
«Շքամուտք» ֆիլմի պրեմիերայից հետո մամուլում բազմիցս անրադարձ եղավ ֆիլմին: «Հետքի» հետ զրույցում Լ. Սարգսյանը ներկայացնում է այն կետերը, որոնց մասին չի խոսվել, բայց իր կարծիքով` հատկանշական են:
- Չնայած ֆիլմի ռեժիսորը երկար տարիներ է աշխատում է կինոլորտում, սակայն «Շքամուտքը» նրա դեբյուտային ֆիլմն է: Միաժամանակ, այն դեբյուտային է մի շարք դերասանների և ֆիլմի երեք օպերատորներից երկուսի համար: «Շքամուտքում» կինոյում իրենց առաջին փորձն արեցին Լարիսա Ղևոնդյանը, Հերմինե Ստեփանյանը, Ինգա Զահալայանը, Աիդա Չոբանյանը, Անուշ Ալեքսանյանը, Լիանա Վարդանյանը, Աշխեն Ծատուրյանը, Հովհաննես Գրիգորյանը և Տիգրան Շահինյանը: Իսկ օպերատորներից Արման Մուսայելյանը և Արտակ Թադևոսյանը, չնայած նույնպես կինոյում երկար ժամանակ աշխատել են, բայց որպես ֆիլմ սա նույնպես նրանց համար առաջինն է: Ռեժիսորը գոհ է իր այս դերասաններից, անգամ նրանցից մի քանիսի մեջ տեսել է հաջող կինոդերասան դառնալու պոտենցիալը:
- Ֆիլմի բոլոր այն տարրերը, որոնք առաջին հայացքից գուցե անհասկանալի են, գնահատվում են որպես թերություն կամ առավելություն, իրականում նախօրոք մտածված են եղել:
- Սկզբում բոլոր հինգ սցենարները պատրաստի չեն եղել, այլ մշակվել են նկարահանման ընթացքում: Նկարահանումն իրականացվել է 25 օրվա ընթացքում, բայց փուլերով: Այն տևել է 2013 թ.-ի ամառվանից մինչև 2014 թ.-ի գարուն:
«Ես շնորհակալ եմ բոլոր այն դիտողությունների համար, որոնք արվել են: Դա ցույց է տալիս, որ մարդիկ այնքան լուրջ են ընդունել քո ֆիլմը, որ թերագնահատել են, - ասում է Լ. Սարգսյանը: - Ես ուզում եմ լսել բոլոր այն թերությունները, որոնք եղել են, որ հետագայում դրանք չլինեն»:
Լուսանկարը` ֆիլմի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել