
Աննա Մելիքյան. «Իմ կինոն ես եմ, իսկ ես հայ եմ»
«Ես ինձ համարում եմ Երևանից: Իմ անձնագրի մեջ է գրված Բաքու», - ասում է ռեժիսոր Աննա Մելիքյանը:
Աննան ծնվել է Բաքվում, մեծացել Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ապրում է մինչ օրս: Նա հիշում է, որ ուսանողության տարիներին, երբ նկարահանում էր իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը, իր վարպետը` Սերգեյ Սոլովյովնը միշտ ասում էր` ահա, պետք է դիտենք հայկական հերթական ֆիլմը: Այդ ժամանակ Աննան անգամ «նեղվում էր» այդ խոսքերից. մտածում էր, որ ինքը ստեղծել է ռուսական ֆիլմ` ռուս դերասանների մասնակցությամբ ռուսական միջավայրում: Հիմա հասկանում է, որ Ս. Սոլովյովը ճիշտ էր, քանի որ մինչև հիմա կրում է մանկության ազդեցությունը: Իսկ իր մանկությունն անցել է Երևանում:
«Իմ կինոն ես եմ, իսկ ես հայ եմ», - ասում է Աննան:
Մոսկվա տեղափոխվելուց հետո Աննան 15 տարի Երևան չէր եկել: Տարիներ անց նա գալիս է արդեն որպես ռեժիսոր` «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացնելով իր «Մարս» ֆիլմը (2004 թ.):
Սա Աննայի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնում: Աննան հիշում է, որ իր համար անսովոր էր, կարծես թե, որպես հյուր կամ զբոսաշրջիկ այցելել մանկության քաղաք: Վերջին շրջանում նա ավելի հաճախ է գալիս Երևան, սակայն խոստովանում է, որ դեռևս չի կարողացել խորությամբ ուսումնասիրել այն: Այդ այցելությունների ժամանակ երևում են դրական, բայց և մակերեսային փոփոխությունները:
«Բայց ես գիտեմ, որ գոյություն ունի քաղաքի կյանքի այլ, ավելի ծանր հատված, - ասում է Աննան, - ես շատ ուժեղ կապ եմ տեսնում այս քաղաքի հետ»:
Մյուս կողմից, Աննայի ֆիլմերի մեծ մասի հերոսը Մոսկվան է: Եթե Երևանն ավելի շատ հիշողությունների քաղաք է, ապա Մոսկվան` այն իրականությունը, որտեղ նա ապրում է: Քանի որ ռեժիսորն իր ֆիլմերում ցանկանում է ցույց տալ իր միջավայրն ու իրեն շրջապատող մարդկանց, ապա Մոսկվան «ակամա» հայտնվում է գլխավոր դերում: Այնուամենայնիվ, նա հաճախ է մտածում այլ տարածությունում ֆիլմ նկարահանել, որպեսզի ստեղծի այլ պատկեր` ոչ միօրինակ:
Աննա Մելիքյանին մեծ ճանաչում բերեց նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը` «Ջրահարսը» (2008 թ.): 2008 թ.-ին այն ընտրվեց «Օսկարի» ներկայացված ռուսական ֆիլմ: Այն նաև շահել է այդ տարվա «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը, Բեռլինի ՄԿՓ-ի ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը «Համայնապատկեր» ծրագրում, ճանաչվել է Սոֆիայի 12-րդ ՄԿՓ-ի լավագույն ֆիլմը:
Այս տարի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է ռեժիսորի «Աստղ» ֆիլմը: Սոչիի «Կինոտավր» փառատոնին այն արժանացել է լավագույն ռեժիսոր և լավագույն դերասանուհի մրցանակներին:
«Երբ նկարահանում եմ, ոչինչ չեմ ուզում ասել, պարզապես իմ մեջ ծնվում է որևէ պատմություն, որն ուզում եմ պատմեմ», - ասում է Ա. Մելիքյանը:
«Հետքի» այն հարցին, թե որն է իր համար հեղինակային և կոմերցիոն ֆիլմերի սահմանը, որովհետև իր ֆիլմերը դժվար է դասակարգել դրանցից որևէ մեկին, Աննա Մելիքյանը պատասխանում է, որ դա իրականում ցավոտ հարց է:
«Ես երբեք ոչ այնտեղ եմ, ոչ այստեղ: Հեղինակային ֆիլմի համար ես բավականաչափ բազմաբովանդակալից ու անհասկանալի չեմ, իսկ կոմերցիոն ֆիլմի համար` ոչ բավականաչափ հիմար և ուրախ, - ժպտալով ասում է ռեժիսորը, - ես կարծես մեջտեղում եմ, և դա հատուկ չեմ անում: Ես կուզեի որևէ դասակարգման դասվել, բայց ֆիլմ նկարահանելիս դրա մասին չեմ մտածում»:
Մեկնաբանել