
Երկամսյա կալանք՝ Լևոն Հայրապետյանին
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու իրավապահների միջնորդությունը: Դատարանը որոշել է նրան կալանքի տակ վերցնել մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին «Իտառ-Տաս»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:
Հայրապետյանին մեղադրում են վատնման և փողերի լվացման մեջ: Քրեական գործի շրջանակներում արգելանք է դրվել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուսական ռուբլին:
Որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առել այն, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննական մարմնից, ինչպես նաև ճնշում գործադրել քրեական գործի մասնակիցների վրա:
«Իտառ-Տաս»-ի տեղեկություններով՝ Հայրապետյանը ձերբակալվել է Նիցցայից վերադառնալիս, իսկ երեկ ռուսական մամուլը գրել էր, որ նա ժամանել է Մոնակոյից, մինչդեռ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում ասել է, որ նախորդ օրը Հայրապետյանը Արցախում էր:
Լուսանկարը՝ www.itar-tass.com-ի
Մեկնաբանել