«Փողազգի իշխանությունը մեր երկիրն ա նվեր տալիս չգիտես՝ ում». Վոլոդյա Ավետիսյանի վերջին խոսքը
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազատազրկված կլինի 6 տարի: Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանն այսպիսի դատավճիռ հրապարակեց: Դատարանը խարդախության մեղադրանքով Վոլոդյային դատապարտեց 4 տարի ժամկետով և 2,5 տարի՝ խարդախության փորձի համար: Մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ սահմանվեց 6 տարվա ազատազրկումը: Բացի այդ, Վոլոդյան պետությանը պետք է վճարի 814 հազար դրամ։
Դատավճռի հրապարակումից հետո դատարանում իրարանցում սկսվեց: Ազատամարտիկները բղավում էին՝ դավաճան անվանելով դատարանին:
«Ձեր կանանց էլ ծախեք, ձեր երեխաներին էլ»,- ասաց ազատամարտիկներից մեկը:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտնեց, որ շարունակելու են պայքարել՝ դիմելով Վերաքննիչ դատարան, քանի որ մեղադրանքը շինծու էր, ավելին՝ այն չապացուցվեց դատարանում:

Մինչ դատավորի խորհրդակցական սենյակ անցնելը Վոլոդյան հանդես եկավ վերջին խոսքով. «Հարգելի մարտական ընկերներ, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի անարդարադատություն, մեր երկրում հետաքրքիրն ինչն ա` քննիչը գալիս ա ու ասում՝ երբ դուրս գաս ու խոստանաս, որ չես պայքարելու, ուրեմն՝ չեն դատելու, դուրս կգաս, երբ ասում ես՝ չէ՛, պայքարելու եմ, ասում են՝ ուրեմն պիտի նստես: Խնդիր չկա, ես պատրաստ եմ նստել, քանի որ եթե ուզում ես երկիր փրկես, պիտի գնաս ինքնազոհության: Իսկ իմ մարտական ընկերները, ովքեր պառկած են Եռաբլուրում, խոնարհվում եմ նրանց առջև: Արդեն 9 ամիս ա, գիտենք` ինչ ա կատարվում, գիտենք, թե երկրում ինչ ա կատարվում: Հիմա ինչքան ուզում եք, կարող ենք խոսել անարդարության, անօրինականության մասին: Ես մեղավոր չեմ, որ էստեղ եմ: Ռեժիմն ա մեղավոր, որ ես էստեղ եմ հայտնվել: Բան չունեմ ասելու: Կոչ եմ անում համայն հայությանը, որ գան մեր Հայաստան պետությանը տեր կանգնեն: Կորցրել ենք ծովից ծով Հայաստան, կորցրել ենք Նախիջևան, իմ սիրտը ցավում ա, իմ գլուխը ցավում ա: Էսպես որ գնաց, սա էլ ենք կորցնելու: Սա ասելով չի, սա տեսնելով ու զգալով ա: Մայրական կողմս Նախիջևանից ա: Դավաճան հայերը նվիրեցին ադրբեջանցիներին, փողազգի հայերը: Այսօր այս փողազգի իշխանությունը մեր երկիրն ա նվեր տալիս չգիտես՝ ում: Սրանք թուրքահպատակ իշխանություններ են: Հայաստանն առանց հայերի: Ես ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից, իմ մարտական ընկերներից, բայց Ձեր ապագայի համար, մեր սերունդների համար ես պայքարելու եմ, ինչ ուզում են, թող անեն»:

Այսօր դատարան էին եկել Վոլոդյայի բոլոր 6 երեխաները, նրանցից երեքը անչափահաս են՝ 7 տարեկան Սվետան, 10 տարեկան Նոյը և 11 տարեկան Ալլան:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել