
«Ձերբազատում». երբ չես կարող փախչել ինքդ քեզնից
Երբ ունես քո եսը, որից, սակայն, վախենում ու չես ուզում ընդունել, որոշում ես ուղղակի փախչել: Այդպես է վարվում ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Ձերբազատում» կարճամետրաժ ֆիլմի հերոսը: Նրա մոտ ևս առաջանում է ես-երի, իր մեջ ապրող երկու, թվում է թե տարբեր բնությունների բախում: Դու գիտես, որ դա քո էության մի մասն է, բայց չես կարողանում ընդունել քեզ հենց այդպիսին: Այդ պատճառով էլ ֆիլմի հերոսը, չկարողանալով «խաղաղ» ճանապարհով ազատվել իրենից, դիմում է «հանցագործության»: Նա բարձունքի վրա ձեռքերով քանդում է քարերը և փոս բացելով` որոշում թաղել իրեն հետապնդող ես-ին: Իսկ ես-ը կողքից միայն ժպիտով նայում է, թե իր հետ ինչպես են վարվում: Թաղելուց հետո, սակայն, պարզվում է, որ ես-ը ոչ թե հողի տակ, այլ կրկին իր կողքին է: Ֆիլմի վերջում հերոսին այլ բան չի մնում, քան գրկել իր ես-ին` այդպիսով հաշտվելով ինքն իր հետ:
Ֆիլմի 9 րոպեների ընթացքում պատկերված են հերոսի ապրումները, զգացողությունները, խուճապը, պայքարը և հաղթանակը: Ամբողջ ֆիլմն անձայն է: Ինքն իրենից փախչող հերոսին մարմնավորել է Արսեն Գրիգորյանը: Սցենարի հեղինակներն են Ռոման Մուշեղյանը և Դավիթ Հարությունյանը, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը: Ռ. Մուշեղյանը պատմում է, որ գաղափարը վաղուց կար, բայց միայն վերջերս հաջողվեց այն իրականացնել: Ֆիլմը նկարահանվել է կարճ ժամանակում, որովհետև ստեղծագործական թիմը զբաղված էր այլ նախագծերով: Ինչպես ռեժիսորն է ասում, ֆիլմը նկարահանել են ընկերներով եւ չեն վարձատրվել: Իսկ տեխնիկական ծախսերը կազմել են մոտ երեք հազար դոլար: Ֆիլմը նկարահանվել է 2013թ. աշնանը Վեդիում, մեկ օրվա ընթացքում: Սակայն ավարտուն տեսք ֆիլմը ստացել է 2014թ. մարտին:
Այժմ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Պրեմիերան էլ տեղի է ունեցել փառատոնի շրջանակներում:
«Ձերբազատում ասելով ի նկատի ունեմ ոչ թե փախուստ, այլ երբ դու ձերբազատվում ես քո մտացածին պատկերից, քո ներսի խնդրից, - բացատրում է Ռ. Մուշեղյանը: - Երբ ներդաշնակ ես ապրում, դրանից մեծ երջանկություն չկա»:
Ռեժիսոր Ռ. Մուշեղյանը աշխատում է հիմնականում ռուսական ֆիլմերի շուկայի համար` Ռուսաստանում նկարահանելով կոմերցիոն ֆիլմեր: Այժմ նա ավարտին է հասցրել իր` Հայաստանում նկարահանած ֆիլմը` «Մեռյալ հովիտը»: Ռեժիսորի բնորոշմամբ` դա ռեալիթի սարսափ ֆիլմ է: Այն նկարահանել են որպես «էքսպերիմենտ», որպեսզի տեսնեն, թե ինչպես այդ ժանրը կընդունվի Հայաստանում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է օգոստոսի վերջին:
Լուսանկարը` http://www.gaiff.
Մեկնաբանել