
Մայակովսկիում հավաստիացնում էին, որ աճուրդի ոչ մի հայտ չեն ստացել
Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում բնակիչների մեծ մասը ծաղկի մշակությամբ է զբաղվում: Կլիման բարենպաստ չէ գյուղմթերքներ աճեցնելու համար, այդ պատճառով էլ տեղացիները ջերմոցային տնտեսություն են հիմնել եւ աճեցրած ծաղիկները վաճառում են Երեւանի շուկաներում: Տնամերձ հողատարածքներում բնակիչների մշակած բանջարեղենը բավարարում է միայն սեփական կարիքները հոգալուն: Գյուղում բացատրում են, որ իրենց հողաչափերը քիչ են. մեկ բաժինը 450 մ է, իսկ դրանով ընտանիք պահելը հեշտ չէ:
Մայակովսկիում բազմանդամ ընտանիքները շատ են, մի հարկի տակ մի քանի ընտանիք է ապրում, սակայն հող գնելու եւ առանձին տնտեսություն հիմնելու հնարավորություն չունեն: «Ամեն անգամ հայտարարությունը տալիս ենք, բայց գնորդ չկա, չեն դիմում ընդհանրապես: Վերջին երկու տարին այս վիճակն է, դրանից առաջ քիչ թե շատ առնում էին», - ասում է Մայակովսկու համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Գուրգեն Ասատրյանը:
Նրա ասելով` վերջին շրջանում միայն մեկ աճուրդ են ունեցել: Վերջին` հուլիսի 17-ին հայտարարված աճուրդում վաճառքի էր ներկայացվել 13 լոտ հողատարածք: Համայնքի ղեկավարը, սակայն, տեղում չէր, իսկ համայնքապետարանի աշխատակիցները հավաստիացնում էին, որ իրենք հերթական անգամ աճուրդի մասնակցության հայտ չեն ստացել:
«Դա է հիմա մեր վիճակը: Բայց մենակ մերը չէ, ամեն տեղ էլ էդ վիճակն է: Մենք համարվում ենք քաղաքին մոտիկ բնակավայր, բայց շարժ չկա,- ասում է Գ. Ասատրյանը եւ ավելացնում,- բնակավայրի նշանակության հողի 1 քմ-ի կադաստրային արժեքը 2940 դրամ է, ժողովրդի սոցիալական վիճակն էլ էն չի, որ առնեն»: Նրա ասելով` երբ հայտեր ներկայացնելու սահմանված ժամկետն ավարտվեց, իրենք համապատասխան գրություն կազմեցին: Սակայն աճուրդի հետ կապված բոլոր փաստաթղթերը գտնվում են համայնքապետի մոտ, նա էլ աշխատավայրում չէր:
Այդ ընթացքում համայնքապետարանի մուտքի մոտ մի երիտասարդ էր կանգնած, ով հավաստիացնում էր, որ եկել է աճուրդին մասնակցելու: Նա հայտնեց, թե չգիտի՝ մրցակից կա՞, թե՞ ոչ, անգամ տեղյակ չէ, թե ինչ կարգի հող է գնելու: Երիտասարդը բարձրացավ Գ. Ասատրյանի աշխատասենյակ, ում հետ ինչ-որ հարց էր քննարկում: Մեր այն հարցին` եթե հայտ չկա, ինչպես է երիտասարդը պատրաստվում մասնակցել աճուրդին, Գ. Ասատրյանը նշեց, որ միայն այս հայտն են ստացել, այդ պատճառով էլ աճուրդը հետաձգվում է:
Մայակովսկիում կան նաեւ եզդի ընտանիքներ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Սակայն գյուղում արոտավայրեր չկան, այդ պատճառով չեն կարողանում անասունների քանակն ավելացնել:
Համայանքապետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ փոքր բյուջեով չեն կարողանում լայնամասշտաբ աշխատանքներ կատարել: Սեփական ուժերով կարողացել են վերանորոգել ամբուլատորիան, եկեղեցին, գյուղի երեք կամուրջները: Տարիներ առաջ ստիպված փակել են գյուղի միակ մանկապարտեզը, որովհետեւ բավարար գումար չունեին այն պահելու համար: Մանկապարտեզում նախկինում գործում էր չորս խումբ, այնուհետեւ դարձավ երկուսը, որից հետո վերջնական փակվեց: Եթե մանկապարտեզը կրկին սկսի աշխատել, հարկ կլինի շենքը վերանորոգել: Չնայած այժմ Մայակովսիում նախակրթարան է գործում, բայց երեխաների մեծ մասը Աբովյան քաղաքում է մանկապարտեզ հաճախում:
«Մանկապարտեզը մեր ամենացավոտ կողմն է: Մեծ շենք է, արդեն քայքայվում է», - ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վեներա Փայտյանը: Մայակովսկիում հույս ունեն, որ ստեղծված իրավիճակը կփոխվի ժամանակի ընթացքում: Եթե հույսը չլիներ, այդտեղ չէին մնա:
Մեկնաբանել