
50 տարի` բարձրավոլտ էլեկտրական լարերի տակ
Կոտայքի մարզի Նաիրիի շրջանի Զովունի գյուղի Ամո թաղամասի բնակիչները արդեն հիսուն տարուց ավել բնակվում են բարձրավոլտ էլեկտրակայանի կողքին և օդային սահմաններով անցնող էլեկտրահաղորդիչ լարերի տակ:
«Հիմա էս տարածքում ով ապրում ա, սաղ սրտից հիվանդ են, շատերը մահացան սրտային հիվանդություններից: Հայրս, հորեղբայրս էլ մահացան սրտային հիվանդությունից»,- պատմում է այդ թաղամասի բնակիչ Հադո Ջանգոյանը: Նա տալիս է մարդկանց անուններ, ովքեր մահացել են սրտի տարբեր հիվանդություններից: Գյուղի բնակիչները համոզված են, որ այս եւ մնացած հիվանդությունների հիմնական պատճառը բարձրավոլտ էլեկտրահաղորդիչներն են:
«Էլեկտրական հոսանք նշանակում է էլեկտրոնների հոսք, որոնք հոսելով և իրար դիպչելով` տաքանում են, ճառագայթում և իրենց շուրջը առաջացնում մագնիսական հզոր դաշտ, որը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար: Միանշանակ, էլեկտրամագնիսական դաշտը կարող է ազդել և ազդում է բնակիչների վրա, հատկապես ազդում է երեխաների վրա»,- ասում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատանքի անվտանգության ապահովման ծառայության պետ Յուրի Հովհաննիսյանը:
Ամո թաղամասի բնակիչները պատմում են, որ խորհրդային տարիներին իրենց խոստացել են վերաբնակեցնել այլ վայրերում, էլեկտրակայանից հեռու, սակայն խոստումը չի կատարվել: «Մենք այն ժամանակ միամիտ էինք ու հավատացինք խոստումներին` առանց որևէ գրավոր պայմանավորվածության»,- ասում է Հադո Ջանգոյանը:
Զովունու գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պատմում է, որ դեռևս Սովետական միության տարիներին այս տարածքում ապրող 18 ընտանիքի հնարավորություն է տրվել տեղափոխվել այլ տարածք, սակայն հնարավորությունից օգտվել է միայն երկու ընտանիք: Գյուղապետի խոսքով` տեղի բնակիչների մյուս մասը չի ցանկացել լքել բնակավայրը:
Իսկ գյուղապետի տեղակալ Սուրեն Բաղդասարյանը մեկ այլ տեղեկություն տվեց. «Սովետական միության ժամանակ երկու ընտանիք բնակարան ստացավ. ազգանունները չեմ հիշում: Հետագայում նրանք ծախեցին այդ բնակարանները, նորից եկան իրենց հին բնակավայր ու սկսեցին մեծացնել իրենց հողամասերը հենց այդ տարածքում, չնայած նրանց չէր թույլատրվում աշխատանքներ կատարել բարձրավոլտ էլեկտրակայանի տակ»:
Սրան հակառակ` տեղի բնակիչները պնդում են, որ բնակարան տրվել է միայն մեկ ընտանիքի, որն էլ օգտվել է այդ հնարավորությունից:
«Մագնիսական դաշտը մեծանում է` կախված էլեկտրամագնիսական դաշտի լարման հզորությունից: Հայաստանում ամենահզոր էլեկտրական լարումը 220 կվ է, որի համար անվտանգության գոտի սահմանված է 25 մետրը: Այսինքն` բարձրավոլտ էլեկտրահաղորդիչների եզրային հաղորդալարից 25 մետր հեռավորության վրա էլեկտրամագնիսական դաշտն այլևս ազդեցություն չունի»,- ասում է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատանքի անվտանգության ապահովման ծառայության պետ Յուրի Հովհաննիսյանը:
Ռադիոֆիզիկոս Արմեն Մակարյանն սում է, որ նման ճառագայթումներից կարելի է պաշտպանվել այսպես կոչված էկրանավորման միջոցով: Նրա պնդմամբ, եթե տարածքները թիթեղապատվեն, ապա էլեկտրամագնիսական դաշտը կզրոյանա:
Զովունի գյուղի հարևանությամբ գտնվող բարձրավոլտ էլեկտրական ենթակայանը դեռևս ամբողջությամբ էկրանայնացված չէ, սակայն, ինչպես ասում է Յուրի Հովհաննիսյանը, թիթեղապատել հնարավոր է միայն հողային տարածքները, բայց ոչ օդային էլեկտրալարերը:
Ըստ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ կետի` էներգետիկայի բնագավառի օբյեկտների, էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում արգելվում է կատարել հողային աշխատանքներ` առանց էներգատեղակայանքի սեփականատիրոջ կամ տնօրինող անձի թույլտվության, ինչպես նաև արգելվում է կառուցել շենքեր, կառույցներ ու շինություններ. իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարեցնում է էներգատեղակայանքի սպասարկումը կամ սպառնում դրանց անվտանգությանն ու հուսալիությանը:
«Մենք բազմիցս դիմել ենք բարձրագույն մարմիններին, նույնիսկ վարչապետին այն խնդրով, որ կամ էլեկտրական ցանցերը այդտեղից հանվեն և մեկ այլ տարածք տեղափոխվեն, կամ բնակչությանը տեղափոխեն այդ տարածքից, քանի որ բնակչության այդ աստիճան խտացվածությունը խանգարում է նաև մեր աշխատանքին, սակայն մեր դիմումներին ոչ մի արձագանք չի եղել»,- ասում է Յուրի Հովհաննիսյանը
Զովունու գյուղապետարանն իր հերթին անցյալ տարի դիմել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` ներկայացնելով բնակիչների պահանջները. այն է` իրենց տների վրայով անցնող էլեկտրական լարերի սյուները տեղափոխել այլ տարածքներ:
«Մեզ պատասխանեցին, որ նախարարությունն այդքան ֆինանս չունի, և ներդրումներ պետք է կատարի նաև գյուղապետարանը, բայց մենք նույնպես այդքան մեծ ներդրումների հնարավորություն չունենք»,- ասում է Զովունու գյուղապետի տեղակալ Սուրեն Բաղդասարյանը:
Վերջին տասնամյակում Զովունու հարևանությամբ գտնվող բարձրավոլտ էլեկտրահաղորդիչների անմիջապես կողքին կառուցվեցին մի շարք հյուրանոցներ, խաղատներ և այլ հաստատություններ: Այն հարցին, թե այս հաստատությունները կառուցելիս նախօրոք թույլտվություն ստացվե՞լ է, Զովունու հարևանությամբ գտնվող բարձրավոլտ էլեկտրական ենթակայանի պետ Արմեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել` նշելով, որ դա իր իրավասության շրջանակում չէ, իսկ Յուրա Հովհաննիսյանն ասաց, որ դրանք ապօրինի շինություններ են և էլեկտրացանցի տնօրինության թույլտվությունը չունեն:
Վարդուհի Գուլուլով
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել