
Հայաստանից մեկնող միգրանտների հայցերը Բելգիայում 99 տոկոսով մերժվում են. վերադարձ Հայաստան
Հնգամյա Դավթի բոլոր խաղալիքները մնացել են Բելգիայի Կորտենագեն գյուղաքաղաքում: Դա պատահեց այն օրը, երբ նրա ծնողներին տեղյակ պահեցին, որ հետ են ուղարկում Հայաստան: Նրանք էլ վերցրեցին ամենաանհրաժեշտ իրերն ու, լքելով Կորտենագենը, փախան սահմանակից Ֆրանսիա: Խաղալիքների համար տեղ չկար:
«Չէինք ուզում հետ գայինք, ու ամեն ինչի պատրաստ էինք, բացի Հայաստան գալուց»,- «Հետքին» պատմում է Մարիետա Ասլանյանը, որ Բելգիայում երեք երեխա է ունեցել, իսկ չորրորդն էլ ծնվել է արդեն Հայաստանում,- մի առավոտ երկու կնիկ ու երկու տղամարդ եկան ու ասացին, թե ձեր վեշերը հավաքեք, ձեզ տանում ենք ուրիշ տեղ, բայց մենք հասկացանք, որ մեզ ուղարկում են Հայաստան»:
Սահմանակից Լիլ քաղաքում Մարիետայի ընտանիքին տեղ չեն տվել, ու նրանք մի որոշ ժամանակ գիշերել են հիվանդանոցների միջանցքներում ու հանրային օբյեկտներում, սակայն երկար չեն դիմացել:
«Մենք հանձնվեցինք միլիցիայություն, բայց Ֆրանսիան Բելգիայում փախստականի ստատուս ստացածներին չի ընդունում: Իրենք հարցում էին ուղարկել Բելգիա, և Բելգիան մեզ պահանջել էր,- պատմում է Մարիետան,- հետո երեխեքս ծանր տաքությամբ հիվանդացան, էլ մնալ չէր լինում ու ստիպված հետ եկանք Բելգիա»:
Մարիետայի ամուսինը՝ Վազգեն Ասլանյանն ասում է, որ Ֆրանսիայում չկարողացավ ինտեգրվել: «Բայց դուզն ասած Բելգիայում էլ չկարեցա հարմարվեի. խոսում-խոսում էին, բան չէի հասկանում»,- ասում է նա:
Բելգիա վերադառնալուց հետո, եւս չորս տարի ապրել են այնտեղ, հետո վերադարձել են Հայաստան:
Էջմիածնի գյուղերից մեկում ապրող այս երիտասարդ ընտանիքը մեկն է այն հազարավոր հայերից, որոնք ամեն տարի լքում են Հայաստանը՝ այլ երկրում իրենց տեսլականը կառուցելու նպատակով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. իրականացրած հետազոտության՝ 2009-2012թթ. ընթացքում մոտ 115 հազար մարդ, կամ տարեկան մոտ 29 հազար մարդ երկիրն անվերադարձ լքել է: Այն տարեկան կտրվածքով կազմում է Հայաստանի բնակչության մոտ մեկ տոկոսը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Քրիստինե Գալստյանն ասում է, որ Հայաստանը վաղուց «կարմիր» ցուցակի մեջ չէ, և այդ տարիները Հայաստանի համար վաղուց անցել են. «Եթե մարդիկ իմանան, որ իրենց հետ են ուղարկելու՝ միգուցե չգնան»:
Մարդիկ, այդուհանդերձ, գնում են: Վազգենն ասում է, որ իրենց գյուղում այդպիսի մարդ չկա, որ Բելգիայում կամ ֆրանսիայում ծանոթ ու բարեկամ չունենա:
Սակայն Բելգիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենն ասում է, որ Հայաստանից մեկնող միգրանտների հայցերը Բելգիայում 99 տոկոսով մերժվում են, և մարդիկ սխալ ակնկալիքով են գալիս՝ կարծելով, թե պիտի ստանան երկարաժամկետ կացության իրավունք, ապաստան և նպաստ, որոնք, սակայն, չկան:
Այդուհանդերձ, մարդիկ՝ ծախելով տուն-տեղը, ոսկեղենն ու ինչքը, գնում են:
«Էնպես չի, որ էնտեղ հեշտ կյանք ենք ունեցել, ամեն րոպե կյանքի համար պայքար էր գնում,- ասում է Մարիետան,- Էն որ թուղթ էր գալիս, որ առավոտը պիտի գնայինք տեսնենք ինչի մասին է, մինչև լույսը բացվում էր՝ կես մարդ էինք լինում»:
Մարիետան և Վազգենը Բելգիայում դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն նրանց մերժել են: Մարիետան ասում է, որ մերժումը նրանք մի քանի անգամ բողոքարկել են, և այդ գործընթացը տևել է գրեթե 4 տարի:
Մինչև ամուսնանալը 35-ամյա Վազգենը գյուղում ծնողներին օգնել է հողագործության և անասնապահությունում, այլ աշխատանք չի արել:
«Էն ժամանակ էս զորքը չկար (նկատի ունի կնոջն ու չորս երեխաներին),- ժպտալով ասում է նա,- բայց որ ամուսնացանք՝ ինչ ունեինք-չունեինք, ծախեցինք գնացինք»:
29-ամյա Մարիետան վարսավիր է, ապագա ամուսնուն հանդիպել է, երբ հերթական հաճախորդը, որ Վազգենի քույրն էր, եկել էր պսակադրության արարողության համար մազերը հարդարելու: «Էնտեղ էլ ինձ հավանեց ու հետո ամուսնացանք»,- ասում է Մարիետան:
Վազգենը, սակայն, առողջական խնդիրներ ունի. էպիլեպսիայով հիվանդ է: Ասում է, որ բնածին չէ. «Փոքր ժամանակ լճում լողանալիս ընկերներս վրաս օձ են շպրտել՝ վախեցել եմ»:
Նա Մարիետային նախապես ասել է իր հիվանդության մասին, բացի այդ Մարիետայի բարեկամները, իմանալով, որ Վազգենը չի ծառայել բանակում, գյուղում հետաքրքրվել են պատճառի մասին:
«Ինձ ասել էր, որ տարին մի քանի անգամ վատանում է, ես էլ հետաքրքրվեցի ու իմացա, որ ձեռքբերովի լինելու դեպքում այդ հիվանդությունը ժառանգական չի լինի,- ասում է Մարիետան,- մեծ տղաս միայն բարձր տաքություն ունենալու դեպքում է ցնցվում»:
Նրանք Բելգիա են մեկնել 2009թ., ամուսնանալուց մի քանի ամիս հետո, երբ Մարիետան արդեն առաջնեկով հղի էր, իսկ ընտրել են Բելգիան, որովհետև իրենց ծանոթներն ասել են, որ Բելգիան ավելի մարդասիրական երկիր է:
Ընտանիքը մի քանի ամիս մնացել է Բրյուսելի հյուրանոցներից մեկում մինչև նրանց հայցը քննվել է: Այդ ընթացքում նրանց ամեն շաբաթ որոշակի գումար են տվել ապրելու համար:
Հետո նրանց ուղարկել են Բրյուսելին կից մի գյուղում տեղակայված ապաստան հայցողների համար նախատեսված կացարան, որտեղ ապրում էին իրենց կարգավիճակ ունեցող մոտ 200 մարդ՝ տարբեր ազգերից:
«Թեպետ սանհանգույցն ընդհանուր էր, բայց օրեկան երկու անգամ մաքրում էին, ու ամեն ինչ մաքուր էր,- ասում է Մարիետան,- մեզ նաև կերակրում էին, բայց եթե ինչ-որ բան ուզեիր սարքելու, ազատ էր»:
Մարիետան ասում է, որ ասիստենտներ կան, որոնք պատասխանատու են որոշակի խմբի մարդկանց համար և վարում են նրանց գործերը. բոլորը բարեհամբույր են ու զբաղված են իրենց գործով:
«Հայաստանի չափ տեղ ա ու 11 մլն մարդ ա ապրում, աշխարհում ինչքան ազգ կար, էնտեղ տեսանք, ու բոլորի համար ամեն ինչը հավասար էր, իսկ ստեղ հայը հայի հետ յոլա չի գնում»,- ասում է նա:
Մարիետային զարմացրել է նաև այն, որ կացարանում ներքին մշակութային կյանք էր կազմակերպվում, որպեսզի մարդիկ պարապ չմնային, քանի որ նրանք աշխատելու իրավունք չունեին: Թեպետ ամեն շաբաթ կացարանում որոշակի աշխատանք կար անելու, որոնք անելու դիմաց որոշակի փոքրիկ վարձատրություն է եղել:
«Մեր համար տարբեր միջոցառումներ ու խաղեր էին կազմակերպում, ծով էին տանում, ամեն ինչ անում էին, որ քո կյանքը հետաքրքիր անցնի»,- ասում է նա:
Փոքրիկ Դավիթը, միջամտելով խոսակցությանը, ասում է, որ ուզում է Բելգիա գնալ. «Բայց մարդ չկա, որ ինձ տանի, իսկ ստեղ ինձ խաղալիք չեն առնում»:
Խաղալիքներն էլ, փաստորեն, նրանց ասիստենտն է բերել: Մարիետան ասում է, որ իրենց ասիստենտի հետ մտերմացել էին, ու մինչև այժմ էլ կապ են պահում: Նա իր երեխաներին պարկերով լեգո և այլ խաղալիքներ էր բերում: Հենց նա էլ օգնել է, որ Մարիետան աշխատանք գտնի, սակայն պարզվել է, որ վերջինս կրկին հղի է. այս անգամ ծնվում են երկվորյակները՝ Արայիկն ու Աստղիկը:
Ի տարբերություն ամուսնու, Մարիետան կարողացել է ինտեգրվել բելգիական կենցաղին ու սկսել էր լեզվի ուսուցման դասերի հաճախել: «Մարդս երեխեքին էր նայում, ես էլ դասերի էի գնում,- ասում է նա,- չնայած ասիստենտներն էնքան էին շփվել մեր պես մարդկանց հետ, որ սովորել էին մեզ հասկանալ»:
Մարիետտան մեկ-մեկ թվարկում է, թե ինչ օգնություններ են այնտեղ ստացել և թե ինչքան բարեհամբույր են նրանց վերաբերվել: Նույնիսկ երեխաներին կնքել են տեղի կաթոլիկ եկեղեցում:
«Առաքելական եկեղեցուց ամեն երեխային 350 եվրո փող ուզեցին կնքելու համար, ինձ 1050 եվրո որտեղի՞ց,- ասում է Վազգենը,- իսկ կաթոլիկ եկեղեցին ինքն էր կազմակերպում մեր համար, մենք էլ մտածեցինք, որ նույն կրոնն է, մեռոնն էլ նույնն է, ի՞նչ տարբերություն՝ կաթոլիկ, թե առաքելական»:
Մարիետայի ընտանիքը, փաստորեն, 4 տարի անվճար ապրել է Բելգիայում, և այդ կարգավիճակով հազարավոր այլ մարդիկ կան: Մարիետան այդ մասին չի մտածում: Ասում է, որ եթե ինքն էլ դառնար Բելգիայի քաղաքացի և ունենար բոլորի նման հավասար իրավունքներ, կաշխատեր՝ ինքն էլ հարկ կտար:
«Ու թող իմ տված հարկի փողով էլ ուրիշներին պահեին, թե չէ էս ինչ ա՝ նույնիսկ երեխեքիս մանկապարտեզ չեն վերցնում,- ասում է նա,- որ Բելգիայում էինք, Սերժը եկել ու ասում էր, թե իմ ժողովրդին հետ ուղարկեք, ես Ճապոնիայից եմ մարդ բերում, որ աշխատեն: Մեզ էլ դեռ օդանավակայանում ասեցին, թե ձեզ օգնություն կտան, որ հետ գնաք»:
Փարոսի թաղային տեսուչ Սամվել Ջավահիրյանն ասում է, որ նրանք նպաստ են ստանում և դրանից ավել այլ դրամական օգնություն նախատեսված չէ:
«Նրանց համար նաև մանկապարտեզն է անվճար, բայց հիմա երեխաներին չեն ընդունում, որովհետև տեղ չկա, եթե հիմա հերթագրվի՝ սեպտեմբերին արդեն տեղ կլինի»,- ասում է նա:
Վազգենն ու Մարիետան այժմ 46 հազար դրամ նպաստ են ստանում, ինչպես նաև Վազգենի հիվանդության համար 14000 դրամ թոշակ: Ապրում են այդ գումարով: «Մերոնք էլ քիչ ու միչ օգնում են, էդ ա»,- ասում է Վազգենը: Շուտով թոշակ կստանա փոքրիկ Դավիթը, որ հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդություն ունի՝ մաստոտիտոզ:
Վերադառնալուց հետո Մարիետան ու Վազգենը գյուղում չեն բնակվել, եկել են Էջմիածին ու վարձով են ապրում՝ տան վարձն էլ 30 հազար դրամ: Ասում են, որ քաղաք են եկել, որպեսզի Վազգենի հիվանդության համար նախատեսված «Դեպակին» կոչվող դեղը կարողանան ստանալ. գյուղում չեն տվել:
«Էդ էլ Էջմիածնի քաղաքապետարանից են զանգել, որ դեղը դուրս են գրում, մենակ էդ օգուտն էղավ քաղաքապետարանից,- ասում է Վազգենը,- օգնություն ուզեցինք՝ չտվեցին»:
Հայաստան գալուց առաջ Մարիետան հղի է եղել, և Հովհաննեսն արդեն ծնվել է այստեղ: Տանը, որտեղ այժմ դեռևս ապրում են, մի բազմոց է եղել, որի վրա քնել են ողջ ընտանիքով: Հետո ինտերնետով գտել է Կարիտաս մարդասիրական հիմնադրամին, որն էլ նրանց համար 2000 եվրոյի կահույք է գնել:
Նրանք դիմել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ նրանց ուղղորդել են «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագիր, որով հետ վերադարձած միգրանտներին հայ իրականությանը վերաինտեգրելու տարբեր ծրագրեր են նախատեսված: Վազգենն ու Մարիետան ընտրել են փոքրիկ բիզնես ծրագիր անելու հնարավորությունը և ցանկանում են գյուղում անասնապահությամբ զբաղվել:
Ծրագրի վերաինտեգրման գծով պատասխանատու Տիգրանուհի Տարախճյանն ասում է, որ այս ընտանիքի համար նախատեսվում է 2500 եվրոյի շրջանակներում անասնապահական ծրագրի ֆինանսավորում, որն ընթացքի մեջ է:
Ընտանիքը, սակայն, հուսահատ վիճակում է: Երեխաներն հաճախ են հիվանդանում, ու Մարիետայի խոսքով՝ իրենց էլ ոչ մի հիվանդանոց չի ուզում ընդունել:
«Բոլոր հիվանդանոցներում մեզ անգիր գիտեն՝ էլ չեն ուզում մեզ տեսնեն,- դժգոհում է նա,-էդ բժիշկների դեմքին մի օր ժպիտ չտեսանք, որ մի հազար դրամ տայի՝ կարող ա հազար դրամի ժպտային»:
Շուտով նրանք այս տանից էլ պիտի դուրս գան, որովհետև տունը վաճառում են:
«Մի տարի էլ չկա՝ եկել ենք, արդեն տոկոսների տակ ճռռում ենք,- ասում է Վազգենը,- էս տնից էլ դուրս ենք գալիս: Տուն էլ չկա՝ մնանք: Ով իմանում ա՝ չորս երեխա ունենք, տուն չեն ուզում տան: Մի հատ դոմիկ տվեք, ես կմնամ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել