HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնագետ-պատմաբանի մահվան գործով սպասում են փորձաքննության արդյունքներին

Հնագետ-պատմաբան Ֆիրդուս Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել նրա որդիներից Արթուր Մուրադյանը: Իսկ որտես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է հանդես գալիս ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Արշակ Կարապետյանը: «Հետքի» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ սպասում են դիակի դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներին, որոնք կստացվեն 20 օրից: Մինչ այդ, դիակի հերձման ու մահվան վկայականում մահվան պատճառ է նշվել սրտամկանի ինֆարկտը: Մուրադյանների ընտանիքը, սակայն, կարծում է, որ եթե նույնիսկ ինֆարկտ է տեղի ունեցել, ապա դա հետևանք է եղել արտաքին ներգործության, օրինակ, հարվածի:  

Հիշեցնենք, որ  հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող Պողոս-Պետրոս եկեղեցու պեղումների ժամանակ «Անի-շին» չափագրական ընկերության աշխատակից Ավգուստին Աբրոյանի հետ վիճաբանելու ժամանակ մահացել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնի հնագետ-պատմաբան Ֆիրդուս Մուրադյանը: Նույն օրը ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժնում, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող Պողոս Պետրոս եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 1980թ. ծնված Ավգուստին Ա.-ն բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է: 

«Ֆիրդուս Մուրադյանի որդին` Արթուրը, օգտվելով իր իրավունքներից, որպես տուժողի իրավահաջորդ միջնորդեց նախաքննական մարմնին, որպեսզի դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվի դատաբժշկական գիտագործնական կենտրոնում: Քանի որ մահը արձանագրվել էր Կոտայքում, հերձումն ու մահվան վկայականը տրվել էր այնտեղից: Եվ որպես մահվան պատճառ նշված էր` սրտամկանի ինֆարկտ: Կասկածելով այս պատասխանի արժանահավատությանը՝ Արթուր Մուրադյանը ցանկանում է, որ փորձաքննությունը կատարվի Երևանում»,-ասաց փաստաբան Արշակ Կարապետյանը: 

«Հետքը» զրուցեց նաև հնագետի որդու` Արթուրի հետ, ով ասաց, որ իրենց համար խիստ կասկածելի է մահվան վկայականում նշված ինֆարկտը. «Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ կդառնա, կարծում եմ, արդյոք մահվան պատճառը ինֆարկտն է եղել, թե ոչ: Եթե ինֆարկտն է, ապա արդյոք պատճառը հարվածն է եղել, թե ոչ»: 

Հարցին, թե արդյոք Ֆիրդուսն ու Ավգուստինը ճանաչել են իրար, Ֆիրդուս Մուրադյանի որդին ասաց. «Այո, քանի որ Ավգուստինի հիմնարկը պատվիրատու կողմն էր, իսկ հայրս` իր խմբով կատարող, այսինքն` պեղումները կատարողներն էին»: 

Իսկ ինչի շուրջ է եղել վեճը հարցին, Արթուրը պատասխանեց. «Վեճը զուտ աշխատանքային հասարակ հարցի շուրջ է ծագել: Ըստ իմ ունեցած տեղեկատվության, Ավգուստինը դժգոհել է խմբի բանվորների աշխատանքից, թե ինչու են հողը այս կողմ տանում, ոչ թե այն կողմ»:

Նշենք, որ նախնական երկամսյա կալանքի տակ գտնվող Ավգուստին Աբրոյանը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Արմեն Աբրոյանի եղբայրն է: 

Ավելի վաղ Արթուր Մուրադյանի կինը` Կարինե Մուրադյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմել էր. «Երբ աշխատանքային վեճ է ծագել Ավգուստին Աբրոյանի և սկեսրայրիս միջև, Ավգուստինը գնացել է դեպի մեքենան, հետո եկել է, ըստ ականատեսների, ձեռքին ինչ-որ դեղնավուն, թե ոսկեգույն իր է եղել: Հարվածել է սկեսրայրիս ու փախել մեքենայով: Մյուս բանվորին է զանգահարել, ով հացի է գնացած եղել ու ասել` շեֆիդ խփել-գցել եմ, գնա տես` սաղ ա, թե մեռած: Ակնթարթային մահ է տեղի ունեցել: Նա դեմքով վայր է ընկել: Հետո շուռ են տվել, որ ջուր լցնեն: Այն, որ եղել է հարված գլխին, վկայել է երկու բանվոր: Իսկ դեղնավուն իրը տեսել է մոմավաճառ կինը»:   

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արշակ Կարապետյանի կարծիքով, եթե դատաբժշկական փորձաքննությունը դարձյալ վկայի, որ ինֆարկտից է անձը մահացել, ապա պիտի պատասխանի ևս մեկ հարցի. արդյոք հնարավոր է, որ սրտամկանի ինֆարկտին նախորդել է հարված, և հնարավոր է՝ ինֆարկտը հետևանք է եղել արտաքին ներգործություն: 

«Նախնական մեղադրանք է, ես կարծում եմ, որ հոդվածը կփոխվի: Սա էլ է կախված դատաբժկական եզրակացությունից: Հիմա թե՛ նախաքննության մարմինը, թե՛ կողմերը սպասում են այդ փորձաքննության արդյունքներին»,-«Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Արշակ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter