
Մարզպետը կոնկրետ պատասխան չի տալիս
Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի`համայնքի ղեկավարի աշխատանքային ժամին դատարանում այլ անձի անունից ներկայացուցչություն ապահովելու օրինականության վերաբերյալ «Հետքը» 2 հարցում է ուղղել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Առաջին հարցմամբ «Հետքը» փորձել էր պարզել, թե օրենքով սահմանվա՞ծ է համայնքի ղեկավարի աշխատաժամանակը և աշխատանքային օրվա տևողությունը, և համայնքի ղեկավարն ունի՞ լիազորություն աշխատանքային ժամին համայնքապետարանից բացակայելով`ներկայացուցչություն ապահովել դատարանում`ոչ իր գործով, որպես այլ անձի ներկայացուցիչ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը հստակ պատասխանել էր «Հետքի» առաջին հարցին` նշելով, որ համայնքի ղեկավարների համար սահմանված է 5-օրյա աշխատանքային շաբաթ` օրական 8 ժամ տևողությամբ, աշխատաժամանակի սկիզբը`ժամը 9.00-ը, ավարտը` 18.00-ը, ընդմիջման ժամը` 13.00-ից 14.00-ը:
Մյուս հարցին`կապված համայնքի ղեկավարի` դատարանում ներկայացուցչություն ապահովելու լիազորության հետ, մարզպետը հստակ չէր պատասխանել` պատճառաբանելով, թե հստակ պատասխանի համար անհրաժեշտ էր պարզաբանել «ոչ իր գործով, այլ որպես այլ անձի ներկայացուցիչ» արտահայտությունը:
Այնուամենայնիվ, մարզպետ Նալբանդյանը հետևյալ գրավոր պատասխանն էր ուղարկել. «Եթե Լեռնապատ համայնքի ղեկավար Վ. Եղիազարյանը բացակայել է համայնքից և որպես այլ անձի ներկայացուցիչ հանդես է եկել`կատարելով վճարովի աշխատանք, ապա նա խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը, ըստ որի` համայնքի ղեկավարը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:
Իսկ եթե Վ. Եղիազարյանը բացակայել է համայնքից և դատարանում այլ անձի ներկայացուցիչ է հանդես եկել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները կատարելու և լիազորությունները իրականացնելու, ինչպես նաև իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտությունից ելնելով, ապա նա գործող օրենսդրության խախտում թույլ չի տվել»:
Մարզպետից հստակ պատասխան ստանալու նպատակով «Հետքը» հասցեագրել էր նրան հաջորդ գրությունը` հետևյալ հարցադրմամբ. «Սեպտեմբերի 15-ին և հոկտեմբերի 3-ին օրենքով սահմանված աշխատանքային ժամերին Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը գտնվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում`ներկայացուցչություն ապահովելով մի դեպքում` ՎՊՄԻ-ի ռեկտորի, մյուս դեպքում`ինստիտուտի անունից: Համայնքի ղեկավարն իրավունք ունի աշխատանքային ժամին նման գործառույթով հանդես գալու դատարանում, եթե նույնիսկ նա այդ պարտավորությունն ստանձնել է ոչ վճարովի հիմունքով»:
Նշված`կոնկրետ հարցադրմանը մարզպետը դարձյալ ոչ հստակ պատասխան է տվել. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:
Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում կատարում է ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանք: Եվ եթե Վ. Եղիազարյանը բացակայել է համայնքից և դատարանում այլ անձի ներկայացուցիչ է հանդես եկել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները կատարելու և լիազորությունները իրականացնելու, ինչպես նաև իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտությունից ելնելով, ապա նա գործող օրենսդրության խախտում թույլ չի տվել»:
Ըստ էության, մարզպետ Արթուր Նալբանդյանը իր նախորդ`ոչ հստակ պատասխանն է կրկնել` ճշգրտելով միայն, որ Լեռնապատի ղեկավար Վանո Եղիազարյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանք է կատարում:
Պատասխան չի տրվում այն հարցին, թե Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն իրավունք ունի համայնքի ղեկավարի աշխատանքային ժամին համայնքապետարանից բացակայելով` մի դեպքում` ՎՊՄԻ-ի, մյուս դեպքում` ՎՊՄԻ-ի ռեկտորի անունից հանդես գալու դատարանում, և արդյոք դատարանում ներկայացուցչությունը նրա` որպես ՎՊՄԻ-ի դասախոսի «պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունն ու լիազորությունն» է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել