
Հայ միգրանտները Ֆրանսիայում. նոր կյա՞նք՝ օտար ափերում
Փարիզի արվարձանային քաղաքներից մեկում եմ: Ավտոբուս եմ բարձրանում:
Կեսօրվա այս ժամին ավտոբուսը կիսադատարկ է, ուղեւորներն էլ՝ թաքնված իրենց գրքերի կամ հեռախոսների հետեւում: Մարդկային հայացք դժվար է որսալ:
Յուրաքանչյուրն՝ իր հոգսով, իր անկյունում: Ու հանկարծ մի հեռախոս զանգում է: «Ալո՞, ... ես հիմա ավտոբուսում եմ ...»: «Ավտոբուսակիցս» հայ է: Ամեն օր չի պատահում՝ երկու հայ նույն ավտոբուսում փարիզյան արվարձաններից մեկում: Ակամա լսում եմ խոսակցությունը: «Էդ թիբեթցի աղջիկը շատ փնթի ա, էլ չեմ դիմանում: Իր հետեւից չի մաքրում: Ասում եմ, ինձ բանի տեղ չի դնում, արհամարում ա: Չգիտեմ՝ ոնց անեմ ...» Զրույցի ողջ ընթացքում հայ կինը զրուցակցին պատմում է կեցության իր վատ պայմանների մասին, դժգոհում իրեն պարտադրված հարեւանուհուց:
Անհրաժեշտ քանակով կացարանների բացակայության պատճառով Ֆրանսիայում ապաստան խնդրողները հաճախ են տարբեր ազգերի ու սովորույթների մարդկանց հետ կիսում միեւնույն սենյակը:
2013թ. ԵՄ-ում ապաստան խնդրողների թիվն ավելացել է 100.000-ով
Աշխարհի տարբեր ծայրերում տիրող սրված ճգնաժամերի հետևանքով 2013թ. էլ ավելի է աճել միգրանտների թիվը: Եվրամիության անդամ երկրներում ապաստան խնդրողների թիվը 2012-ի համեմատությամբ աճել է 100.000-ով՝ հասնելով 435.000-ի: Ցուցակի առաջին հորիզոնականներում սիրիացիներն ու ռուսներն են:
Նախորդ տարի ԵՄ-ում ապաստան խնդրած հայերի թիվը նվազել է 7%-ով՝ կազմելով 5.210 դիմում: Համեմատության կարգով նշենք, որ 2013-ին Վրաստանի քաղաքացիները ներկայացրել են 9.095 հայտ: Հայաստանցիների դիմումների նվազումն, իհարկե, դեռ չի խոսում դեպի եվրոպական երկրներ արտագաղթի նվազման մասին:
Ֆրանսիան՝ հայերի նախընտրած ուղղություն
Ապաստան խնդրող հայերի նախընտրած հիմնական ուղղություններն են Ֆրանսիան (39%), Գերմանիան (25%), Բելգիան (8%), Շվեդիան (6%), Ավստրիան (5%):
Չնայած հայերի դիմումների քննման խստացմանը՝ Ֆրանսիան մնում է վերջիններիս նախընտրելի ուղղությունը: 2013-ին նրանց թիվը կազմել է 2.055: Առաջին դիմումների հաշվարկով հայերի հայտերը նվազել են 19%-ով: Նվազման այս միտումը կապված է 2011թ.. դեկտեմբերին Հայաստանը «ապահով երկրների ցուցակում» ընդգրկելուն:
Ապաստանի հայտերի քննությունը հաճախ ամիսներ է տեւում, եւ այդ ընթացքում Ֆրանսիան ապահովում է դիմում ներկայացրածների կեցության ու սննդի, անվճար բուժօգնության նվազագույն պայմանները, ինչը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Դիմումների քննությունն արագացնելու եւ հեշտացնելու նպատակով էլ կիրառվում է «ապահով երկրների ցուցակը»: Եթե որեւէ երկիր գտնվում է այդ ցուցակում, ապա նրա քաղաքացիների դիմումները շատ ավելի արագ են քննվում, նրանց ներկայացրած պատճառաբանությունները հիմնականում անհիմն են համարվում, եւ դիմումների մեծ մասն էլ՝ մերժվում:
Հարկ է նշել, որ հայաստանցիների դիմումների նվազման հետ ավելացել են Ռուսաստանից եկող, այնտեղ ազգային խտրականությունների ենթարկված հայերի դիմումները, որոնք, ըստ Փախստականների եւ Ապատրիդների(քաղաքացիություն չունեցող անձինք) Պաշտպանության Ֆրանսիական Գրասենյակի, հաճախ չունեն որեւէ փաստաթուղթ:
Ինչ վերաբերում է հայաստանցիների ներկայացրած հիմնավորումներին, դրանք գրեթե չեն փոխվել. խտրականություններ իրենց ազգերի ծագման համար կամ հետապնդումներ քաղաքական պատկանելության՝ ՀԱԿ-ին անդամակցելու պատճառով: Քիչ թվով դիմումներ են ստացվում նաեւ եզդիներից, Եհովայի վկաներից, ավետարանչականներից, կլանային հաշվեհարդարներից տուժածներից:
Իրականության մասին պատկերացումները հաճախ այլ են
Գոհարը Ֆրանսիա է եկել 2013թ. մարտին ազգականուհու եւ նրա որդու հետ՝ վերջինիս բուժման նպատակով: Պայմաններին չդիմանալով՝ ազգականուհին որդու հետ Հայաստան է վերադաձել, ինքը մնացել է Ֆրանսիայում:
«Էդքան չարչարվեցինք, աշխատեցինք, 4000 եվրո տվեցինք, անիմաստ տեղը եկանք: Մեկ ա, ես ըստեղ մնացողը չեմ: Գոնե մի «սեւով» աշխատանք լինի, աշխատեմ, ձեռս փող լինի, նոր հետ գնամ»:
Ով եւ ինչպես է գործերը դասավորել, չգիտի կամ չի ուզում ասել: Պատմում է, որ իրեն մինչեւ Ֆրանսիա ուղեկցող է եղել, բայց նրան չի ճանաչում: Ֆրանսիա հասել է Իտալիայով, մանրամասները չի հիշում: Տեղ հասնելուն պես «գործը դասավորողի» խորհրդով զանգահարել է 115՝ անօթեւանների թեժ գիծը: «Գրել-տվել էին ձեռքներս, թե ինչ պիտի ասենք, հայերեն տառերով ֆրանսերեն տեքստը: Էդ 115-ում էլ բացատրել են՝ ինչ պիտի անենք»:
115 հեռախոսային հարթակի նպատակը առաջին շտապ սոցիալական օգնության՝ այդ թվում ժամանակավոր օթեւանի տրամադրումն է: Սա գլխին տանիք ունենալու ժամանակավոր լուծում է, եւ օթեւանի համար հաճախ հարկավոր է նույն համարով զանգահարել ամեն շաբաթ:
«Ոնց եկել էինք, առաջին 7-8 ամիսը 115-ի տակ էինք, անընդհատ փոխում էին: Հետո ֆուայեում (հատուկ կացարան) տեղ տվեցին: [...] Ուտելիք են տալիս, քնելու տեղ: Ըտենց ապրում եմ»:
Տիգրանը Ֆրանսիայում է նոյեմբեր ամսից: Եկել է «հանձնվելու» Հայաստանում իր քաղաքական հայացքների համար իրեն հետապնդելու պատճառով: Գործերը հանձնել է եւ առայժմ պատասխանի է սպասում:
Տիգրանին առաջին անգամ հանդիպեցի ապրիլ ամսին: Վատառողջ էր: Պատմեց, որ իրեն կացարանից դուրս էին հանել «ձմռան սեզոնի փակման պատճառով», 115-ի միջոցով այլ օթեւան չէր գտել: Շաբաթից ավել դրսում էր գիշերել ու հիվանդացել էր: «Մի շաբաթից ավել էր հիվանդանոցում էի: Հիմա մի ուրիշ տեղ են տվել, բայց էդտեղ մենակ կարամ քնեմ: Առավոտը 8-ին պետք ա դուրս գամ, իրիկունը 10-ին նոր գնամ: Վեշերս ծանոթների մոտ եմ թողնում»: Հարցնում եմ, թե չի զղջում Ֆրանսիա գալու համար, ասում է՝ ոչ ու շարունակում. «Բայց ես էս Ֆրանսիան ըսենց չէի պատկերացնում ...»:
Ֆրանսիայում ապաստան խնդրելու, առաջարկվող պայմանների, փախստականի կարգավիճակի ստացման մասին պատկերացումները հաճախ իրականությանը չեն համապատասխանում:
«Ասում էին՝ ամիսը 300 եվրո փող են տալիս: Ես էսքան ժամանակ էստեղ եմ, բան չեմ ստացել»,- պատմում է Գոհարը: «Սաղին օգնություն են տալիս, մենակ հայերին չեն տալիս: Մեր նախագահն էկել-ասել ա՝ հայերին մի ընդունեք: Հիմա էլ սաղ ռուսի տակ են հանձնվում»:
Հայաստանը ապահով երկրների ցանկում ընդգրկելը Սերժ Սարգսյանի հետ բնականաբար կապ չունի եւ տարբեր ուսումնասիրությունների արդյունք է: Այդ ցանկում է նաեւ Վրաստանը, Մոլդովան եւ մի շարք այլ երկրներ:
Փախստականների եւ Ապատրիդների պաշտպանության ֆրանսիական գրասենյակը եւ Ապաստանի իրավունքի հարցերով Ազգային դատարանը մերժել են Գոհարի դիմումը: Գոհարը բողոքարկել է դատարանի որոշումը եւ սպասում է պատասխանի: Հաջորդ մերժումից հետո պատրավորված է լինելու վերադառնալ Հայաստան:
Մերժվել է նաեւ թոշակառու Արմինեի դիմումը, ով Ֆրանսիա է ժամանել Ռուսաստանից եկած աղջկա ընտանիքի հետ հանձնվելու: Մի քանի ամիս մոտ 300 եվրո նպաստ է ստացել, ինչը մերժումից հետո դադարեցվել է: Ինչպես ինքն է ասում՝ «յոլա է գնում» տարբեր բարեգործական կազմակերպությունների բաժանած սննդամթերքով, մտածում է ետ գնալու մասին. «Ախր տունս գրավ եմ դրել, որ աղջկաս ընտանիքին փրկեմ, Ռուսաստանից ըստեղ բերեմ, հիմա գնամ՝ ո՞նց անեմ»:
Վերադառնա՞լ, թե՞ ոչ
2013թ. Եվրամիության տարբեր երկրներում ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիներից միայն 465-ն է դրական պատասխան ստացել: 5035 քաղաքացու դիմում մերժվել է: Ֆրանսիայում քննված 2186 դիմումներից դրական պատասխան է տրվել միայն 346-ին:
Ներգաղթի եւ Ինտեգրման Ֆրանսիական Գրասենյակը դրամական օգնություն է տրամադրում ՀՀ կամավոր վերադարձողներին: Ծրագիրը իրականացվում է Հայկական սոցիալական օգնության միության (AAAS) հետ: Գրասենյակի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստան կամավոր վերադարձել է 226 մարդ, եւ 32 սոցիալ-տնտեսական ուղեկցման ծրագրեր են ֆինանսավորվել:
Մերժվածների մի մասն էլ երկիր է վերադառնում ստիպողաբար, բայց հիմնական մասը նախընտրում է մնալ ոչ լեգալ կարգավիճակում եւ Հայաստան չվերադառնալ:
Այսօր դժվար է ստույգ տեղեկություններ ունենալ Ֆրանսիայում հայերի թվի մասին: Ոմանք ոչ լեգալ կարգավիճակում են մնում տարիներ շարունակ, սակայն պրեֆեկտուրայի համապատասխան որոշմամբ, ձերբակալվելու դեպքում կարող են բռնի վտարվել երկիր:
Նախորդ հոկտեմբերին հարյուրավոր լիցեականներ փողոց դուրս եկան՝ բողոքելու 19-ամյա Խաչիկին Հայաստան վտարելու դեմ: Խաչիկի պատմությանն անդրադարձան առաջատար լրատվամիջոցները:
Ցավոք, տեղական մամուլում հաճախակի են հոդվածներն այս կամ այն հայ ընտանիքի՝ Ֆրանսիայից նրանց վտարման վտանգի մասին։
Հուլիսի 23-ի իր հրապարակումներից մեկում Կրթություն առանց սահմանների ցանցը պատմում է Հայաստան վտարված Անդրանիկի մասին: Վերջինս կնոջ եւ 2 երեխաների հետ Ֆրանսիա է եկել 2013թ. մայիսին: Ֆրանսիան մերժել է Անդրանիկի ընտանիքի ապաստանի խնդրանքը: Ֆրանսիայում ծնվել է ընտանիքի երրորդ երեխան, որն այսօր 4 ամսական է: Չնայած ընտանեկան դրությանը՝ հուլիսի 7-ին Իլ-է-Վիլենի պրեֆեկտուրայի որոշմամբ Անդրանիկը վտարվել է Հայաստան՝ Ֆրանսիայում թողնելով կնոջն ու երեխաներին: «Անդրանիկն անհետացել է բռնի Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ վտանգում է կյանքը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրան: Սեն-Պիեռ-դե-Պլեսգենում կինն ու երեք երեխաներն իրենք իրենց հարց են տալիս, թե արդյոք մի օր կտեսնեն իրենց ամուսնուն եւ հորը ...»,- եզրափակում է հաղորդումը: «Անդրանիկը Ֆրանսիայում ապաստան է խնդրել, քանի որ կյանքն իր երկրում վտանգի տակ է: Իր իրավունքն է»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության անդամներից մեկը:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքել հայրենիքը, փնտրել կյանքի ավելի լավ պայմաններ, մանավանդ, եթե կյանքը վտանգված է համարում իր երկրում: Սակայն որքանո՞վ է օտար ափերում գտած կյանքը համապատասխանում սպասելիքներին, քանիսի՞ն է հաջողվում համակերպվել ու հաստատվել:
Հ.Գ. Բոլոր անունները փոխված են։
Աղբյուրներ՝ Eurostat, Փախստականների եւ Ապատրիդների պաշտպանության ֆրանսիական գրասենյակի 2013 թ-ի զեկույց, Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի 2013 թ-ի զեկույց
Մեկնաբանել