HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմ չի վերսկսի

«Հետքի» հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը

-Ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի՝ ղարաբաղաադրբեջանական եւ հայ-ադրբեջանական շփման գծերում ակտիվությունը:  Դրա նախադրյալ համարո՞ւմ եք Եվրասիական  միության անդամակցության հարցը, որտեղ Ադրբեջանը հողային պահանջատիրությամբ էր հանդես եկել:

-Այս պահին դժվար է հստակ պատասխանել, թե հատկապես որն էր վերջին օրերին բախումների նման ծավալների պատճառը, ինչը նախեւառաջ ոչ բավարար տեղեկատվությամբ է պայմանավորված: Այդուհանդերձ, ինչպես միշտ պետք է տալ հետեւյալ հարցը. «Cui bono»` «ո՞ւմ է ձեռնտու, կամ ո՞վ է շահում» նման իրավիճակից, ընդ որում` ինչպես հակամարտող կողմերի, այնպես նաեւ արտաքին խաղացողների տեսանկյունից: Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանրությունները կորցնում են ամենակարեւորն ու անդառնալին` մարդկային կյանքեր, իսկ հնարավոր խաղաղության հեռանկարն էլ ավելի է հեռանում: Իրենց հերթին պետական իշխանությունը ներկայացնող անձինք, անկախ բախումների ելքերից, օգտվել եւ օգտվում են իրավիճակից, այս կերպ հանրային համախմբման անհրաժեշտությունն արտաքին թշնամու դեմ ուղղելով եւ ներքին խնդիրները երկրորդական կամ անկարեւոր դարձնելով: Եվրասիական միությունը եւ դրա շուրջ ընթացող գործընթացները ներկայիս իրավիճակի պատճառ չեմ համարում, սակայն Ռուսաստանը նման լարվածությամբ կարող է հետաքրքրված լինել, նախեւառաջ ուկրաինական ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով: Սա ասելով հանդերձ` այս պահին դժվար է պնդել, թե ստեղծված իրավիճակն ի սկզբանե Պուտինի վարչակազմի նախագծածն է, սակայն, որ Մոսկվան սրանից փորձելու է օգտվել, կարծես թե ակնհայտ է: 

-Օգոստոսի 8-ին Սոչիում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունի այդ հանդիպումը, արդյո՞ք բանակցությունները դեռ սպառման չեն հասել:

-Բանակցությունները փակուղում են արդեն 3 տարի, իսկ մասնավորապես 2011-ի Կազանի հանդիպումից հետո, սակայն ստեղծված լարվածությունը, իր ողջ բացասականությամբ հանդերձ, կարող է դառնալ այդ փակուղուց դուրս գալու սկիզբ: Խոսուն է այն փաստը, որ նախատեսվող հանդիպումը տեղի է ունենալու Սոչիում, որտեղ ենթադրվում են Պուտինի առանձին հանդիպումները Ալիեւի եւ Սարգսյանի հետ: Այս կերպ մի կողմից ի ցույց է դրվում այն, թե արցախյան հակամարտության հնարավոր լուծման, կամ տարածաշրջանում կայունություն ապահովելու բանալին Մոսկվայի ձեռքում է, իսկ հանդիպման հնարավոր դրական, նույնիսկ ժամանակավոր արդյունքները կօգտագործվեն Պուտինի` որպես խաղաղարարի կերպարի կառուցման համար: Մյուս կողմից, եթե հանդիպմանը չհետեւի բանակցությունները շարունակելու նոր տեսլական կամ ճանապարհային քարտեզ, իսկ շփման գծում բախումները շարունակվեն, ապա մեծ է հավանականությունը, որ կակտիվացվեն քննարկումները Ռուսաստանի կողմից տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու շուրջ, ինչը, սակայն, դժվար իրականանալի է` հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող փաստացի պատերազմը: Միաժամանակ, եթե ռուսական հովանու ներքո այս հանդիպմանը չարձանագրվի իրական կայունությանը միտված համաձայնություն, իսկ մասնավորապես դիպուկահարների գործողությունները նվազեցնելու եւ սպառազինությունների մրցավազքը մեղմելու շուրջ, ապա հայկական կողմերը պետք է լրջորեն վերանայեն նման հանդիպումներին իրենց մասնակցության հարցը:

-Ինչո՞ւ են Մինսկի խմբի համանախագահ երկրները հերթական անգամ, երբ ակնհայտ է նախահարձակ կողմի անունը, հավասարության նշան դնում հակամարտող կողմերի միջեւ եւ զսպվածության կոչ անում երկուսին նմանապես:

-Պարիտետի սկզբունքը` մի կողմից, անկախ միջնորդի կարգավիճակի վերահաստատումը` մյուս: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ տեսնում ենք միջնորդների ըստ էության անարդյունք հայտարարությունները, եւ չգիտես ինչու շարունակում ավելին պահանջել նրանցից: 

-Պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսսկման վտանգ տեսնո՞ւմ եք:

-Վտանգ տեսնում եմ միշտ, սակայն այս պահին հավանական չեմ համարում` դրա համար անհրաժեշտ նախապայմանների բացակայության պատճառով: Պատերազմ վերսկսողն այս պահին լինելու է ադրբեջանական վարչակարգը, ինչը նրան պետք չէ, քանի որ կարծես թե վտանգված չէ Ալիեւի գոյությունը, նավթի ծավալների անկմանը դեռ մի քանի տարի կա, իսկ տարանցիկ գազատարի շուրջ 45 միլիարդ դոլարի համաձայնագիրը կարծես թե առկա է:     

-Իսկ ստեղծված փակուղուց այսօր ո՞րն է ամենահավանական ելքը:

-Թերեւս, բանակցային գործընթացի վերսկսումը` հնարավոր նոր առաջարկություններով: Սակայն դրա համար անհրաժեշտ կլինի կայունության ավելի բարձր մակարդակ ապահովել, եւ, հաշվի առնելով աշխարհի տարբեր հատվածներում ներկայումս տեղի ունեցող այլ հակամարտությունները, արցախյան ճակատում արտաքին խաղացողների լուրջ ջանքեր դժվար թե արձանագրվեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter