
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»,- Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ իր ցավակցությունը հայտնեց վերջին օրերին դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված զինվորների հարազատներին՝ հերթականությամբ նշելով նրանց անունները եւ հետմահու ստացած պարգեւները:
«Ցավում եմ, որ մարդկային կյանքերի ու կորուստների գնով պետք է հակառակորդին համոզենք մեր խաղաղասիրության եւ մարդասիրության մեջ»,- նշեց Օհանյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ լարված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությունն արդեն անհանգստություն է հայտնել, եւ իր հետ անձամբ հանդիպել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության դեսպանները:
«Մենք մեր դիրքորոշումը հստակորեն ներկայացրել ենք միջազգային համապատասխան ատյաններին: Հայկական զինված ուժերն իրականացնում են իրենց առաքելությունը՝ պաշտպանելով սեփական բնակչությանը եւ սահմանները: Հակառակորդը միջազգային պայմանավորվածությունները խախտելով փորձում է ապակողմնորոշել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ իր հանրությանը՝ տարածելով ամենատարբեր ապատեղեկատվություն»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ինչ է նախարարն ակնկալում Սոչիում կայանալիք հանդիպումից եւ արդյոք այդ հանդիպումից հետո իրավիճակի կայունացում սպասվում է, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ հանդիպումը կարող է հնարավորություն տալ բանակցելու, երկխոսելու, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը յուրաքանչյուր քաղաքական հանդիպումից առաջ փորձում է լարված իրավիճակ ստեղծել սահմանագծում՝ փորձելով ազդեցություն գործել միջազգային կառույցների վրա:
«Կարծում եմ, որ դեռեւս մինչ հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կշարունակի փորձել լարված իրավիճակը պահպանել, հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում, քիչ հավանական է: Մեր հայորդիներն առավել քան մարտունակ են, առավել քան պատրաստ են ցանկացած գործողությունների զարգացմանը հակադարձելու»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանն ավելացրեց նաեւ, որ կամավորների մարտական դիրքեր գնալը կարեւոր հոգեբանական նշանակություն ունի զինվորների համար, բայց նրանց զենք տրամադրելու, ռազմական գործողություններում ներգրավելու կարիք չկա:
Նախարարի կարծիքով դեռեւս անհրաժեշտություն չկա նաեւ դիմելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օգնությանը, քանի որ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ չեն կրում:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին կարծիքներին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք մեր առջեւ դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել, եւ խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել