HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգեր պատերազմի և խաղաղության մասին

Նաիրա Հայրապետյան

Խաղաղության թեման մշտապես ուղեկցել է մարդկությանը: Տարբեր դարաշրջաններում, տարբեր մայրցամաքներում այն եղել է և դեռ շարունակում է մնալ ամենափնտրված ճանապարհը: Սկսած քաղաքականից, մինչև հոգու և մտքի պատերազմները աշխարհին ամենաշատը չի հերիքում խաղաղությունն ու նրա գինը ընկալելու գիտակցությունը: Այսօր «Ռետրո Ակումբում» կվերհիշենք մի քանի գեղեցիկ երգ՝ նվիրված ժողովուրդների միջև համերաշխությանն ու խաղաղ կեցությանը:

We Got To Have Peace. Քըրթիս (Քուրթիս) Մեյֆիլդը ամերիկյան սոուլ, R&B և ֆանք ոճերի կատարող, երգահան և ձայնագրման պրոդյուսեր է: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա հասել է մեծագույն ձեռքբերումների և միևնույն ժամանակ հայտնի է որպես 1950-60-ական թվականներին «Հանուն քաղաքացիական իրավունքների» շարժման ակտիվ մասնակից:

1950-ականների վերջին Մեյֆիլդը իր մի քանի ընկերների հետ հիմնեց «The Impressions» երգչախումբը, որն առանձնանում էր սոցիալական պրոբլեմների հանդեպ դրսևորած, մեղմ ասած, սուր հետաքրքրությամբ: 1971թ հոկտեմբերին լույս տեսավ երգչի 2-րդ ստուդիական ալբոմը` «Roots» խորագրով, որում ներգրավվված էր «We Got To Have Peace» երգը: 

«Մեր ձայներն աշխարհին լսեցրին, որ այլընտրանք չկա` ձեռք-ձեռքի, կողք-կողքի, համերաշխ  ապրել և արարել աշխարհում՝ երջանիկ, առանց պատերազմների… սա է միակ ճշմարիտ ճանապարհը»,-  ասում էր Մեյֆիլդը:

«We Got To Have Peace» ` խաղաղության, երջանկության և համերաշխության կոչով: Ի դեպ` Ք. Մեյֆիլդը իր ստեղծագործական ճանապարհով և գաղափարախոսությամբ մի շարք խնդիրներ հարթեց. Նա այն համարձակներից էր, ով 60-ականների վերջին Ջեյմս Բրաունի հետ ձևավորեց երաժշտական այն ուղին, որը վերջնականապես ազդարարեց Ամերիկայում սևամորթների հանդեպ նույնիսկ արվեստում դրսևորվող խտրականության ավարտը` նրանց ստեղծագործություններով միաժամանակ հպարտանալու առիթ դարձնելով մաշկի սև գույն ունենալը` «black pride» թևավոր արտահայտությամբ:

«Peace, Love, and Understanding». այսպես է կոչվում անգլիացի երգիչ և երգահան Նիք Լոուի 1970թ. գրված երգը, որի առավել հայտնի ձայնագությունը պատկանում է Էլվիս Կոստելոյին: Երգի բնօրինակը լույս տեսավ 1974թ.-ին՝ որպես The New Favourites of... Brinsley Schwarz  ալբոմի սինգլ. այս տարբերակը 2002թ. ընդգրկվեց Նիք Լոուի “Anthology”-ում:  

Կոստելոյի տարբերակն առաջին անգամ ներկայացվեց 1978թ. և կարճ ժամանակ անց հիթային դարձավ: Ավելի ուշ կատարումը ներկայացրեց «200 սիգարետ» ամերիկյան ֆիլմը՝ որպես սաունդթրեք: Աշխարհահռչակ «Rolling Stone»  ամսագիրը Կոստելոյի կատարմամբ «Peace, Love, and Understanding» երգը դասել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն երգեր» շարքում 28-րդ տեղում. երգ խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին:

Հաջորդ երգը` խաղաղության առաքելությամբ, որքան էլ տարօրինակ է, կոչվում է «War»` Պատերազմ: Հեղինակներն են Նորման Ուիթֆիլդը և Բարեթ Սթրոնգը: Երգը նախ Ուիթֆիլդի կատարմամբ ներկայացավ 1969թ` որպես բացահայտ բողոքի ճիչ` ուղղված Վիետնամական պատերազմի դեմ, ապա կրկնակի չափաբաժնով այս բողոքն արտահայտվեց Էդվին Սթարի կատարմամբ: Հենց այս երգն էլ համարվում է սոուլ ժանրի ամերիկացի երգչի ամենահայտնի և հաջողված սինգլը: Այն հիթային բարձունքներ գրավեց 70-ականներին և  հայտնի էր ոչ միայն այս երաժիշտների ստեղծագործական կյանքում, այլև լավագույններից մեկը  աշխարհում երբևէ թողարկված «բողոքի երգեր» շարքից:  

Խաղաղության թեման վերհանող և աշխարհին հանգստության, համերաշխության կոչ անող երգերի շարքն այսօր կեզրափակենք Մայքլ Ջեքսոնի «Earth Song» -ով: Այն ապտակի ազդեցություն է թողնում ամենաուղիղ իմաստով: «Երկրի երգը»` այս բալլադը հանդիսանում է Ջեքսոնի 3-րդ սինգլը «HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից: «Earth Song»-ով փոփ արքան անդրադառնում է բնությանը, ուստի և մարդկությանը շրջապատող խնդիրներին, որոնք վտանգավոր աղետներ են ծնում: Այս արտիստը թերևս այն քչերից էր, ով ամենահաճախն էր անդրադառնում աշխարհի անդորրը խաթարող երևույթներին: Մարդկության գոյությունը կործանման շեմին տանող  խնդիրներ` ծնված աշխարհում երևի ամենավտանգավոր երևույթի՝ մարդու ձեռքով:

Ի դեպ, երգը Ջեքսոնը հատուկ կառուցել էր պարզ մեղեդու և տեքստի համադրությամբ, որպեսզի աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ լսելիս, նույնիսկ, եթե անգլերեն էլ չիմանան, կարողանան հասնել նրա իրական խորությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter