HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նրանց մասին չեն պատմում. նրանց մասին լռում են

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ «բանակցություններն» արդյունք տվեցին: Թույլտվություն ստացա զրուցել հետախույզների խմբի հետ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրավիճակի սրացումից հետո նրանց կանխարգելիչ մի գործողության հետևանքով հակառակորդը տվել է 7 զոհ և 5 վիրավոր: Հետախույզներին հանդիպեցի սահմանի տարբեր հատվածներում`զորամասում եւ առաջնագծում:  

Նրանցից երկուսը պատրաստվում են դիրքեր գնալ: Խոսակցությունը չի ստացվում, չեմ կարողանում նրանց «խոսացնել», պատ է: Տղերքը չեն խոսում ու վերջ, ոչինչ չեն ուզում պատմել: Գործողությունների մասին էլ հարցերին պատասխանում են՝ առաջադրանք են ստացել ու կատարել: Հետո հարցնում եմ նրանց կարծիքը տարբեր երկրների բանակների մասին, հարցնում եմ ամենալավ հետախույզների մասին: Տղերքը սկսում են կցկտուր  ինչ-որ բաներ խոսել, բայց մեկ ժամվա զրույցի ընթացքում իմ ջանքերը՝ խոսակցությունը թեքել իրենց կողմը, գրեթե չի ստացվում: 

Նրանք սովոր չեն պատմելու իրենց մասին: Նույնիսկ ընտանիքներում չգիտեն, թե իրենք ինչով են զբաղվում բանակում: Նրանց  անունները չեն հնչում երբեք, նրանց պարգեւատրելու մասին չեն բարձրաձայնում, ուրվականների նման են՝ եւ կան, եւ չկան: Չնայած ժամանակ առ ժամանակ նշում էի, որ մեր զրույցը չի հրապարակվելու, միեւնույն է, կարելի է ասել, զրույց  չստացվեց:  Հետո ինչ-որ պահի ասացին, որ պետք է գնան դիրքեր ու գնացին: 

Հետախույզների հետ կանխարգելիչ գործողության մասնակցել է նաեւ Վահե Պետրոսյանը: Սիսիանի Անգեղակոթ գյուղից է: Ծառայության մեջ է 20 ամիս: Նա խմբում միակ  շարքային էր:  Նրան ընտրել են տղերքը, եւ նա իրեն պահել է ինչպես պետքն է: Երբ հարցնում եմ՝ զինվորին ինչու եք վերցրել հետներդ, նրանցից մեկը պատասխանում է. «Դե մենք միշտ չենք մնալու, թող սովորեն»: Ինչպե՞ս է իրեն պահել գործողության ընթացքում՝ «շատ լավ», ասում է խմբի ղեկավարն ու այսքանով ավարտվում է Վահեի մասին խոսակցությունը:  

Դիրքերի մոտ հանդիպում ենք հրամանատարին` Ջալալ Հարությունյանին:  Հայոց բանակի լավագույն սպաներից է: Անընդհատ շարժման մեջ է, միշտ դիրքերում է: Ամեն ինչ անձամբ է ստուգում: Սպաներից մեկը, երբ նրա մասին խոսում էինք, այսպես բնութագրեց. «Բժիշկները պետք է պարզեն, թե ինչ նյութից է սարքված մեր հրամանատարը: Նա չի քնում, չի ուտում, անընդհատ շարժման մեջ է, առավոտները վազում է, բայց միշտ էներգիա ունի»: 

Երկու հետախույզի էլ հանդիպում եմ սահմանի մեկ այլ հատվածում: 

Կարենը (անունները պայմանական են- հեղ.) 16 տարեկանից բանակում է: Զորամասի թիկունքի գծով տեղակալը ծանոթացրեց Կարենի հետ եւ ասաց, որ հարցազրույց պիտի տա: Կարենն անմիջապես հակադարձեց.

-Ես չորրորդ դասարանի կրթություն ունեմ, ի՞նչ հարցազրույց պիտի տամ:

-Կրթությունը կապ չունի,-ասում եմ:

-Ո՞նց կապ չունի, եթե կրթություն ունենայի, հիմա գեներալ կլինեի,-պատասխանում է Կարենը:

-Ո՞րն է ադրբեջանական բանակի թույլ կողմը:

-Իրենց թույլ կողմը՞. որ ադրբեջանցի են: Իրոք, ի վիճակի չեն ուժեղ բանակ ունենալ: Որքան ուզում ես զենք ունեցիր, եթե այդ զենքը չես կարողանում օգտագործել, ի՞նչ պիտի անես դրանք: Գիտես, մարդ սպանելը հաճելի բան չի, թեկուզ թուրք լինի, բայց մենք ստիպված ենք դա անում: 

Հետո լռություն է: Ես դադար եմ տալիս՝ կարծելով, թե կշարունակի, բայց  չի շարունակում: 

Մտածում եմ, երբ նրանք ասում են վնասազերծեցինք  հերթապահին,  նշանակում  է հակառակորդի զինվոր են սպանել: Բայց մենք չենք պատկերացնում, վնասազերծել բառի իմաստի մեջ չենք էլ խորանում, չենք պատկերացնում, որ նրանք եթե դա արել են առանց կրակոցի, ուրեմն դանակով են սպանել կամ ձեռքերով են խեղդամահ արել: 

Ադրբեջանցիները գիշերը դիրքերը լքում են 

«Մտել ենք նրանց դիրքերը՝ դատարկ են, զարմացել ենք: Ցերեկը այնտեղ զինվորներ էին, այնտեղից կրակել էին մեր դիրքերի ուղղությամբ, իսկ հիմա դատարկ են: Նրանց մեկ դիրքում 3+3 +1 մարդ կա, այսինքն՝ վեց գումարած ավագը: Ու նրանցից ոչ մեկը դիրքում չէ: Մենք գնացինք  հակառակ ուղղությամբ՝ շրջանցելով  բլինդաժը: Խրամատի մյուս թեւն էլ դատարկ էր: Հետո մոտեցանք բլինդաժին, պարզվում է, երկու թեւերից եկել բլինդաժի մոտ են հավաքվել, վախից իրարից չեն հեռանում»,- պատմում է  Կարենը: 

Հարցնում եմ՝ եղե՞լ են դեպքեր, որ խմբի անդամներից մեկն իր առաջադրանքը չի կատարել: Կարենը պատմեց մի այդպիսի դեպք. «Առաջադրանքում ամեն մեկն իր անելիքն ունի՝ հստակ, հաշվարկված մինչեւ վերջ, այսինքն՝ նման գործողությունների ժամանակ դու պետք է հաշվարկես բոլոր այն հնարավոր տարբերակները, որ կարող են առաջանալ: Ասենք՝ վնասազերծելուց մի բան էն չի լինում: Կրակոց է հնչում, գործողության ողջ ընթացքը միանգամից փոխվում է, յուրաքանչյուր ոք գիտի՝ ինչ պետք է անի: Կամ, ասենք, նահանջի ճանապարհը փակ է,  այդ դեպքում գիտենք որտեղ, որ ժամին պիտի հանդիպենք թշնամու թիկունքում: Մի խոսքով ամեն ինչ մանրամասն հաշվարկված է, տասնյակ հերթապահ տարբերակներով: Ցանկացած միջոցառում կատարվում է պլանավորմամբ: Բայց երբեք հարյուր տոկոսով չի լինում: Լինում է, որ վայրկյանների ընթացքում որոշում ես կայացնում: Մի անգամ տղաներից մեկը գործողության վայրից ավելի հեռու պետք է մեզ սպասեր: Ինքը պիտի աջակցեր անհրաժեշտության դեպքում, եթե չկար այդ անհրաժեշտությունն ինքն ուղղակի տեղում պիտի մնար:  Հետո տեսանք՝ ինքն էլ է միացել գործողություններին, չնայած պլանավորած էր այլ բան»: 

«Հետո պատժեցի՞ք»,-հարցնում եմ: 

«Ոչ, ինչ պատժենք: Ինքն ասեց՝ ոնց որ հասնեմ աղբյուրին ջուր չխմեմ, ոնց կլինի»:

Հետո մեզ միացավ ականազերծողներից մեկը: Նրանց խումբը գործողությունից առաջ ականազերծել է հետախույզների ճանապարհը: Յուրան կատակասեր սպա է: Դեռ հարց չէի տվել, միանգամից ասում է. «Ամուսանացած չեմ, որոշել էի ամուսնանալ, վիճակը խառնվեց: Տեսնենք կստացվի ամուսնանալս»:  


Շփման գծի վերջին դեպքերից հետո ադբեջանցիները սահմանամերձ յոթ գյուղերից հանել են բնակչությանը, նրանք անվտանգության համար հոսանքազրկել էին իրենց գյուղերը: Հետախույզներից մեկը ադրբեջանցիների ակտիվացումը կապում է նրանց պաշտպանության նորանշանակ նախարարի հետ: 

«Նա ուզում է ինչ-որ բան փոխի: Հիմա իրենց գյուղերի պաշտպանությունն է ուժեղացնում, հողաթմբեր են կառուցում գյուղերի դիմացը:  Մենք չենք պատասխանել երկար ժամանակ իրենց, իրենք էլ մտածել են, որ էդպես պիտի շարունակվի, իրենք անեն, մենք ընդամենը պաշտպանվենք: Իրենք անընդհատ դիվերսանտներ են ուղարկում, ինչ-որ հաջողություններ ունեցել են: Բայց դե մենք չէինք պատասխանում:  Ճիշտն ասած, մենք էլ ենք իրենց զենքով ուրախանում: Մեզ ինքանթիռ պետք չի ձեռք բերել, իրենք թող ինչքան ուզում են ունենան, մենք էդ ինքնաթիռները խփելու ենք, էդ ունենք մենք», -ասում է Սամվելը: 

Հարցնում եմ ադրբեջանցիների զինատեսակների առավելության մասին: «Թուրքական զենքեր շատ ունեն, Իսրայելի արտադրության զենքեր ունեն իրենց դիվերսանտները, որ եկել են: Մենք ունենք այն, ինչ մեր հնարավորություններն են թույլ տալիս, մենք նավթ չունենք էդքան զենքի վրա փող դնելու համար: Մեր զենքերը մի քիչ էժան են, բայց բավարարում է մեզ մեր խնդիրները լուծելու համար,- ասում է Կարենը,- մեր վերջին գործողության ընթացքում նոր սարքերով ենք գնացել, մթի մեջ աշխատելու սարքեր են, մեզ շատ օգնել են դրանք: Դրանցից լավերն էլ կան, իհարկե: Բայց ունենք էն, ինչը որ ունենք, դրանով էլ աշխատում ենք»: 

«Ադրբեջանցիները երբեք իրենց պատմության ընթացքում ոչ մի պատերազմ չեն կրել, չի պատերազմել այդ ազգը: Թուրքերը էստեղ կռվել են, այլ ցեղեր կռվել են, բայց ադրբեջանցիները ոչ մի մարտի չեն մասնակցել իրենց պատմության ընթացքում: Բայց մի յուրահատկություն ունի այդ ազգը՝ մեջքից հարվածելու»,-հակառակորդի ունակություններն է գնահատում հետախույզը:   

-Խումբը զոհ չի՞ տվել գործողությունների ընթացքում,-հարցնում եմ ես:

-Ոչ:

-Իսկ դա նշանակում է, որ շատ պրոֆեսիոնա՞լ եք:

-Ոչ, դա նշանակում է՝ լավ պլանավորում:

-Պարգեւատրվե՞լ եք վերջին գործողության համար:

-Ինչո՞ւ, պարգեւատրման համար ենք անում մեր գործը:

-Դե հարցնում եմ, պարզապես ուզում էի իմանալ:

-Պարգեւատրումը պետության անվտանգությունն է, մեր տղաներից մեկը չորս երեխա ունի: Նա ինչ է, պարգեւատրման մասին պիտի մտածի՞: 

Սխալ հարց եմ տալիս, խոսակցությունը ընդհատվում է մի որոշ ժամանակ:  Հետո խոսում ենք նավթամուղի մասին, այնտեղ հասնելու հնարավորությունների մասին, որն հեռու է 250 կմ: 

-Կարող ենք, եթե նման առաջադրանք լինի: Այդ մասին խոսում են, լսել եմ տարբեր մարդկանցից, որ Ղարաբաղի բանակը կարող է այնտեղ վնասներ հասցնի:  Բայց դա էնքան էֆեկտիվ չի, մի քանի օրում կվերականգնեն: Ավելի լավ է մի դասակ ոչնչացնել, քան նավթամուղը պայթեցնել:

-Վերջին օրերի կանխարգելիչ գործողություններից հետո ի՞նչ է փոխվել նրանց մոտ:

-Վախն է շատացել, վախը: Անընդհատ կրակում են, հենց էնպես, անընդհատ  լուսավորում են իրենց տարածքները: Էնքան են վախեցել, որ զրահատեխնիկան բերել են դիրքերի մոտ: Առաջնագծի մոտ, որպեսզի իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնեն: Բայց դա օգուտ չի: 

«Նախարարն ասել է, որ եթե մեր զինվորին խփեն, մենք տասը կխփենք եւ կոչնչացնենք այդ դիրքը, որտեղից եղել է մահացու կրակոցը: Սա հո էնպես ասված խոսքեր չե՞ն: Զգուշացրել ենք, հիմա իրականացնում ենք»,- ասում է հետախույզ Կարենը: 

Վստահելի մարդ լինելն ընդգծելու համար հաճախ օգտագործում են՝ «ես նրա հետ հետախուզության կգնամ» արտահայտությունը, որը, թերևս, պատերազմական վիճակով պայմանավորված, արդիական է դարձել: Ի՞նչ է ռազմաճակատային հետախուզությունը, ի՞նչ է արժենում նրանց՝ հակառակորդի թիկունք անցնելու ամեն մի գործողությունը, քանի՞ կյանք է խլել այս կամ այն գործողությունը:  Մենք ոչինչ չենք իմանում, մեզ ոչինչ չեն ասում: Իհարկե, հետախույզները վերադառնալուց հետո գրում են իրենց հաշվետվությունները, բայց դրանք խիստ գաղտնի են: Տասնամյակներ հետո միայն կգրվեն գրքեր այսօրվա հայ հետախույզների ու նրանց իրականացրած գործողությունների կարևորության մասին:   

4-ը օգոստոսի, 2014թ.

Տես նաեւ` Առաջնագիծ. հակառակորդի բոլոր գործողությունները ձախողվել են

 

Մեկնաբանություններ (9)

Լիլիթ
Հայոց բանակի յուրաքանչյուր մարտիկ Վիշապաքաղ Վահագն է` ազգ ու հայրենիք սրբացնող, բոլոր ժամանակներում, թեկուզև իր կյանքի գնով, հանուն ՀԱՅՈՑ ՏԱՆ ու ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ թշնամուն հավերժ լռեցնող: Արարիչն ընդ Ձեզ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ արի մարտիկներ:
Karen
Շատ ապրեք
Alec
իսկական հերոսներ
Berge Jololian
Thank you Edik, but this report is not necessary - leave the army alone. It does no good reporting on army activity.
Manan
Փա՜ռք հերոս հայորդիներին:Շնորհակալություն խաղաղ Հայրենիքի և անխռով քնի համար:Աստված ձեզ հետ Ամեն վայրկյան, Միշտ ձեր կողքին, Միշտ պահապան...
Անահիտ
շնորհակալություններս ձեզ ու հայ զինվորին, ...բայց գուցե իսկապես սա ինչ-որ չափով գաղտնազերծում է` տողատակերով
GB
There is no wonder why, that Armenian Army is labeled as the most professional and strong army of South Caucasus. May God bless them all!
Ara Sutlian
What kind of comment you can post that wasn't said about these boys? You can't find words to express an admiration about them, since the nation have already used all the words of gratitude expressing their feeling towards these very dear boys.
Լիլիթ
Շնորհակալ եմ ու հպարտանում եմ Ձեզնով, Ձեր կյանքի գնով պաշտպանում եք մեզ ..Աստված Ձեզ պահապան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։