
Եթե նախկին զինծառայողի վրա «փչացնելու» սպառնալիք չդնեին, այսօր նա բանտում չէր լինի
ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ «Հետքը» եղավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու քննչական սենյակներից մեկում հարցազրույց վարեց 2005 թ-ին 19 տարեկանում ոստիկանի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկին զինծառայող Հայկ Թորոսյանի հետ: Հիշեցնեմ, որ «Հետքը» ուսումնասիրել էր Հայկ Թորոսյանի քրեական գործը:
Հայկը քննչական սենյակ մտավ քիչ կաղալով, «Հետքի» լուսանկարչին բարևեց ոչ թե աջ, այլ ձախ ձեռքով: Աջ ձեռքը գրեթե չի աշխատում: 27 տարեկանում` մեկ ու կես տարի առաջ, նա ուղեղի կաթված է ստացել: Պատմեց, որ հիվանդությունից հետո մի քանի բառ է կարողացել արտաբերել, իսկ հիմա աստիճանաբար խոսքը վերականգնվում է: Հայկը խոսում էր դժվար ու ընդհատումներով: Զգացվում էր, որ մեծ դժվարություն հաղթահարելով է զրուցում մեզ հետ:
-Հայկ, խնդրում եմ մի քիչ պատմեք Ձեր մասին:
-Ծնվել եմ Աբովյան քաղաքում, 5-րդ դասարանից տեղափոխվեցինք Տավուշի Հովք գյուղ, հետո ընտանիքով գնացինք Ռուսաստան, էնտեղ շարունակեցի դպրոցը: Հայրենիք վերադարձանք 2001-ին: 10-րդ դասարանը Հովքում ավարտեցի: Հետո ընդունվեցի ինստիտուտ, իրավաբան պիտի դառնայի: Ես ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը:
-Պատկերացում ունեիք, թե ո՞վ է իրավաբանը, գիտեի՞ք, թե կարևոր ինչ գործեր պիտի կատարեք դատաիրավական ոլորտում:
-Բացարձակ, ոչ մի վեհ պատկերացում չունեի, 16-17 տարեկանում ի՞նչ վեհ գաղափարներ պիտի լինեն մասնագիտության հետ կապված: Դրա համար հասունություն է պետք: Այ, հիմա երբ 9 տարուց ավելի բանտում եմ, հասկանում եմ, թե ինչքան կարևոր է, երբ իրավաբանը ազնիվ, նվիրյալ, անկաշառ է ու իր գործը փայլուն գիտի… 2003-ին զորակոչվեցի բանակ: Երկու տեղ եմ ծառայել, Հոկտեմբերյանում սերժանտական կուրսեր, հետո 2004-ին գնացի Վայք քաղաքի զորամաս:
-2005 թ.-ին տեղի ունեցավ չարաբաստիկ դեպքը, որի հետևանքով Դուք այստեղ եք: Ինչ-որ բան հիշո՞ւմ եք զինվորական ծառայությունից:
-Հիշում եմ… բայց կարևոր բաներ էլ կան, որ մոռացել եմ հիվանդությանս պատճառով: Երբ հիվանդանոցից եկա, խցակիցներիս անգամ չէի հիշում: Հետո կամաց-կամաց սկսեցի մարդկանց ու դեպքերը հիշել:
-Դուք տվել եք ինքնախոստովանական ցուցմունքներ: Անգամ դատավճռի հիմքում, նաև մեղադրանքի Ձեր ինքնախոստովանական ցուցմունքներն են:
-Կրակոցը իմն է եղել, մենակ դա կարող եմ ասել:
-Ձեր փաստաբանն իր Վճռաբեկ բողոքում տասնյակ հանգամանքներ է նշում, որոնք չեն պարզել նախաքննությունն ու դատարանը:
-Բայց դա մահացող ոստիկանի հետ կապ չունի:
-Հայկ, բանակում առևտուր էր գնո՞ւմ:
-Բանակում սովորական առևտուր էր, ինչպես ամեն տեղ:
-«Չաստ նայողներն» ասել էին` գումարը կբերես, թե չէ կփչացնե՞նք:
-Պիտի տանեի հասցնեի գումարը, թե չէ լավ չէր լինի… Դե, ինձ սպառնացել էին: Կային մարդիկ, ովքեր չէին տալիս գումարը ու ոչինչ չէր լինում: Լավ… պատմելու բան չկա…
-Ի՞նչն է խանգարում Ձեզ, որ չեք ուզում խոսել, Հայկ:
-Ոչ մի բան, թաքցնելու բան չունեմ… բառապաշարս դեռ լավ չի: Չեմ կարողանում ճիշտ բառերը գտնեմ: Առաջ միայն «հա» կամ «չէ» էի կարողանում ասել, հետո նորից սովորեցի մյուս բառերը:
-Ի՞նչ վիճակում պիտի դնեն մարդուն, որ 5000 դրամ պարտքը բերելու համար մարդը ստիպված զենք վերցնի ու գնա խանութից գումար ճարելու:
-Էն ժամանակ կարող էին ու լավ էլ անում էին… հիմա չգիտեմ՝ կա՞ նման բան բանակում, թե՞ չէ:
-Մինչ դատապարտվելը ինչ-որ բան գիտեի՞ք ցմահ դատապարտան մասին, բանտի մասին:
-Բանտի մասին գիտեի, բայց ցմահ ազատազրկվածների մասին ոչ մի պատկերացում չունեի: Երևի մի 20-30 հոգու հետ էստեղ շփվել եմ: Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ասում են, որ սխալ են դատվել: Չգիտեմ, իրենց եմ լսել, բայց դատավորներին չեմ լսել:
-Օրինակ` Ձեզ ճի՞շտ են դատապարտել, Դուք, 19 տարեկան սերժանտ լինելով, դեռ կարելի է ասել երեխա, պետական մարմին բանակում ծառայող, արժանի՞ էիք ցմահ դատապարտման:
-Անկեղծ եք ուզում լսել… հա, ճիշտ են դատել, ես մարդ եմ սպանել:
-Բայց դատարանը հաշվի չի առել այն հանգամանքները, որոնք բերել են հանցանքների շղթայի: Ձեր փաստաբանն ասում է, որ Դուք` ինքներդ եք զոհ այս պատմության մեջ:
-Ի՞նչ կապ ունի… սպանված մարդը ի՞նչ կապ ունի իմ խնդիրների հետ:
-Ի՞նչ գիտեք, թե Ձեր կրակոցից է սպանվել նա: Չէ՞ որ Ձեր փաստաբան Մանվել Վարդանյանն անգամ կասկածի տակ է դնում այն, որ ոստիկանը սպանվել է Ձեր արձակած կրակոցից: Մի գնդակը կորել է, մյուսը դեֆորմացված է եղել:
-Փաստաբանը լավն է… իմ ասածը ուրիշ է՝ ես եմ վերցրել զենքն ու սպանել այդ մարդուն: Ես հանգամանքների հետ գործ չունեմ:
-Եթե Ձեր վրա նվաստացուցիչ սպառնալիքը չդնեին, Դուք կվերցնի՞ք զենքն ու 5.000 դրամ գտնելու հույսով դուրս կգայի՞ք խանութ:
-Բնականաբար, ոչ…
-Դատարանն էլ հենց նրա համար է, որ պատճառահետևանքային կապերը, հանգամանքներն ու ապացույցները քննի:
-Էդ ամենը թողնենք իրավաբաններին: Ես ասում եմ այն, ինչ զգում եմ իմ ներսում: Ասում եմ՝ մարդ եմ սպանել, ու կապ չունի ինձ համար, թե ինչն է բերել նրան, որ ես կրակեմ մարդու վրա: Ինչ կապ ունի իմ հոգու համար պատճառահետևանքային կապը (վերջին արտահայտությունը դժվար է արտասանում-հեղ.)… Ես մարդու կյանք եմ խլել:
-Կանխամտածվա՞ծ:
-Ոչ, կանխամտածված չի եղել, բայց դրա հետ արդեն ես կապ չունեմ, դա պետության գործն է, դա քրեական օրենսգրքով: Իհարկե, կուզեի, որ ինձ սրոկ տային, օրինակ 15 տարի: Ես ինձ հարց եմ տվել՝ էդքան անուղղելի եմ, որ ինձ ցմահ ուզում են մեկուսացնեն մարդկանցից: Բայց պատասխանը չունեմ:
-Այսինքն՝ Դուք Ձեր ներսո՞ւմ եք Ձեզ ցմահ դատապարտել:
-Ապրեք… դա էի ուզում ասել: Չեմ ասում, որ պիտի դուրս չգամ, կարող է շուտով էլ դուրս գամ, բայց պատիժը ճիշտ է, ես էդպես եմ մտածում: Ես ես եմ, ես ցմահ դատապարտյալ Հայկն եմ, ես պետության հետ գործ չունեմ:
-Հիշո՞ւմ եք ինչպես եկաք բանտ: Ո՞նց Ձեզ ընդունեցին: Որևէ բռնություն կիրառվե՞լ է:
-Ոչ մի բռնություն… եկա անորոշ կամեռ, լավ էր, չնայած 8 հոգի կային խցում: Մոտ 4 ամիս հետո մի քանի դատ արեցին ու ինձ դատապարտեցին ցմահ ազատազրկման:
-Երբ Ձեզ տեսան ձեր խցակիցները, չզարմացա՞ն, որ 19 տարեկան երեխա են բերել ցմահների խուց:
-Չզարմացան… երկու հոգի էլ կային իմ պես, էլի 19 տարեկան զինվորներ: Նրանք իրենց հետ ծառայողի սպանության գործով են ցմահ նստած: Պատկերացրեք` զինվոր են իբր ծեծել, հետո իրենք իրենց ձեռքով բժիշկ են կանչել: Ու նման գործով էլի ցմահ են դատապարտել:
-Ինչի՞ց վատացաք մեկ ու կես տարի առաջ, մտածո՞ւմ էիք, որ անազատության մեջ եք, դա՞ էր ապրումների, առողջության վատացման պատճառը:
-Եթե մտածմունքներից լիներ, առաջին տարիներին կլիներ, երբ ամեն օր վատ ապրումների մեջ էի… Ձեռքս լավ չէր աշխատում, դրսից բժիշկ կանչեցինք, դեղեր ու սրսկումներ նշանակեց: Բայց ես կասկածում էի, որ պապայիս պես ինսուլտ եմ ստացել: Դեղերը խմում, ավելի էի վատանում, հետո կես-կես խմեցի դեղը: Մի տարի ու կես առաջ ինսուլտ եղավ: Գիշերն արթնացա, զգացի՝ չեմ կարողանում խոսել, աջ ձեռքս ու ոտքս չեմ կարողանում շարժել: Խցակիցներս կանչեցին ֆելդշերին, բժշկին, հետո շտապօգնություն ու ինձ տեղափոխեցին «Էրեբունի» հիվանդանոց: Էնտեղ մնացի 1 ամիս: Համարյա 6-7 տարի 2 ցմահ դատապարտյալի հետ եմ ապրել: Իրենք գիտեն նախկին Հայկի, իրենք գիտեն, որ ես էսպես չէի: Հիմա տղերքն օգնում են ինձ: Չէի կարողանում լողանալ, հաց ուտել ինքնուրույն, իրենք էին անում: Հիմա քիչ-քիչ սովորում եմ խոսել, ինքնուրույն լինել: Մի երկու տող կարող եմ կարդալ, բայց 3-րդ տողն արդեն փախչում է աչքերիցս:
-Իսկ Ձեզ տարե՞լ են «Դատապարտյալների հիվանդանոց», անո՞ւմ են վերականգնողական վարժություններ, որ աջ ձեռքը վերականգնվի:
-Չէ, չկա նման բան, ոչ մի վերականգնողական աշխատանք: Բժիշկները գալիս են, ինձ ստուգում են էստեղ: Մի քանի ամիս առաջ էլի «Էրեբունի» հիվանդանոցից էին կանչել: Դեղեր նշանակեց ու գնաց: Մամաս ա առնում դեղերը: Հաշմանդամությանս ամբողջ գումարը, մի բան էլ ավելի, գնում ա դեղերիս վրա: Ամեն օր, առավոտ ու իրիկուն 3 անուն դեղ եմ խմում:
-Հետոն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Չեմ պատկերացնում, որովհետև… չեմ ուզում ասել… Ո՞նց կարող եմ ինձ ազատության մեջ պատկերացնել: Կարող եմ երևակայել ընդամենը: Բայց մի բան է պատկերացումը, մի այլ բան, որ չեմ տեսնում ազատության հույսը:
-Իսկ եթե փոխվի ինչ-որ բան…
-Գիտե՞ք քանի անգամ են պաշտոնյաներ, պատգամավորներ, դիտորդներ եկել, իմա՞ստը, ոչ մի փոփոխություն:
-20 տարի անց կա պայմանական ազատվելու հնարավորություն: Բայց այն չի կիրառվում: Ինչո՞ւ պետությունը չի գնում դրան:
-Մի 10 տարի էլ կսպասեն ու կթողնեն, ով սաղ կլինի, ով մեռած: Իսկ 18-20 տարեկան մարդուն ցմահ դատապարտելը չափից ավելի է: Կարելի է պատիժները փոխել: Արդեն 10 տարի ա ստեղ եմ, երևի մի 10 տարի էլ կմնամ, բայց, դե, մարդ ես, կարող ա շուտ թողնեն: Չնայած մարդը սովորում ա ամեն բանի:
-Կա՞ն մարդիկ, ովքեր ընդհանրապես պիտի էստեղ չլինեին, Ձեր կարծիքով: Օրինակ՝ այլ երկրներում գործեր են վերաբացվում, մարդիկ հաճախ ճանաչվում են անմեղ:
-Կան, իհարկե: Մի 30 հոգու հետ եմ շփվել, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր պիտի էստեղ չլինեին, կարծում եմ, կան մարդիկ, ովքեր դեռ երկար պիտի մնան փակված: Բայց, դե՛, մարդ ես, կարող ա խաբուսիկ ա իմ տպավորությունը:
-Հոգեբանները գտնում են, որ 7 տարի անց պատժի ազդեցությունը անցնում է: Ի՞նչ եք կարծում:
-Դա ամեն մարդուց է գալիս: Հաղորդում եմ նայել՝ Անգլիայում ուսումնասիրություն էին արել, որ ծանրագույն հանցանքների համար դատապարտված մարդիկ դուրս գալուց հետո էլ հանցանք չեն անում: Ավելի են գնահատում անգին ազատությունը:
-Հիմա եթե ազատության մեջ լինեիք, ի՞նչ կանեիք:
-Լավ հարց էր… Տուն կգնայի, մաքուր օդին: Առաջ, երբ հիվանդ չէի, մտածում էի, որ դուրս կգամ ու կգնամ Ռուսաստան, բայց հիմա ոչ մի Ռուսաստան:
-Ի՞նչ կուզեիք հիմա:
-Կուզեի առողջ լինեի, բայց դե՛, որ կորավ առողջությունս, ի՞նչ արած: 5 տարի հետո լավ կլինեմ: Ի՞նչ ուզեմ էլ. պատկերացնեմ, որ դո՞ւրսն եմ, չէ, չի լինում:
-Ձեր մայրիկի հետ հարցազրույց արեցի, ասաց, որ շատ գրքեր էիք կարդում, հիմա չեք կարողանում կարդալ:
-Հիմա գրքերը ոչ թե կարդում եմ, այլ լսում: Դնում եմ դիսկերն ու լսում: «Հարի Փոթերի» 7 հատորն եմ լսել: «Մատանիների տիրակալն» եմ լսել: Համ էլ, բլոտ ենք խաղում, ճիշտ ա, ես չեմ բաժանում, բայց խաղում եմ տղերքի հետ… Լավն են էստեղ մարդիկ, աշխատողները:
-Ինչպե՞ս ապրեցիք այս տասը տարիներին:
-Հիմա զբոսանք կա, էն ժամանակ չկար: Չնայած 1 ամիս ա չեմ կարողանում գնալ, վատ եմ զգում, ոտքս, ձեռքս լավ չեն: Ոչինչ, կլավանամ, էլի կգնամ զբոսանքի:
-Ո՞վ է գալիս Ձեզ այցելության:
-Մամաս, մորաքույրս, քույրս, հայրս մահացած է, հայրս ինսուլտից է մահացել…
-Ի՞նչն է Ձեզ ապրեցնում: Հավատը՞…
-Հավատից անցանք… հավատ չկա: Երբ հիվանդ չէի, էլի հավատը չկար: Իմ հետ կատարված դեպքից հետո հավատը մեռավ: Մինչև դեպքը հավատում էի: Աստված մեջս խափանվեց: Տեր Գրիգորը հիմա խուց է մտնում, ես դուրս եմ գալիս սենյակից: Բանավիճել ենք մի անգամ:
-Մտածե՞լ եք Ձեր ընտանիքը ունենալու մասին:
-Միշտ մտածել եմ, կուզեի երեխաներ ու կին ունենայի: Բայց ես էստեղ եմ: Ես ունեի սիրած աղջիկ, ով ուզում էր ինձ հետ լիներ: Տարին 1-2 անգամ կտեսնվեինք, բայց հիվանդացա ու էլ չուզեցի ամուսնանալ: Մտածեցի, որ ինքն իրեն դժբախտ կզգա: Էդպես ես չէի կարող երջանիկ լինել… Բացվեց լեզուս, էսքան երկար խոսացած չկայի: Ոչնիչ, 2 տարի հետո ավելի լավ կխոսեմ:
Լուսանկարները Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել