
What's Going On. Ամերիկյան երազանքի և իրականության միջև
Նաիրա Հայրապետյան
What’s Going On ՝ Ի՞նչ է կատարվում. այսպես է կոչվում ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր և գործիքավորող Մարվին Գեյի 11-րդ ստուդիական ալբոմը` թողարկված 1971թ. մայիսի 21-ին: Նա այն ժամանակի դեմքն էր՝ իր խորը կնճիռներով և անառողջ հոգեբանությամբ:
Հարցազրույցներից մեկում արտիստը, խոսելով արվեստի՝ մասնավորապես երաժշտության մեջ արդեն ներթափանցած հասարակական-սոցիալական խնդիրներին առնչվող թեմաների մասին, ասում է. «1969 թվականն էր, թե՞ 70-ը. ստույգ չեմ հիշում, ես սկսեցի վերանայել իմ` մինչ այդ ունեցած պատկերացումները և այն ամենը, ինչ ցանկացել էի ասել երաժշտության միջոցով: Ես խորապես ազդված էի իմ եղբոր նամակներից: Նա Վիետնամում էր: Ինձ հուզում էր նաև մեր տանը տիրող մթնոլորտը: Եվ ես հասկացա, որ պետք է իմ երևակայությունը մի կողմ թողնեմ, եթե ուզում եմ, որ իմ երգերը հասնեն մարդկանց, դիպչեն նրանց սրտերին: Ես ցանկացա նրանց տեսանելի դարձնել այդ ամենը, որ մարդիկ վերջապես հասկանային, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում »: Այս մտահոգություններն են ձևավորել ալբոմի գաղափարական ուղղվածությունը: «Ինչպե՞ս կարող եմ շարունակել սիրո մասին երգել, երբ աշխարհն իմ կողքին ուղղակի պայթում է»,- հաճախ էր հարցնում նա ինքն իրեն:
Աշխարհում տիրող այդ գորշ մթնոլորտից բացի` այս ալբոմում հստակ ուրվագծվել են սոուլ երաժշտության նոր տենդեցներն ու ռիթմենդբլյուզի հիմքերը: «What's Going On» կոնցեպտուալ ալբոմը ունեցավ մեծ պահանջարկ վայելող սինգլներ` "What's Going On", "Mercy Mercy Me (The Ecology) և "Inner City Blues (Make Me Wanna Holler)-ը մեծ հաջողության արժանացան և՛ կոմերցիոն, և՛ քննադատական տեսանկյուններից:
««What's Going On»-ով Մարվին Գեյը խորհում էր այն մասին, թե ինչի վերածվեց «Ամերիկյան երազանքն» անցյալում՝ քաղաքային կյանքի անկման, էկոլոգիական սուր խնդիրների, զինվորական սանձարձակության, ոստիկանական բռնությունների, աղքատության և գործազրկության հետքերով ,- գրել է երաժշտական մեկնաբան Ջոն Բուշը,- «What's Going On»-ը սոսկ պատերազմից տուն վերադարձած և այն տարօրինակ վիճակներում գտած մոլորված զինվորի հարցը չէ, այն նաև խոստում է՝ ուղղված ունկնդրին, որ պետք է տեղ հասցնի այն, ինչ նա լսում է»:
Ալբոմը նաև հերթական հարվածն էր՝ ուղղված ռասսայական կարծրատիպերին և խտրականությանը, որոնք շարունակում էին տիրել ամերիկյան իրականությունում: Նույնիսկ տասնյակ տարիներ անց՝ 2004թ.-ին, երբ աշխարհահռչակ «Rolling Stone» ամսագիրը իրականացրեց իր խոշոր հարցումը՝ բոլոր ժամանակների լավագույն երգերն ընտրելու նպատակով, հանրության տպավորությունը ցնցող էր. համանուն «What's Going On» -ը, 500 այլ մեծագույն երգերի շարքում չորրորդ տեղում էր: Այս դիրքը վերահաստատվեց նաև 2011թ.:
Մեկնաբանել