Հանեք հայրենասիրության բաճկոնը եւ փոխեք օրենքը
Առաջնագծի դիրքերից մեկում ավարտել էինք հանդիպումը եւ պիտի մեկնեինք, կապիտան Հայկ Սարգսյանը մի կողմ քաշելով հարցրեց` կարո՞ղ է անձնական մի խնդրի մասին խոսել հետս: Ասացի՝ իհարկե:
Հայկ Սարգսյանը 17 տարի բանակում է: Երկար տարիներ «Եղնիկներում» էր, հիմա Մարտակերտի ուղղության դիրքերում: Ընտանիքը վարձով ապրում է Մարտակերտում, շուտով ծնվելու է երկրորդ երեխան: Ծնունդով մարտակերտցի է Հայկը: Ունի երկու եղբայր, նրանք էլ իրենց ընտանիքներով՝ երկուական երեխաներով, ապրում են Մարտակերտում: Ապրում են հորական սեփական երկհարկանի տանը: Հայկն էլ է գրանցված այդ տանը, երկու եղբայրներն էլ: Բայց քանի որ երեք ընտանիքով մի տան մեջ չեն կարող ապրել, նա բնակարան է վարձել: Սպաների ծառայության վայրում բնակարանի հարցը պարտավոր է լուծել պետությունը: Հայկը չի կարողացել բնակարանի համար հերթագրվել, որովհետեւ իր հորական տանը գրանցված յուրաքանչյուրին հասնում է 7 քմ , իսկ բնակարան հերթագրվելու համար պետք է դրանից քիչ լինի: Սա մեր օրենսդիրներն են նստել-մտածել՝ ինչպես անել, որ սպան հնարավորություն չունենա բնակարան ստանալու: Բայց սա օրենսդիրների միակ «հնարամտությունը» չէ: Սպայի բնակարանի վարձակալության համար պետությունը վճարում է այն դեպքում, եթե նա հեռու է իր բնակավայրից նվազագույնը 30 կմ: Երբ Հայկը «Եղնիկներում» էր, նրան հասնում էր վարձակալության համար նախատեսված գումարը, իսկ հիմա Մարտակերտում է գտնվում իր զորամասը, եւ նրան այդ գումարը չի հասնում:
Կապիտան Հայկ Սարգսյանին հարցնում եմ՝ հրամանատարը գիտի՞ այս մասին, ասում է՝ ոչ, նա կապ չունի: Հարցնում եմ՝ նախարարին ասել ես, ասում է՝ ոչ: Ինչո՞ւ չես ասել՝ իմաստ չունի, օրենքն է այդպիսին, հո օրենքը չի խախտելու:
Նույն օրն այս մասին խոսում եմ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Նա խորը հոգոց է հանում ու ասում,որ ինքն ամեն ինչ արել է օրենքիայդ կետերը փոխելու համար, բայց ոչնչի չի հասել: Նախարարն ասաց, որ նույնիսկ մի քանի անգամ օրենքը խախտել է: Պարզվեց նաեւ, որ Հայկ Սարգսյանի դեպքը եզակի չէ, նման վիճակում գտնվող սպաների թիվը մեծ է:
Խորհրդարանում ունենք 131 պատգամավոր, նրանց մի մասը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունների ժամանակ հայրենասիրության առանձնահատուկ դրսեւորումներով աչքի ընկան: Կամուֆլյաժներով այցելել են դիրքեր, ճաշել են զինվորների հետ, «հետ են մղել» հակառակորդի դիվերսանտներին (սա, իհարկե, իրենց երազներում), ասել են, որ իրենք առաջնագծի զինվորի թիկունքում կանգնած են եւ այլն: Առաջնագծում էին նաեւ վարչապետը, կառավարության անդամները: Այսինքն այն «ծաղկեփունջը», ով հեղինակել եւ հաստատել է այդ օրենքը:
Հիմա դիրքեր այցելած պաշտոնյաները հնարավորություն ունեն իրենց հայրենասիրությունը դրսևորել: Փոխեք օրենքի այդ կետերը: Հայոց բանակի սպան պետք է ապահովված լինի բնակարանով, իսկ ծառայության վայրում նրա բնակարանային կարիքները պարտավոր է լուծել պետությունը, անկախ այն բանից՝ սպան ունի հայրական տուն, թե՝ ոչ, եւ ծառայության վայրից որքան հեռավորության վրա է գտնվում նրա գրանցման հասցեն:
Չգիտեմ՝ վարչապետը կնախաձեռնի այս փոփոխությունները, թե՝ ոչ, բայց 131-ից գոնե մեկը պարտավոր է դա անել: Հայրենասիրության բաճկոնը հանեք ձեր վրայից եւ փոխեք օրենքն առանց հայրենասիրական ելույթների, աննկատ, որովհետեւ ամոթ է, որ այս խնդրի մասին ձեզնից ոչ մեկը մինչեւ հիմա չի բարձրաձայնել: Դա նշանակում է ձեր բոլոր այցերն աննպատակ ու ձեւական բնույթ են կրել, եթե մի սպայի հետ երբեւէ չեք խոսել իր խնդիրների մասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել