
Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալները կշարունակեն մնալ բանտում
Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, ովքեր մոտ 10 ամիս կալանքի տակ են նախորդ տարվա նոյեմբերից, կշարունակեն մնալ անազատության մեջ: Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց 13 ամբաստանյալներից երկուսի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին: Երկու ամբաստանյալների հարազատներն էլ պատրաստակամություն էին հայտնել գրավ փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին: Արմեն Հովհաննիսյանի խնամքին 3 անչափահաս երեխա կա, իսկ Տիգրան Պետրոսյանի խնամքին՝ հիվանդ հայր:
Փաստաբան Զաքարյանը նշեց, որ իր պաշտպանյալներին վերագրված արարքները, որոնք նախաքննության մարմինը դրել է մեղադրանքի հիմքում, հերքվել են դատարանում հետազոտված ապացույցներով: Օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նա հրել է երկու ոստիկանի՝ Գեղամ Խաչատրյանին և Արա Մարտիրոսյանին՝ պատճառելով նրանց ֆիզիկական ցավ: Սակայն դատարանում Արա Մարտիրոսյանը հերքել է, որ իրեն Արմեն Հովհաննիսյանն է հրել: Ըստ փաստաբանի, միայն Գեղամ Խաչատրյանի վկայությունը չի կարող հիմք լինել, քանի որ այն չի հիմնավորվել գործով ձեռք բերված այլ ապացույցներով:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդություններին: Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ այս գործով տուգանքից մինչև 5 տարվա սանկցիաներ են նախատեսված, բայց մոտ 10 ամիս մարդիկ կալանքի տակ են. «Պատվեր է իրականացվում, տեսնում ենք, որ բոլոր ամբաստանյալների նկատմամբ ընտրվել է ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը: Գոնե որոշ դեպքերում կարելի է այլ վերաբերմունք դրսևորել»,- նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Դատախազ Գևորգյանը առարկեց պաշտպանական կողմի միջնորդությանը՝ նշելով, որ առկա է կասկած, որ ամբաստանյալները կխոչընդոտեն դատաքննությանը՝ լինելով ազատության մեջ:
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ներկայացվեցին ամբաստանյալների կենսագրությունները, պատվոգրերը: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տասնյակից ավելի պատվոգիր ներկայացրեց, որոնք 1999- 2013 թթ.-ներին ստացել էր իր պաշտպանյալ Վարդան Վարդանյանը:
Դատական նիստին մերժվեց ևս մեկ միջնորդություն, որը վերաբերում էր ամբաստանյալ Հայկ Հարությունյանին: Նրա փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը 1993 թ.-ին «Արծիվ 4» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը: «Սակայն ՊՆ-ից պատասխան ենք ստացել, որ արխիվում չեն պահպանվել փաստաթղթեր, որոնք կվկայեն Հայկ Հարությունյանի՝ սահմանների պաշտպանությանը մասնակցած լինելու մասին: Ուստի միջնորդում եմ դատարան հրավիրել 5 անձանց, ովքեր կվկայեն, որ Հայկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը»,- ասաց փաստաբանը:
-Թող կանչեն վկաներին, եթե դա կօգնի Հայկին,- ասաց Շանթ Հարությունյանը:
-Հայկը, էստեղ նստած տղաները չեն գնացել սահման պահելու, որ հետո թուղթ ստանան,- շեշտեց Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած, այսօր ամբաստանյալի աթոռին հայտնված, 5 երեխաների հայր Ալեք Պողոսյանը:
-Հայկը ծառայել է նաև իմ ղեկավարության տակ «Արծիվ 4» կամավորական ջոկատում,- ընդգծեց Վարդան Վարդանյանը:
-Հարգելի դատարան, եթե բավարար է Վարդան Վարդանյանի հայտարարությունը, խնդրում եմ դա հիմք ընդունեք, 5 վկաների դատարան գալը կերկարացնի դատական պրոցեսը,- նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Դատախազը առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ վկաները մեղադրանքի ծավալին վերաբերող որևէ նյութ չեն կարող հայտնել:
Դատարանը մերժեց միջնորդությունը:
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին:
Մեկնաբանել