
Գյուղվարչության պետը մարզպետին բարկացրեց
Երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճ էր հրավիրել Թումանյանի տարածաշրջանի 30 և Ալավերդի քաղաքի համայնքապետերին: Մարզպետը մինչ խորհրդակցությունը սկսելը լրագրողներին տեղեկացրեց, որ իր հրավիրած խորհրդակցության աշխատանքներին կարող են մասնակցել միայն առաջին 15 րոպեներին:
Նա հայտարարեց, որ Թումանյանի տարածաշրջանի համայնքապետերի հետ սա իր առաջին պաշտոնական հանդիպումն է. «Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ մարզի բոլոր համայնքերում եղել եմ, հանդիպել եմ համայնքապետերի հետ, բայց Թումայանի տարածաշրջանը մնաց վերջում, որովհետև ինձ համար սա ամենածանր տարածաշրջանն է: Համայնքապետերին բոլորին մոտիկից ճանաչում եմ, շփվել և ընկերություն եմ անում մինչև օրս: Իմ այսօր ձեզ հանդիպելու նպատակը մեր բացթողումների մասին խոսելն է»:
Մարզպետը համայնքապետերին հիշեցրեց, որ աշնանացանն արդեն ավարտվում է եւ ասաց, որ ուզում է տեղեկանալ տարածաշրջանի գյուղական համայնքերի աշնանացանի ընթացքին և այս տարվա բերքատվության ցուցանիշներին. «Երկրորդ հարցը, որ պետք է անդրադառնանք, դա համայնքային բյուջեների սեփական եկամուտների կատարման վիճակին է վերաբերում»:
Մարզպետ Նալբանդյանը գյուղապետերին խնդրեց նախ տեղեկացնել, թե այս տարի գյուղմթերքների իրացման հետ կապված համայնքներում ինչ խնդիրներ են եղել: Տեղեկատվություն հաղորդելու դերը ստանձնեց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը, ում ղեկավարած համայնքի 1300 հա վարելահողերից հազիվ 25 հա-ն է մշակվել, այն էլ հարևան արևածագցիների կողմից` վարձակալությամբ:
«Պահանջարկ կա, նորմալ ա»,- ասաց Օձունի գյուղապետը:
«Բայց նախորդ տարիների համեմատ՝ բերքն էլ է շատ եղել, չէ՞»,- հարցրեց մարզպետը:
«Կամաց պահանջարկն էլ ա մեծանում, ամեն օր գալիս են ցորենի ու եգիպտացորենի հետևից»,- պատասխանեց Օձունի համայնքապետը:
Թե իր ղեկավարած համայնքի չվարած ու չցանած ո՞ր վարելահողերի ո՞ր բերքով է պահանջարկ բավարարում, Օձունի համայնքապետը չասաց: Իսկ նորանշանակ մարզպետն այս կարևոր հանգամանքը շրջանցեց:
Արթուր Նալբանդյանը համայնքապետերին ասաց, որ այս տարի կառավարության իրականացրած գյուղատնտեսական ծրագրերն իրենց արդարացրել են: Այս տարի կառավարությունը էլիտար ցորենի սերմ քիչ է ներկրել, քանի որ Հանրապետության վերարտադրության ցորենի սերմի քանակով կառավարությունը կարողացել է մարզերին սերմացու տրամադրել:
Լոռու մարզպետարանը կառավարությունից ստացել է 261 տոննա առաջին վերատադրության ցորեն: Հատկացված քանակից համայնքերում դժգոհություն է առաջացել, դժգոհ է մնացել նաև մարզպետը:
«Քանի որ մեր հնարավորությունը այդքանն էր, մենք 1 հա-ի համար, ըստ համայնքերի, հատկացրինք 40 կգ ցորեն»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Նա նշեց, որ սերմացու ցորենի բաժանման ժամանակ որևէ համայնքի նկատմամբ բացառություն չի կիրառվել: Ըստ մարզպետի՝ սերմացու ցորեն տրամադրելու ժամանակ կառավարւթյունը հաշվի է առել այն փաստը, թե մարզում ինչ կարգի վարելահողերի վրա ինչ կարգի ցորեն է ցանվել:
«Հիմա ունենք գյուղեր, որ տարիներ շարունակ մարդիկ ցորենի արտադրությամբ են զբաղվել, այսօր դժգոհում են: Իսկ նրանց բավարար քանակությամբ սերմացու ցորեն չէինք կարող տալ, որովհետև այդ դեպքում մի քանի գյուղեր դուրս էին մնում»,- ասաց մարզպետը:
Արթուր Նալբանդյանն անդրադարձավ նաև էլիտար ցորենի սերմացուի բաշխմանը: Պարզվեց, որ կառավարությունն ունեցել է Էլիտար ցորենի մեծ քանակության սերմացու, սակայն բոլոր մարզերը սկսել են դրանից հրաժարվել՝ պատճառաբանելով, թե էլիտար սերմացուի մշակման պայմանները մի քիչ ավելի խիստ են: Բացի դրանից, ինչպես նշեց մարզպետը, այդ սերմացուն կառավարության կողմից տրվում էր միայն 7 հա վարելահող ունեցող ֆերմերներին, ովքեր գարնանը 1-ին 2 հարաբերակցությամբ ցորենը պետք է վերադարձնեն կառավարությանը:
«Մենք 15 տոննա էլիտար ցորենի սերմացու ունեինք և համայնքների ղեկավարներին խնդրում էինք, որ այդ ցորենը ցանեն: Հիմա մեր ձեռքի տակ ունենք 5 տոննա էլիտար ցորեն»,- ասաց մարզպետը:
Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն էլ, օգտվելով առիթից, համայնքապետերին ասաց. «Եթե ցանկացողներ կան, կարող են գալ էլիտար սերմացու ցորեն տանել»:
Ի պատասխան՝ մարզպետ Նալբանդյանը հարցրեց. «Բայց մի վայրկյան, այսքան ժամանակ գյուղապետերին չե՞ք ասել, որ սերմացու ցորեն կա, նո՞ր եք գյուղապետերին ասում: Բա ինչո՞ւ եք սերմացու տանելու կարգին գյուղապետերին նոր ծանոթացնում»:
«Առաջին վերատադրության համար եք մեզ ասել, էլիտարի համար մեզ բան չեք ասել»,- տեղերից գյուղվարչության պետին ասացին մի քանի գյուղապետեր:
«Հիմա մենք ունենք մոտ 10 տոննա Էլիտար ցորեն, որ մեր մարզին ա տված, ովքեր ցանկանում են, կարող են դակումենտներով գնալ մեր գյուղվարչություն, պայմանագիր կնքել և ստանալ ցորեն»,- հայտարարեց մարզպետարանի գյուղվարչության պետը:
«Գյուղվարչություն չէ, գյուղնախարարություն»,- տեղից նրան ուղղեցին գյուղապետերը:
«Մի վայրկյան, էլի, գյուղնախարարությունից ումի՞ց են ստանալու ցորենը, գիտե՞ն այս մարդիկ: Իսկ քեզ երբ եմ ասել` զգուշացրեք այս մարդկանց, որ ցորենի էլիտար սերմ ունենք՝ ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում: Զանգե՞լ եք որևէ մեկին: Հիմա երկու համայնքի ղեկավար ասում են՝ ինֆորմացի չեն ունեցել, իսկ Դուք ինձ համոզում եք, թե էլիտար սերմ կա, ու էս մարդիկ չեն ուզում: Հիմա 5 տոննա լրացուցիչ սերմացու են մեզ տվել, էս մարդիկ ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում այդ սերմացուից: Մի հատ զանգեիք, հարցնեիք: Չէ՞ որ մեր վերջին խորհրդակցության ժամանակ Ձեզ հանձնարարեցի համայնքի ղեկավարներին տեղեկացնել»,- գյուղվարչության պետ Հակոբյանի վրա զայրացավ մարզպետը:
«Միշտ զանգում եմ, խնդրում եմ բոլորին: Էն ժամանակ մենք 7 տոննա սերմացու ունեինք»,- արդարացավ գյուղվարչության պետը:
«Որևէ մեկիդ տեղեկացվե՞լ է էլիտար ցորենի մասին»,- գյուղապետերին հարցրեց մարզպետը և պատասխան չստանալով՝ ասաց. «Լավ, ես այս հարցին դեռ կանդրադառնամ»:
Նա էլիտար ցորեն ուզող համայնքապետերին հանձնարարեց ներկայանալ մարզպետարան` խնդիրը տեղում լուծելու համար:
Մարզպետը համայնքապետերին հայտնեց նաեւ, որ մարզը սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշով վերջին տեղում է: «Ընդամենը 74 տոկոս սեփական եկամուտներ ենք հավաքագրել»,- ասաց մարզպետը և լրագրողներին հիշեցրեց, որ խորհրդակցության դահլիճը պետք է լքել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել