
Երկու տարի կալանքի տակ` 35 անգամ փոփոխված ցուցմունքներով
Քրեական հետապնդման պատմություն ընտանիքի նկատմամբ
55-ամյա Հակոբ Թոսունյանը, ով երկու տարի է` կալանքի տակ է, նախկինում սրտի կաթված է ստացել, ունի արյան բարձր ճնշում` սրտի սնուցման խանգարումով, աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի հիվանդություններ, դիսպանսեր հսկողության տակ է, ընդունում է դեղորայքային տարբեր բուժումներ: Այս ամենը թեպետ հաստատվել է փաստաթղթերով, այդուհանդերձ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժում է խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին նրա փաստաբան Վահագն Մանուկյանի միջնորդությունները:
Դատարանի մերժման որոշման մեջ նշված է. «Պաշտպան Մանուկյանի կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելիս դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հ. Թոսունյանն ունի մշտական բնակության վայր և աշխատանք, նախկինում դատված և արատավորված չի եղել, օրինապաշտ քաղաքացի է, ընտանիքի հոգատար հայր, սակայն գտնում է, որ դրանք հանդիսանում են ամբաստանյալ Հ. Թոսունյանի անձը բնութագրող հանգամանքներ և ինքնին չեն կարող նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հիմք հանդիսանալ: Բացի այդ, դատարանը հաշվի է առնում նաև ամբաստանյալ Հ. Թոսունյանի առողջական վիճակը, սակայն միևնույն ժամանակ փաստում է, որ վերջինս կալանքը կրում է օրենքով նախատեսված տեղում և պայմաններում»:
Թոսունյանների նկատմամբ քրեական հետապնդման պատմությանը «Հետքը» անդրադարձել է: Հակոբ Թոսունյանը մեղադրվում է նրանում, որ ոմն Նոնա Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է տալ սուտ ցուցմունք 2010թ. Քաջարան քաղաքում տեղի ունեցած Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ: Թոսունյանին ձերբակալերու համար հիմք է ծառայել հենց Նոնա Հարությունյանի ցուցնումքը: Այնինչ Նոնան մոտ 35 անգամ փոխել է ցուցմունքները ու իրարամերժ տեղեկություններ հայտնել:
100.000 դոլարի կաշառքի մասին փաստը երբեք չի հիմնավորվել
Կալանքը պարբերաբար երկարացնելու որոշումների մեջ պարբերաբար կարդում ենք 100.000 դոլար կաշառքի հանգամանքի մասին, որն իբր Հակոբ Թոսունյանը տվել է պաշտոնատար անձանց: Դա է եղել նրան կալանքի տակ վերցնելու ու պահելու հիմնական պատճառը: Սակայն Գևորգ, Կարապետ և Ջորջ Թոսունյանների` սպանությանը մասնակցելու վերաբերյալ քրեական գործի դատաքննության վերջին նիստի ժամանակ ամբաստանյալ Սահակ Սահակյանի (Գրիգոր Պապյանի սպանության համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման) մայրն ու եղբայրը ներկայացրած դիմումներով հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, մամուլին հայտնած տեղեկություններից: Տուժող, 2010թ. Քաջարանում սպանված Գրիգոր Պապյանի մայրը դատարանում հետազոտված վերջին նախաքննական ցուցմունքով նույնպես հերքել է իր սկզբնական ցուցմունքները` Հակոբ Թոսունյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալու մասով: Ավելին, նա նշել է, որ կաշառքի մասին իմացել է քաղաքում պտտվող լուրերից:
Անհասցե նամակ վկա հրավիրելու մասին
Պաշտպանական կողմը կարծում է, որ Հակոբ Թոսունյանին որդու հետ բերման ենթարկելու որոշումից սկսած`յուրաքանչյուր գործողություն օրենքի շրջանակներից դուրս է եղել: Բանն այն է, որ երկու տարի առաջ սեպտեմբերի 1-ին քննիչ Ռոման Սարդարյանը փոստով ծանուցագիր է ուղարկել Հակոբ Թոսունյանին, որ նա ամսի 5-ին, ժամը 12:00-ին որպես վկա ներկայանա հարցաքննության: Սակայն, չունենալով Հակոբ Թոսունյանին պատշաճ ծանուցելու մասին ապացույց, որոշում է կայացրել վերջինին բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության ԿՀԴՊ պաշտոնատար անձինք սեպտեմբերի 6-ին լուսաբացին ներխուժել են Թոսունյանների բնակարան և որդու` Կարապետ Թոսունյանի հետ տեղափոխել Երևան: Ժամը 14:00-ից սկսած` Թոսունյանները զրկված են եղել ազատությունից, ազատ տեղաշարժվելու իրավունքից: Հակոբ Թոսունյանին շուրջ տասը ժամ ապօրինի կարգով պահել են ԿՀԴՊ վարչությունում: Միայն ժամը 23:00-ին է Հակոբ Թոսունյանը ձերբակալվել, իսկ հետագայում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քրեական գործի նյութերում առկա է Հակոբ Թոսունյանին հասցեագրված փոստային ծանուցագրի անդորրագիրը, որից երևում է` նամակն անհասցե է, ընդամենը գրված է «Հայաստան»:
Փաստաբանը գրավոր հարցմամբ պարզել է, որ նամակը փոստային բաժանմունքում մուտք է եղել այն ժամանակ, երբ Հակոբ Թոսունյանն ու նրա որդին արդեն իսկ բերման են ենթարկված եղել:
«Այս դեպքում Հակոբ Թոսունյանի կալանավորման պատճառաբանություններն ու փաստարկներն առհասարակ դառնում են հիմնազուրկ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Մանուկյանը:
ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ
Հակոբ Թոսունյանը նաև հայտարարել է, որ 10 ժամ իրեն անազատության մեջ պահելու ընթացքում թույլ չեն տվել ավտոմեքենայից վերցնել դեղերը, պահել են սոված, ցուցմունք տալիս իր վրա ճնշում է գործադրվել: Այս հայտարարությունների հիման վրա թեպետ նյութեր են նախապատրաստվել ՀՔԾ-ում, այդուհանդերձ, կայացվել է քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշում (հանցակազմ չլինելու հիմքով), որը, թեպետ, բողոքարկվել է դատախազությունում ու դատական եռաստիճան ատյաններում, սակայն իրավիճակը մնացել է անփոփոխ, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ցուցմունքներ տալու ընթացքում ճնշումներ գործադրելու համար:
Մյուս դատական ատյանները պատասխանել են, թե Հակոբ Թոսունյանի գործով բուն դատական քննության շրջանակներում այդ հարցերը ենթակա են քննարկման: Սակայն պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչպես պիտի գործի շրջանակներում քննվեն այս հանգամանքները, երբ այս ամենը գործի շրջանակներից դուրս է:
Բացի այդ, Հակոբ Թոսունյանը վկայել է նաև այն մասին, որ աշխատասենյակում ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պետ Վահագն Հարությունյանն իրեն հարվածել է: «ՀՔԾ-ի քննիչը ընդամենը բավարարվել է Վահագն Հարությունյանի գրությամբ, թե ինքը չի հարվածել Հակոբ Թոսունյանին, և վերջ: Այսինքն՝ պաշտոնյան օրենքի շրջանակներից դուրս կարող է գրությա՞մբ պատասխանել: Չէ՞ որ սա հաղորդում է հանցագործության մասին»,- ասաց պաշտպան Մանուկյանը:
Ըստ պաշտպանի` ՀՔԾ-ն ընդհանրապես քննություն չի տարել, նյութերը պատրաստված են խիստ թերի: «Առաջին հերթին, հատուկ քննչական ծառայությունը պիտի պարզեր` Հակոբ Թոսունյանը ո՞ր իրավունքով է առավոտյան ժամը 7-ին Քաջարան քաղաքից բերման ենթարկվել Երևան՝ 6-րդ վարչություն: Հարց է ծագում` ինչո՞ւ է վկայի կարգավիճակում գտնվող անձը 14:00-ից մուտք գործել 6-րդ վարչության շենք ու մինչև 23:00-ն պահվել անազատության մեջ: Քննիչը պետք է այս հարցերը պարզեր, զններ մատյանները: Ինչո՞ւ է ընթացակարգը խախտվել: ՀՔԾ-ն պիտի պարզեր, թե փոստային ծառայություն սեպտեմբերի 1-ին մուտք արված ծանուցագրերը ե՞րբ են հասել Քաջարան, փոստային աշխատակիցներից պիտի պարզաբանումներ վերցվեին»,- ասաց փաստաբանը:
Առաջին լուսանկարում փաստաբան Վահագն Մանուկյանն է, երկրորդում` նրա պաշտպանյալ Հակոբ Թոսունյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել