
«Եղբորս քաշքշելով ու կողերին խփելով՝ տարան ոստիկանություն»
«Հետքն» այսօր ահազանգ ստացավ Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ Կառլեն Վերմիշյանից, ով հայտնեց, որ եղբորը՝ 25 տարեկան Դավիթ Վերմիշյանին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ոստիկանները քնած տեղից հանել են, քաշքշելով ու կողերին խփելով՝ տարել են ոստիկանություն:
«Գյուղի տուն ա, միշտ դուռը բաց, մի 6 ոստիկան ներս մտան, թե պիտի խուզարկենք տունը, մի թուղթ ցույց տվեցին, չհասկացա էլ՝ դատարանի թուղթ ա, թե չէ: Հետո ասեցին, որ մեր գյուղում գողություն ա եղել ու դրա համար Դավիթին տանում են: Մենք կոնյակ ունեինք տանը, օղի, դա էլ իրենց հետ տարան: Գնացի հետևից, հասա ոստիկանության Ստեփանավանի բաժին, քրեականի պետը՝ Արամ անունով, ասեց, որ Դավիթը իրենց մոտ չի, ասեց, որ չբողոքեմ, թե չէ մի գործ էլ իմ գլխին կսարքեն»,- «Հետքին» պատմեց Կառլեն Վերմիշյանը:
Կառլենը պատմեց, որ եղբայրը անցյալ տարի կասկածվել է հեռուստացույցի գողության մեջ, 4 ամիս պահել են կալանքի տակ, հետո ապացուցվել է, որ Դավիթը պարզապես գողացված հեռուստացույցը գնողն է եղել, ոչ թե գողացողը: Դրանից հետո նրան ազատել են:
«Հետքը» փորձեց պարզել Դավիթ Վերմիշյանի գտնվելու վայրը: Ոստիկանության ՁՊՎ-ներում դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման անուն-ազգանունով անձ Տաշիրի ու Վանաձորի ՁՊՎ-ում չկա, իսկ ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքում առհասարակ ՁՊՎ չկա:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ Դավիթ Վերմիշյանը Լոռվա մարզային վարչությունում է, որ կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի համապատասխան:
Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ զանգահարեց Կառլեն Վերմիշյանն ու ասաց, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների օգնությամբ եղբայրը հիմա իր հետ է, միասին գնում են տուն: Ասաց, որ եղբայրը իրեն լավ է զգում, եղել է Լոռու մարզային քննչական վարչությունում, որ վաղը առավոտյան կանչել են որպես վկա հարցաքննության:
Պարզվում է՝ Կառլեն Վերմիշյանը ահազանգել էր նաև ՄԻՊ գրասենյակ: Արագ արձագանքման խմբի երկու անդամներ նախ գնացել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն: Հանդիպել են պետին՝ Կարապետյան Արտակին, ով ասել է, որ Դավիթ Վերմիշյանը հարցաքննության է: «Այդ տեղեկությունը իմանալով՝ արագ արձագանքման խումբը գնացել է մարզի քննչական վարչություն: Մեր խմբի անդամները ցանկացել են առանձնազրույց ունենալ Դավիթի հետ: Ընդհատվել է հարցաքննությունը, և Դավիթը պատմել է, թե ինչպես են իրեն տնից տարել: Հետո մարզի քննչականի պետ Կարեն Հակոբյանի ու գործով քննիչ Լևոն Պառավյանի հետ են հանդիպել: Նրանք ասել են, որ Դավիթ Վերմիշյանը կասկածվող վկա է: Սակայն նման տերմին չկա: Հետո հակվել են նրան, որ Դավիթ Վերմիշյանն, այնուամենայնիվ վկա է»,- ասաց ՄԻՊ արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը:
ՄԻՊ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Դավիթ Վերմիշյանը մոտ 5 ժամ եղել է անազատության մեջ: Ըստ օրենքի՝ 3 ժամ անց պետք է մարդուն կամ ձերբակալեին կամ ազատ թողնեին:
Քրեական դատավարության 205 հոդվածի համաձայն՝ վկան պետք է ծանուցագիր ստանա, որտեղ պիտի բացատրված լինեն անձի իրավունքներն ու պարտականությունները: Չներկայանալուց հետո նոր կարող են բերման ենթարկելու որոշում կայացնել: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները առաջարկել են վերացնել անձի խախտված իրավունքները:
«Դավիթ Վերմիշյանին արդեն պարզաբանվել են իր իրավունքները: Ամեն դեպքում, մենք վաղը առավոտյան կխոսենք նրա հետ»,- ասաց ՄԻՊ արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը:
Լուսանկարում՝ Դավիթ Վերմիշյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել