HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նոր հայցեր` գյուղի բնակիչների դեմ

Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով նոր հայցադիմումներ է ներկայացրել իր համայնքի բնակիչների դեմ`այս անգամ զրպարտություններ գտնելով ինտերնետային կայքերի` օգոստոսի 18-ին Կառավարության շենքի առջև լեռնապատցիների բողոքի ցույցի մասին պատմող տեսանյութերում:

Ֆահրադ Ոսկանյանի դեմ գյուղապետը 2 հայց է ներկայացրել` 2 տարբեր կայքի տեսանյութերից առանձնացված հետևյալ արտահայտությունների հիման վրա. «Քսան տոննա խոտս վառիլ տվեց… գիշերը ժամը չորսին խոտս վառեց» և «Գազի համար հավաքած գումարը չի ծախսել իրա նպատակին, դրել ա իրա գրպանը»:

Ֆահրադ Ոսկանյանի դեմ երկու տարբեր հայցով քաղաքացիական գործերը դատարանը հաջորդաբար քննության առավ միևնույն օրը:

Սամվել Թամարյանի դեմ գյուղապետը հայց է ներկայացրել ցույցի օրը նրա ասած հետևյալ արտահայտությունների համար. «Մարդուն զաստավիտ ա անըմ, ասըմ ա րեխեդ բանակմ ծառայմ ա… դատի տված են սաղ գեղը… վախ կա», «Հանրապետական կուսակցությունը պղծող ա դա»:

Դատավարության ժամանակ գյուղացիները չհրաժարվեցին նշված արտահատություններից` չնայած չէին դիտել տեսանյութերը, և փորձեցին հիմնավորել իրենց ասած խոսքերը:

Գյուղապետը պնդեց Ֆահրադ Ոսկանյանի դեմ հայցը` զրպարտություն համարելով նրա «գազի համար հավաքած գումարը չի ծախսել իրա նպատակին, դրել ա իրա գրպանը» արտահայտությունը, դրա վերաբերյալ վկայակոչեց մի շարք փաստաթղթեր, որոնք հանձնեց դատարանին:

Վանո Եղիազարյանը չժխտեց, որ համայնքի գազիֆիկացման նպատակով բնակիչներից գումար հավաքվել է, ինչը, սակայն, նրա խոսքով, եղել է հանգանակություն և կազմակերպվել է համայնքի ավագանու որոշմամբ:

Հաշվի առնելով գյուղապետի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է կայացրել թույլատրել նրան բնակչությունից կազմակերպել հանգանակություն գազիֆիկացման աշխատանքների համար` ԻՖԱԴ ծրագրի հետ կնքված պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով: Գյուղապետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը բնակչությունից հավաքագրել է գումարները:

Գյուղապետի ներկայացրած տվյալներով` հանգանակվել է 3 մլն 110 հազար դրամ, որից ծախսվել է 2 մլն 525 հազար 200 դրամ, մնացած 584 հազար 800 դրամը ստացականով ի պահ է հանձնվել իրեն: Ապա ավագանու որոշմամբ հանգանակված գումարի մնացորդային մասը մուտքագրվել է համայնքի բյուջե:

«Ես տվել եմ 45 հազար դրամ, որի դիմաց ինձ ոչ մի կտրոն, ոչ մի ստացական չեն տվել: Ես ասել եմ` ինչի հըմար են էդ փողը ժողովրդից հավաքում: Ես կուզեմ պարզաբանեմ` էդ 45 հազար դրամը, որ ես տվել եմ իրանց, ընչի հըմար եմ տվել: Էն դեպքում, երբ որ գազիֆիկացման խողովակը ես պըտի քաշեի կիսով չափ, որովհետև պըտի գար իմ տան մոտով անց կենար: Ինձ պես հարյուրավոր մարդիկ խաբված վիճակում են: Ոնց իմանամ` արդյոք էդ փողը նպատակին ա ծախսվել, թե ինչ ա էղել»,- դատարանում իր բողոքը հայտնեց Ֆահրադ Ոսկանյանը:

Սամվել Թամարյանի դեմ հայցը գյուղապետը պնդեց մասնակիորեն: «Մարդուն զաստավիտ ա անըմ, ասըմ ա րեխեդ բանակմ ծառայմ ա…» արտահայտությունը հայցադիմումից հանեց` դատարանում որոշելով, որ այդտեղ արատավորող տեղեկություն չկա:

Մյուս արտահայտությունների վերաբերյալ` «Դատի տված են սաղ գեղը… վախ կա», «Հանրապետական կուսակցությունը պղծող ա դա», գյուղապետը պնդեց իր հայցը:

Սամվել Թամարյանը դատավորից խնդրեց չանդրադառնալ «Հանրապետական կուսակցությունը պղծող ա դա» իր արտահայտությանը մինչև գյուղապետի դեմ հարուցված քրեական գործի իրավական ավարտը:

«Ասել եմ, որ պղծող ա Հանրապետական կուսակցությունը, իրա նմանները, որ ըսօր հոդված կա վրին` 4-8 տարի: Սերժ Սարգսյանը տեղյակ չի` ինչ ունի արած սա: Խնդրում եմ հետաձգել, եթե Վանո Եղիազարյանը կարդարանա, կապացուցի, որ չի պղծել Հանրապետական կուսակցությունը, թող էս իմ արտահայտության համար ինձ պատասխանատվության առաջ կանգնացնեն: Ասել եմ, որ «դատի տված են սաղ գեղը». մենակ փոքր ախպորս 7 անգամ ա տվել: Ամբողջ օրը դատարաններում ենք անցկացնում: Ամիսը ունի 30-31 օր, 37 օրը դատարանըմն ա: Էն օրը էկանք բռնեցինք մեր գյուղապետին, որ ռեկտըրի հըմար պաշտպան ա: Ընտրել ենք գյուղապետին, որ ռեկտըրի հըմար պաշտպան ըլի, թե գյուղի հըմար»,- որպես համայնքի բնակիչ` համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց Սամվել Թամարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter