HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթի գործով դատախազին ուղեկցեցին կարգադրիչները

Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատական նիստի սկզբում կարգադրիչները չէին թույլատրում ներս մտնել քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում տեղ չկա: Ամբաստանյալների հարազատները պնդում էին, որ իրենք իրավունք ունեն գտնվելու դատին, քանի որ դռնբաց դատական նիստ է:

- Շուտ գայիք, տեղ կունենայիք, հիմա տեղ չկա դահլիճում,- ասում էին կարգադրիչները:

- Դա մեր խնդիրը չի, ապահովեք ավելի մեծ դահլիճ,- պատասխանում էին 14 ամբաստանյալների հարազատները:

Ի վերջո, ոմանք բարձրացան դահլիճ, մի քանիսը մնացին դրսում:

Ամբաստանյալներից Վահե Մկրտչյանի կինը` Մարգարիտան, ասաց, որ երբ Վահեն ու ընկերները 23 տարի առաջ պայքարում էին Հայաստանի սահմանների ու Արցախի ազատագրման համար, երբևէ չէին մտածի, որ իրենց կարծիք արտահայտելու իրավունքը կարող է նման կերպ լռեցվել, ու իրենց էլ կմեղադրեն ոչ ավելի, ոչ պակաս խուլիգանության մեջ:

Այսօր պաշտպանական ճառերով հանդես եկան փաստաբաններ Հովհաննես Քոչարյանը, Ռուզաննա Հովհաննիսյանն ու Ինեսսա Պետրոսյանը:

Ինեսսա Պետրոսյանն ու Հովհաննես Քոչարյանը խնդրեցին դատարանից իրենց պաշտպանյալների` Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Վարդան Վարդանյանի, Շահեն ու Շանթ Հարությունյանների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, քանի որ պաշտպանները պնդեցին, որ իրենց պաշտպանյալների գործողություններում խուլիգանության հատկանիշներ չկան:

«Ամիսներ շարունակ մեղադրանք չառաջադրվեց Շահենի նկատմամբ, քանի որ քրեական պատասխանատվության տարիքի խնդիր կար, նա տասնչորս տարեկան էր, բայց վարույթ իրականացնող մարմնի մտորումները բերեցին նրան, որ հորինվեց խուլիգանության հոդվածը հատուկ նրա համար: Շահենի գործողություններում ակնհայտորեն բացակայում է խուլիգանության հոդվածը: Ոստիկանին հարվածելը նրա հուզական վիճակով է պայմանավորված, քանի որ նրա աչքի առաջ մի խումբ ոստիկաններ ծեծի էին ենթարկում հորը` Շանթին: Բացի այդ հոգեբանական ճնշումներ են եղել Շահենի նկատմամբ. նրան հայտնել են, որ հայրն այլևս չկա»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Նա սկզբում միջնորդել էր նաև փոխել նախաքննություն իրականացնող մարմինը, որպեսզի գործը քններ ՀՔԾ-ն: Հիմնավորումն այն էր, որ ոստիկանության քննչական մամինը չէր կարող ոստիկանների գործողությունները օբյեկտիվ քննել:

Փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ շեշտը դրեց հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրագործման վրա` նշելով, որ մեղադրանքները փլվեցին դատարանում: Ըստ նրա` ամեն ինչ հրահրվել էր նոյեմբերի 5-ին սադրիչների կողմից: Սակայն քաղաքացիական հագուստով 6 ոստիկաններից ընդամենը երկուսը ցուցմունք տվեցին դատարանում:

Իսկ Ռուզաննա Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը զղջում է կատարածի համար, ընդունում է մեղքը, ցանկանում է ուսումը շարունակել ազատության մեջ: Նա դատարանին միջնորդեց պատիժը պայմանական չկիրառել Մկրտչի նկատմամբ:

Հոկտեմբերի 1-ին մյուս երեք պաշտպանները կավարտեն իրենց պաշտպանական ճառերը (ովքեր մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին դատարանից ճառին պատրաստվելու համար), դատարանը կլսի ամբաստանյալների վերջին խոսքերն ու կանցնի խորհրդակցական սենյակ:

Երբ դատական նիստը ավարտվեց, մի խումբ կարգադրիչներ ուղեկցեցին դատախազին դատարանի շենքից դուրս: «Հետքի» հարցին, թե ինչու են դատախազին ուղեկցում, իսկ դատավարության մյուս կողմին` փաստաբաններին` ոչ, կարգադրիչները պատասխանեցին` դատախազի հանդեպ լարվածություն կա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter