
20 տարի առաջ դատապարտվել է անմեղը. ապացուցվել է ԴՆԹ թեսթով
40-ամյա ամերիկացի Էնթոնի Ռայթը սրբեց արցունքները, երբ երեկ դատավոր Վեբսթերն արտասանեց հետևյալ բառերը. «Դուք անմեղ եք, քանի դեռ դատարանը չի ապացուցել հակառակը»:
Այս խոսքերին Ռայթը սպասել էր 1993 թ-ից, երբ ամերիկյան արդարադատությունը 20-ամյա Էնթոնի Ռայթին մեղավոր էր ճանաչել 77-ամյա ամերիկուհի՝ Հյուսիսային Ֆիլադելֆիայի բնակչուհի Լուիզ Թելլիի բռնաբարության ու սպանության մեջ, որը տեղի էր ունեցել 1991 թ-ին: Երջանիկ պատահականությամբ նրան չէին դատապարտել մահապատժի, Ռայթին փրկել էր ժյուրիի ձայների 7/5 հարաբերակցությունը: Ավելի քան 20 տարի առաջ դատարանը դատավճռի հիմքում դրել էր Ռայթի ինքնախոստովանական ցուցմունքը՝ տրված ոստիկանությունում և իրեղեն ապացույց ճանաչված հագուստը, որի վրա եղել էր զոհի արյունը: Ռայթի մայրը վկայություն է տվել, որ արյունոտ շորը, որն, իբր, ներկայացվել է որպես իր տղայի հագուստ, Ռայթինը չէ և ոչ էլ իրենց տնից է առգրավված: Դատավարության փուլում թեպետ Անթոնի Ռոյթը հրաժարվել էր ինքնախոստավանական ցուցմունքից ու նշել, որ ոստիկանների ֆիզիկական բռնության սպառնալիքների ներքո էր այն գրել, այդուհանդերձ դատարանը կարծիք էր հայտնել, որ մեղադրյալն այդպիսով փորձում է պատասխանատվությունից խուսափել: Ռայթն ասել էր նաև, որ դեպքի օրը եղել է ցերեկային հերթափոխով աշխատանքի, իսկ գիշերը՝ գիշերային ակումբում: Սակայն հորինվել էին կեղծ վկաներ, որոնք նշել էին, թե ինչպես են տեսել Ռայթին զոհի տան մոտ: Սակայն այս բոլոր փաստերի վրա դատարանը աչք էր փակել 1993 թ-ին:
Ռայթը 20 տարի պայքարել է իր ամնեղությունն ապացուցելու համար, վերջին 5 տարիներին նրա գործով զբաղվել է «Անմեղության ծրագիր» կազմակերպությունը, որը օգնում է ԴՆԹ թեսթերի հիմքով, իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ վերաբացել հին գործեր: Ֆիլադելֆիայի շրջանային դատախազությունը, սակայն, 5 տարի շարունակ չի տվել իր համաձայնությունը, որպեսզի կատարվի թեսթը: Գործը հասել է Փենսիլվանիայի գերագույն դատարան, որի վճռից հետո դատախազությունը տվել է իր համաձանությունը:
Այսպիսով՝ 20 տարի անց, շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման, ԴՆԹ թեսթի արդյունքներով ապացուցվել է, որ Ռայթն իրոք անմեղ է: Ավելին ԴՆԹ թեսթը մատնացույց է արել իրական հանցագործին՝ ոմն Բըրդ, ով դատապարտված է եղել երկարատև ազատազրկման մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով և մահացել է անցյալ տարի:
Հենց այս հիմքով երեկ բեկանվել է 1993 թ-ի դատավճիռը:
Այս մասին գրում է innocenceproject.org կայքը:
Հ.Գ. Հայաստանում դեռ շարունակում են ոչնչացնել իրեղեն ապացույցները:
Լուսանկարում՝ Էնթոնի Ռայթն ազատության մեջ է՝ ընտանիքի ու «Անմեղության ծրագիր» կազմակերպության աշխատակիցների հետ
Մեկնաբանել