HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոստանում եմ անհատապես ծանոթանալ ցմահ դատապարտյալների խնդիրներին»․ ՀՀԿ- ական պատգամավոր

Երեկվանից 40 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Դատապարտյալների այս խումբը պարբերաբար հացադուլներ է կազմակերպում, դիմում պատկան մարմիններին՝ պահանջելով պատժաչափերի վերանայում: Ցմահները անգամ նշում են այն օրենսդրական հիմքը, որի կիրառմամբ հնարավոր է առհավետ մոռանալ Հայաստանում ցմահ դատապարտման խնդրի մասին: «Հետքի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս են ԱԺ պետաիրավական հանձնաժողովում տեսնում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծումը:

Խնդիր իսկապես առկա է: Բայց որպեսզի ուղղակի հույս չտանք մարդկանց, խոստանում եմ անհատապես ծանոթանալ ցմահ դատապարտյալների խնդիրներին, զրուցել իմ գործընկերերի հետ: Խոստանում եմ մոտ ժամանակներս այցելել կալանավայրեր, հանդիպել նաև ցմահ դատապարտվածներին: Այս ամենից հետո խնդիրների մասին կզեկուցենք մեր վերադասներին: Լուծումներ, շոշափելի առաջընթաց ունենալու դեպքում՝ անպայման կիրազեկենք: Ընդունում եմ, որ կան խնդիրներ, բայց չի նշանակում, որ ցանկացած հարց պիտի լուծվի հօգուտ դատապարտյալների: Մենք պիտի կարողանանք այս մոտեցումը նաև իրենց բացատրել:

Ցմահ դատապարտյալները նշում են, որ հարցը կարելի է լուծել քրեական օրենսգրքի 2011թ-ի մայիսի 23-ի փոփոխություններով՝ պատժաչափերի դատական վերանայումներով: Ի՞նչ եք Դուք կարծում:

Երբ ընդունվում է ցանկացած նորմատիվ իրավական ակտ, ապա սահմանվում է, թե ինչ շրջանակի վրա է այն կիրառելի: Սահմանները հստակ են գծվում: Պետք է նայել-տեսնել, թե ինչ հնարավորություններ կան: Խնդիրը քննարկվում է: Եթե օրենսդրական բարեփոխումների տիրույթում հնարավոր է այս խնդրի լուծումը, ապա փորձենք լուծել: Փորձենք յուրաքանչյուրի գործին անհատապես ծանոթանալ, հետո արձագանքել: Բայց սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, մանավանդ, որ հարցը շատ նուրբ է: Կան տարբեր շահեր: Յուրաքանչյուր փայտ ունի երկու ծայր: Ցանկացած գործ պետք է նայել այդ տեսանկյունից: Կան երկու կողմեր՝ մեղադրյալ ու տուժող: Երկուսի շահերն էլ, իրավունքներն էլ հավասար են: Արդարադատություն իրականացնող մարմինն է, որ պիտի արդար դատաքննության արդյունքում քննի այդ գործերն ու դատավճիռ կայացնի: Ամեն դեպքում ցմահ դատապարտյալները մարդիկ են, ովքեր մեղադրվել են ծանրագույն հանցանքների մեջ, և չպետք է մոռանալ տուժողների մասին:

Բայց կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ անմեղ են, տարիներով պայքարում են իրենց գործերի վերաբացման համար, իսկ պետությունը վերացրել է ապացույցները: Արդյո՞ք այդ դատապարտյալները ևս յուրօրինակ տուժողներ չեն:

Այո, իրավաբանության սկզբունքներից մեկն է՝ ավելի լավ է 100 մեղավոր մնա անպատիժ, քան մեկ անմեղ դատապարտվի: Այս հարցը օրենսդրի տիրույթում չէ, այլ դատաիրավական: Լրիվ հասկանում եմ, և դա է պատճառը նաև, որ առաջադեմ մարդկությունը հրաժարվում է մահապատժից՝ գիտակցելով, որ դատական սխալների հավանականությունը միշտ էլ կա:

Այնուամենայնիվ, խնդիրը երկար տարիների պատմություն ունի, կան անձինք, ովքեր 20 տարի շարունակ փակ ռեժիմային գոտում են: Կա ռեժիմների փոփոխման մասին նախագիծ, որն այդպես էլ չի ընդունվում: Ի՞նչն է պատճառը:

Օրակարգը կազմում է ԱԺ նախագահը, ինքն է որոշում հարցերի հաջորդականությունը: Այդ նախաձեռնությունը կուսումնասիրենք: Ճիշտ եք՝ յուրաքանչյուր օրը շատ բարդ է: Մարդ չի կարողանում դուրս գալ, նա փակի տակ է: Լիովին կիսում եմ, հասկանում եմ: Անգամ մենք եթե մի կարճ ժամանակով վերելակում ենք մնում, սկսում ենք վատ զգալ: Իհարկե, շատ լավ կլինի, որ բողոքող մարդկանց հարցերը արագ լուծվեն, բայց մենք չենք կարող միակողմանի լուծում գտնել: Խնդիրը պիտի համակողմանի քննարկենք՝ համադրելով բոլորի կարծիքները: Այսինքն՝ ոչ միայն այս պահի համար պիտի լուծում գտնենք, այլև ապագայի: Ռեժիմների փոփոխություններ, պայմաններ և այլն: Քննարկումների արդյունքում փորձենք խնդիրները լսելի դարձնել նաև մյուս գերատեսչություններում: Եթե կարողանանք 104 ցմահ դատապարտյալերից 1-2 գործ էլ արդարացի լուծում տալ, ապա դա ևս առաջընթաց կլինի: Բայց նորից եմ կրկնում, ես կողմնակից չեմ հապճեպ, հուզական լուծումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter