
«Հայաստանը 2015-ի շեմին դառնում է շատ գրավիչ նշանակետ»
Հարցազրույց քաղաքագետ Նվարդ Մանասյանի հետ
-Նվարդ, ի՞նչ տեղաշարժեր կառանձնացնեք քաղաքական այսօրվա դաշտում: Այսպես ասած` ի՞նչ է «եփվում» ներքաղաքական կյանքում:
-Չեմ կարող չխոսել Դեյր էզ-Զորում պայթեցված հայկական եկեղեցու քաղաքական հնարավոր դրդապատճառների ու տարածաշրջանային զարգացումների ներքաղաքական հնարավոր ազդեցությունների մասին: Հատկանշական է, որ պայթեցումը իրականացվեց Հայաստան-սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Արամ կաթողիկոսի հնչեցրած միջազգային իրավունքի գործածությամբ պահանջատիրության հաջորդ օրը: Այլևս գաղտնիք չէ, որ իսլամական պետություն հռչակած պարամիլիտար ուժերը նաև զինվում են Թուրքիայի կողմից:
Միջազգային ու մասնավորապես տարածաշրջանային անվտանգության համար այլ ոչ պետական զինված խմբերը նոր մարտահրավեր են և տարբեր պատճառներով միջնորդավորված սպասարկում են տարբեր խմբերին ու պետական միավորներին թուլացնելու հնարավոր վեկտորները: Այսպիսի պայմաններում կենտրոնացված իշխանությամբ ոչ ժողովրդավարական երկրները, որտեղ իշխանությունը վերարտադրվում է ոչ ընտրական սահմանադրական միջոցներով, ինքնաբերաբար դառնում է թիրախ` ճնշված խմբային շահերի առաջացրած քայքայիչ միտումների արդյունքում: Ակնհայտ է, որ Հայաստանը 2015 թ.-ի շեմին` Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, ունենալով չհանգուցալուծված հակամարտություն և հարևան երկրի հետ ստորագրած ծուղակային արձանագրություններ, դառնում է շատ գրավիչ նշանակետ:
Այս պայմաններում էլ ընթանում են ներքին քաղաքական զարգացումները: Ակնհայտորեն մեծամասնական իշխանական վարչակարգը, տարիների ընթացքում վերարտադրված լինելով և չունենալով Սահմանադրությամբ ամրագրված լայն լիազորություններով օժտված ընդդիմություն, խախտված հակակշիռների պայմաններում տեղեկատվության աղճատման վտնագավոր շեմին է հասել, երբ իրական գործընթացներն ու փոխանցվող տեղեկատվական քաղվածքները ունեն շեղման մեծ աստիճան: Որոշումների կայացումն այս պայմաններում չի կարող արտացոլել իրական կարիքներն ու բեկել առաջացող ռիսկերը:
Սա փլուզմանը մոտ սցենար է առաջարկում, որին եթե գումարվի նաև տարածաշրջանային լարված վիճակը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վտանգներով է այս ամենը հղի:
-Նախարար Նալբանդյանը դատապարտեց Դեյր էզ-Զորում կատարվածը` չնշելով Թուրքիայի անունը: Ինչո՞ւ:
-Բնականաբար, որովհետև ուղղակի կապը հաստատված չէ, և հանցակազմ չկա, ենթադրությունները բխում են Թուրքիայի շահից, բայց դա բավարար չէ, որպեսզի պետական պաշտոնյան նման հայտարարություն անի: Սակայն, վերլուծաբանները կարող են համադրել տարբեր փաստեր և անել ենթադրություններ:
Թուրքիան պիտի փորձի հնարավորինս ստվերային ու միջնորդավորված ներգրավվածություն ունենալ և, օրինակ, հաշվի առնելով տարածաշրջանում կուտակվող ծայրահեղականների օջախները, օգտագործել սեփական շահի սպասարկման ծիրում:
Վերջերս, իսլամական պետություն հռչակած խմբի կողմից հնչեց նաև Հյուսիսային Կովկասում գործողություններ սկսելը, որին հաջորդեց Կադիրովի հայտարարությունը: Կարելի է ենթադրել, որ մեր հարևանությամբ այս չակերտավոր չկառավարվող ոչ պետական խմբավորումը կարող է դիվերսիոն գործողություն նախապատրաստել: Ենթադրությունների շարունակությունը հնարավոր սցենարների իմաստով թողնում եմ ձեզ:
-Դրան զուգահեռ` Հայաստանի քաղաքական ուժերի կողմից արտաքին մարտահրավերներին վերաբերող հայտարարություններ գրեթե չկան: Այս օրերին ավելի շատ քննարկվում են եռյակի անցկացնելիք հանրահավաքն ու սահմանադրական փոփոխությունների հարցը: Արդյո՞ք դրսի մարտահրավերները պետք է առիթ լինեն Հայաստանի քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և միասնական արտաքին ճակատով հանդես գալու համար:
-Այդ մարտահրավերները պիտի առաջին հերթին համարժեք հանգուցալուծում ստանան արտաքին քաղաքականության ու անվտանգության սահմանադրական պատասխանատուների կողմից: Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ բանակը պատրաստ է համարժեք հակահարվածի, իսկ հասարակությունն էլ կարծես մոբիլիզացված է ու շատ հասուն: Արտաքին մարտահրավերների առումով մեկ տարի առաջ արդեն իսկ վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանը այս քաղաքական համակարգի ու Սահմանադրության պայմաններում անկախ արտաքին քաղաքականություն վարել չի կարող: Ուստի և ընդդիմության` Սահմանադրության փոփոխման շեշտադրումը շատ առողջ ու շրջահայաց մարտավարություն է:
Այս համակարգն իր կենտրոնացվածությամբ պատուհաս է, այն արդեն վերարտադրման մեխանիզմը ամբողջացրել է, և սրանից պետք է մեկ օր առաջ ազատվել, բայց իշխող վարչախումբը չի կարողանա օբյեկտիվորեն դա անել:
-Բայց այս պարագայում ընդդիմությունը մասնակի պառակտվեց, և քառյակը դարձավ եռյակ: Այդ ուժերը կարո՞ղ են քաղաքական օրակարգ թելադրել Ձեր նշած կենտրոնացված համակարգին:
-Հանրահավաքին չմասնակցելը դեռևս չի ենթադրում պառակտում, բոլորն էլ կողմ են սահմանադրական բարեփոխումներին` երեքը նախընտրել են ընթացքում հանրահավաք կազմակերպել, իսկ մեկը որոշել է այս իշխանության հետ այդ հարցով գործակցել` հասկանալու համար, թե ինչ օրակարգ է հետապնդում այս պրոցեսը նախաձեռնած մեծամասնությունը: Կարծում եմ` վերջնական գնահատականների համար հարկ է մի փոքր համբերել ու հետևել զարգացումներին:
Այս իշխանությանը խորհրդարանի ձայների քանակով օրակարգ պարտադրել հնարավոր չէ, բայց էնտրոպվող իմաստների ծիրում մտքի որակով օրակարգ թելադրողները բացառապես մյուս դաշտում են:
-Քաղաքական դաշտում Քոչարյանի ուրվական կա՞ և վախ դրա հանդեպ` թե' ընդդիմությունից, թե' իշխանությունից:
-Ես այդպես չէի ասի, կան երկու նախկին նախագահներ, ովքեր պարբերաբար քաղաքական գնահատականներ են տալիս և մատնանշում սխալները:
-Եվ վերջին հարցը. արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների թեման հենց հիմա բարձրացնելով, մի կողմ թողնենք վերարտադրման հարցը, իշխանությունը չի փորձում հանրային ուշադրությունը շեղել սոցիալական բազմաթիվ խնդիրներից:
-Սոցիալական խնդիրներից, որոնց հետ ամեն օր առնչվում ենք, շեղել հնարավոր չէ: Լուծումից` այո, եթե կազմակերպված չէ: Այստեղ, իհարկե, հասարակության հատվածականացված լինելը և կազմակերպված թեմատիկ պայքարին պատրաստ չլինելը առանց այդ էլ երկարաձգում է համակարգային լուծման ընթացքը: Քաղաքացիական կազմակերպված խմբերի քանակն ու բազմազանությունը կրիտիկական շեմը չի հաղթահարել: Այս պայմաններում նաև հիմնական լրատվամիջոցների կառավարելիությամբ օրակարգ չեն ներթափանցում և համակարգաստեղծ չեն դառնում, իսկ իշխանության կողմից սահմանադրության բարեփոխման գործընթացը փորձ է կրկնօրինակմամբ խճողել հարցը և թուլացնել ընդդիմությանը, որի հենարանը, լինելով աղճատված, առանց այդ էլ թուլացնում է գործելու ուժգնությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել