HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ունեմ տեսողության խնդիր». դիլիջանցի երիտասարդ

Վաչեն ունի թույլ տեսողություն: Այն -10 է: Ինչպես ինքն է ասում, պատկերները տեսնում է ստվերային: Սակայն ձեռնափայտ չի օգտագործում: Հարկ եղած դեպքում նրան օգնում են, բայց ինքն աշխատում է ամեն ինչ ինքնուրույն անել. ձեռնափայտը միշտ էլ կա: Նա վաղուց արդեն սովորել է ինչպես ինքնուրույն անցնել իրենց քաղաքի փողոցներով: 

Վաչե Գրիգորյանն ապրում է Դիլիջան քաղաքում: Այստեղ նրան շատերն են ճանաչում: Երբ դիլիջանցիներին հարցնում ես երիտասարդների, նրանց գործունեության մասին, շատերը միանգամից հիշում են Վաչեին: Ասում են՝ միջոցառում չկա, որին ակտիվորեն չմասնակցի ու իր ոգևորվածությամբ չվարակի մյուսներին:

Մինչ իր եղբայրն ու եղբոր կինը գործի են լինում, Վաչեն ժամանակն անց է կացնում ձայնավոր ծրագրով աշխատող համակարգչի առջև: Այն նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցողների համար: Այս ծրագիրը Վաչեին օգնում է շփվել ֆեյսբուքյան ընկերների հետ և վարել իր բլոգը:

«Տեսողությունն ինձ համար խնդիր չէ, որպեսզի ես ծավալեմ իմ հասարակական գործունեությունը», - խոստովանում է Վաչեն:

Չնայած հիմնական աշխատանք չունի, սակայն իր հասարակական ծրագրերի թիվը երբեք չի պակասում: Արդեն երկու արշավ է նախաձեռնել դեպի Հայաստանի տեսարժան վայրեր և այժմ ընկերների հետ քննարկում է երրորդ արշավի ծրագիրը: Այս տարիների ընթացքում ներգրավված է եղել բազմաթիվ կամավորական ծրագրերում, մասնակցել բազմաբնույթ դասընթացների, և ինքն էլ դասընթացներ կազմակերպել, որպեսզի իրենց քաղաքի երիտասարդների շրջանում ակտիվություն մտցնի: Նա համագործակցում է տեղական ու միջազգային ՀԿ-ների հետ, թղթակցում տեղական մամուլին: Սիրելի զբաղմունքներից մեկն էլ ռադիո լսելն է, սակայն ափսոսում է, որ Դիլիջանը չունի սեփական ռադիոկայանը:

«Հասարակության հետ շփումը հեշտ չէ, երբ դու ունես տեսողության խնդիր և սահմանափակ կարողություններ: Շատ դժվար է ինտեգրվել հասարակության մեջ,- ասում է Վաչեն:- Ես կարողացել եմ դա հաղթահարել: Բայց Դիլիջանում դեռ չենք հասել այն մակարդակին, որ անգամ սահմանափակ կարողություններ ունեցող մարդը կարող է աշխատել: Սակայն միայն Դիլիջանում չէ այդպես, ամեն տեղ էլ այդ խնդիրը կա: Երբ դրա մասին բարձրաձայնվում, լուսաբանվում է, մարդկանց մոտ աստիճանաբար փոխվում է վերաբերմունքը»:

Խտրական վերաբերմունքը դրսևորվում է հատկապես գործատուների հետ հարաբերություններում: Նրանք կարող են լավ վերաբերմունք ցույց տալ, բայց այդպես էլ աշխատանքի չընդունել: Միաժամանակ, Վաչեն համոզված է, որ դա ժամանակի ընթացքում կփոխվի, պետք է մարդկանց ոչ թե մեղադրել, այլ իրազեկել: Նա շատ է ցանկանում իր կամավորական գործունեությունից բացի կայուն աշխատանք և եկամուտ ունենալ:

Միաժամանակ նրա մեծագույն երազանքն է «դառնալ ժողովրդի կողմից սիրված երգիչ»: Վաչեն արդեն երկու մենահամերգ է ունեցել Դիլիջանում և շրջակա գյուղերում: Ստեղծագործել սկսել է 2001 թ.-ից, երբ 19 տարեկան էր: Իր առաջին երգը նա անվանել է «Անկեղծ սեր»: Երաժշտական կրթություն չունի, սակայն ստեղծագործելիս դա նրան չի խանգարում: Այս տարիների ընթացքում գրել է ավելի քան քսան երգ և իննսունից ավելի բանաստեղծություններ:

«Չես կարող հենց այնպես գնալ մարդուն ասել` ես խնդիր ունեմ: Ես փորձում եմ դա արվեստի միջոցով ներկայացնել,- ասում է Վաչեն:- Հասարակության մեջ երբեք չեմ կաշկանդվել, որ ես ունեմ տեսողության խնդիր, ուրեմն չպետք է շփվեմ: Ես ինքս եմ փորձել իմ շփումով ջարդել կարծրատիպերը, որ ֆիզիկական խնդիր ունեցող մարդը, սահմանափակ կարողություն ունեցող մարդը հասարակության լիիրավ անդամ է»:

Վաչեն ավելի լավ ստեղծագործում է, երբ սիրահարված է. սերը չլինի, գործն էլ անարդյունավետ կլինի: Եթե նա փորձեր նկարել աշխարհը, ապա այն կլիներ կանաչ որպես նոր կյանքի սկիզբ ու իր հոգու գույն: Կանաչի կողքին էլ կավելացներ վարդագույնը որպես սիրո գույնը:

«Դժվար պահերին ինձ օգնում է առաջ գնալ լավատեսությունը: Մտածում եմ` կյանք է, ամեն ինչ էլ հնարավոր է, մենակ ինձնով չի: Ինձ օգնում են հիշողությունները. աշխատում եմ հիշել անցած լավ օրերը»,- ասում է Վաչեն:

Փորձում է անգամ իր ազատ ժամանակն արդյունավետ օգտագործել, նոր ծրագրերը կազմել այնպես, որ ավելի հետաքրքիր լինեն: Բայց և խոստովանում է, որ իրականում դժվար է երիտասարդին տնից դուրս հանել և շահագրգռել մասնակցել որևէ նախագծի: Վաչեն կարծում է, որ այժմ երիտասարդների հոգսերը շատ են. աշխատանքի բացակայությունը, սոցիալական վիճակը ստպում են նրանց կենտրոնանալ գումար վաստակելու վրա: Շատերն անգամ այս տարիքում տարբեր երևույթներից հիասթափված են:

«Բայց եթե ես երիտասարդ, մյուսը երիտասարդ ասենք` չի լինի, մյուսներն էլ կհիասթափվեն: Ես պետք է օրինակ ծառայեմ», - համոզված է Վաչեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter