![](/static/articles/05/65/67/l-eVEREaXeAa.jpg)
850 կգ ավազ, թե հերոին. ի՞նչ էր ուզում Թուրքիայի քաղաքացին փոխադրել Եվրոպա
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ ընթացել է Իրանի Իսլամական Հանրապետությունից 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով նախնական դատական նիստը: Վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպանությունը ստանձնել է Վրաստանից ժամանած նոր փաստաբանը: Նրանից բացի՝ հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանին փոխարինելու է Սյունիքի մարզի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանը: Երկու պաշտպաններն էլ գործում նոր են ներգրավվել:
Այս գործով երկու ձերբակալվածների՝ վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու և մեքենայի սեփականատեր Օսման Ուղուրլուի մասով մեկ ընդհանուր դատավարություն է ընթանում, որը դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում է քննվում: Սակայն քանի դեռ կան չպարզված հանգամանքներ, գործի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ: Թմրամիջոցը պետք է Իրանի Իսլամական Հանրապետությունից տեղափոխվեր Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ: Այդ նպատակով սման Ուղուրլուն 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը: Այնուհետև ընկերության անվամբ ձեռք է բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշենի» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:
Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ,160գ,467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
Հայտնաբերված թմրամիջոցը պահվում է ՀՀ ԿԱ ԱԱՍԾ վարչատնտեսական տարածքում:
Օսման Ուղուրլուն Թուրքիայի քաղաքացի է, նախկինում դատված: Հանրային պաշտպան Արտակ Գարոյանը, ով պաշտպանում է Ուղուրլուի շահերը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատական նիստին ինքը կրկին միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը, կամ հետ վերադարձնել գործը դատախազին՝ նոր որակում տալու նպատակով, քանի որ թմրամիջոցների իրացման մեղադրանքը իր պաշտպանյալի նկատմամբ հիմնավորված չէ:
«266 հոդվածի իրացման մասով գործում որևէ ապացույց չկա, որ Ուղուրլուն իրացման նպատակով է այդ 850 կգ-ը տեղափոխել: Իրացումը տնօրինչական ֆունկցիա է, այսինքն՝ պետք է մի բան ձեռք բերեք, որ դառնա ձերը, կամ աճեցնեք, քաղեք, մշակեք՝ դառնա ձերը, նոր իրացնեք: Բայց գործի բոլոր նյութերով Ուղուրլուն կրկնել է, որ X անձի պատվերն է կատարել, ընդամենը փոխադրել է»,-ասում է պաշտպան Գարոյանը:
Ավելին, Օսման Ուղուրլուն պնդում է, որ չի իմացել, որ տեղափոխված բեռը թմրամիջոց է պարունակում: Ըստ վերջինիս՝ իրեն պատվիրատուն հանձնարարել էր ավազ տեղափոխել՝ պայմանով, որ փորձի թաքստոցների անվտանգությունը մաքսակետից անցկացնելիս, որից հետո՝ հաջորդ անգամ նոր հաշիշ կանցկացնի:
Դատախազը առարկել է միջնորդությանը, սակայն դատարանը հետաձգել է միջնորդության քննարկումը՝ դրան հաջորդ նիստերից մեկում անդրադառնալու նպատակով:
Արտակ Գարոյանը նշեց, որ գործում ներգրավված վկաները՝ մաքսատան աշխատողները միջնորդել էին առանց իրենց ներկայության գործը քննել և հաշվի առնել իրենց՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները: Երրորդ վկան ոչ մի գրություն չի ուղարկել: ՊաշտպանԳարոյանը միջնորդել է ապահովել վկաների ներկայությունը և նրանց բերման ենթարկել, քանի որ իր պաշտպանյալն այդ կերպ զրկվում է պաշտպանության իրավունքից, այն է՝ իր դեմ ցուցմունք տվող վկային հարցաքննելուց: Դատարանը բավարարել է մեկ վկային բերման ենթարկելու միջնորդությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրայութը տեղափոխող վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը: Ավթանդիլ Մարտիաշվիլին, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:
Այսօրվա նիստին վարորդ Մարտիաշվիլու պաշտպանները միջնորդել են վարորդին առնչվող փաստաթղթերը տրամադրել վրացերենով, ինչը մինչ օրս չէր արվել: Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 29-ը. փաստաբանները պետք է ծանոթանան գործին:
Լուսանկարում՝ ձախից վարորդ Մարտիաշվիլին և Օսման Ուղուրլուն
Մեկնաբանել