
«Ամեն նկարելուց հոգուս մի մասնիկն եմ թողնում»
«Մարաշլեան» ֆոտոատելիե»: Սա լուսանկարների մակագրություն է, որտեղ հիմնականում պատկերված են 19-րդ դարի հայկական տարազներով և ռետրո ոճային հագուստով մարդիկ՝ մեր օրերից: Հատկապես վերջին մի քանի ամիսներին այդ նոստալգիկ լուսանկարները տարածվում են սոցցանցերում: Այդ պատմական անցումների հեղինակը լուսանկարիչ Էմմա Մարաշլյանն է:
Լուսանկարչատան սրահը սպիտակ տարածություն է, որը կինոէկրանի է նման: Այդտեղ կոկիկ դասավորվել են կանացի և տղամարդկանց տարազները, զամբյուղի մեջ գուլպաները, արծաթյա զարդեղենը: Մեծ պատուհաններն առանց վարագույրերի են, որտեղ տեղադրված են տարազներով մանեկեններ: Սրանք, կարծես, երկխոսության մեջ են փողոցի անցորդների հետ: Սենյակի կենտրոնում հայկական կարպետն է, որի վրա էլ կառուցվում են նոստալգիկ կերպարները: Այս ամենը, անհավանական է, կարող ես միանգամից որսալ, հետո արդեն մասնատել այդ պատկերները:
Ես կողքից հետևում եմ սրահ եկած մի ընտանիքի, որը պատրաստվում է լուսանկարվել. կինն է՝ երկու երեխաների հետ, և ամուսնու ծնողները: Նրանք տարազներ հագան, սրահի էներգետիկան հանկարծ փոխվեց: Ինչ-որ թրթիռների փունջ է հայտնվել: Տարեց կնոջ հագին Զանգեզուրի տարազն է, ձայնի մեջ անհանգստություն կա: Տարազի մեջ քայլում է ուղիղ, հայացքի մեջ տեսանելի է հեզությունը: Ընտանիքով շարվում են իրար կողքի՝ պապիկն ու տատիկը նստել են՝ ծնկներին երկու թոռները, նրան հետևում կանգնել է հարսը: Տարազների էներգետիկան շատ ուժեղ է: Այս մասին նշում է Էմմա Մարաշլյանը: Տարազ հագնելուց հետո միանգամից տեսանելի է լինում մարդկանց կերպարանափոխումը՝ մեջքները ուղիղ են դառնում, կանանց հայացքում խոնարհություն է իջնում: Մի քանի դետալներ ուղղելուց հետո մնում է լուսանկարել: Այս մասին ասում է լուսանկարչուհին:
Էմման 20 տարուց ավելի բնակվել է Մոսկվայում: Հայաստան է վերադարձել 2010 թ.-ին՝ ընտանիքի հետ: Երկրորդ երեխան ծնվել է Հայաստանում: Երևան տեղափոխվելուց հետո էլ որոշել է լուսանկարչատուն բացել: Գեղանկարչության հանդեպ առհասարակ, ասում է, սեր ունեցել է մանկության տարիներից, նկարչական խմբակներ էր հաճախում: Հետագայում այդ հմտություններն օգնում էին բժշկական ակադեմիայում, երբ մարդու օրգաններ, բույսեր, կենդանիներ պիտի նկարեին: Էմման մասնագիտությամբ դեղագետ-տեխնոլոգ է՝ Մոսկվայի բժշկական ակադեմիան է ավարտել: Դրան զուգահեռ՝ որպես նախասիրություն, լուսանկարներ էր անում: 2006-07 թթ. լուսանկարչական դասընթացների է հաճախել:
Լուսանկարչության և բժշկության կապի մասին ենք խոսում: Ասում է՝ «քանի որ իմ առաջին մասնագիտությունը մարդկանց հետ գործն է, ես շարունակեցի այն՝ էլի շփվում եմ նրանց հետ, նրանք էլի ինձ համար իմ «պացիենտներն» են»: Ժպտում է: Նրա խոսքով՝ լուսանկարչությունն էլ բժշկության պես է, բայց այդ դեպքում գործ ունես մարդկանց հոգիների հետ: Դիմանկարային լուսանկարներում մարդիկ իրենցից անկախ դրսևորում են իրենց իրական «ես»-ը, բնավորությունը: «Միայն նկարելը չէ, եթե նույնիսկ տեխնիկապես ուժեղ նկարիչ լինես, բայց չկարողանաս հայացքի մեջ բռնես ինչ-որ ասելիք, որ դեմքը խոսող լինի քեզ հետ, դժվար է»,- ասում է լուսանկարչուհին:
![]() |
![]() |
Ավելի շատ նախընտրում է անել կանացի դիմանկարները, և այդ դեպքում կարևոր է կնոջը կանացի ներկայացնելը: «Ամեն նկարելուց թողնում եմ հոգուս մի մասնիկը, կարծես, հոգուս մի տաք անկյուն եմ նվիրում: Կան նկարներ, որտեղ տեսնում եմ իմ աչքերը, իմ բնավորությունը, իմ հայացքը: Անկախ իրենց ցանկությունից, իրենք բացում են իրենց, և դու գիտես, թե ով է այդ մարդը քո առջև»,- նշում է Էմման:
Ֆոտոատելիեն բացել է նախորդ տարվա հուլիսին: Նախքան դա մտածում էր հիմնել մի բան, որը կունենա ինտելեկտուալ հիմք և զարգացումներ: Հետո, նշում է, որ քանի որ իրենք ընտանիքով կապված են հայկական թեմատիկային (Էմմայի հայրական արմատները Ջուղայից են, մայրականը՝ Մուշից), ֆոտոատելիեին ևս ներարկել են այն:
Տարազներ ձեռք բերելու համար համագործակցում են «Տերյան» մշակութային կենտրոնի հետ: Լուսանկարչատանը հիմա աշխատում են 4 հոգով՝ երեք լուսանկարիչներն են, մեկը՝ մենեջերը: Երբ ֆոտոատելիեն նոր էր բացել, անհանգստություն կար, թե ինչպես մարդիկ կարձագանքեն նման մտահղացմանը: Սկզբից իր ընկերներից մի քանիսին լուսանկարեցին, հետո արդեն «տարազով» լուսանկարները սկսեցին տարածվել սոցցանցերում:
Ասում է՝ ներքին զգացումներով է կապված հայկական տարազների հետ, և երբեմն բարկանում է, երբ խեղաթյուրում են դրանք: Ըստ նրա՝ այսօր շատ քիչ խմբեր են լինում, որոնք ներկայացնում են տարազն առանց աղավաղումների:
«Գնում ես թանգարան՝ չի կարելի նկարել, չի կարելի երևի երկար նայել հագուստին, որը չկա ոչ մի պետությունում: Վրաստանը մի գիրք է հրատարակել դոկոմունտալ արխիվներից հանած տարազների մասին, որտեղ ինչ-որ տեղ մեր տարազներն են ներկայացրել՝ որպես իրենց տարազ, և [մերոնք] հանգիստ են վերաբերվում, թե Վրաստանն ինչ է ներկայացնում: Իսկ մեզ մոտ, կարծես, անհասնակալի բաներ կան»,- ասում է լուսանկարչուհին: Առաջիկայում Հայաստանի պատմամշակութային վայրերում էլ մարդիկ կարող են լուսանկարվել տեղանքին բնորոշ տարազներով: Սա, սակայն, դեռ ուրվագծային պատկեր է:
Լուսանկարները՝ ֆոտոատելիեի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել