HY RU EN

«Ինձ առաջարկել են 50.000 դոլար չբողոքելու համար». տուժող

Դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել. որևէ մեկը պատասխանատվություն չի կրել

«Հետքի» խմբագրություն եկած երկու սևազգեստ կանայք՝ (լուսանկարում) մայր ու դուստր Ժաննա և Գայանե Հովհանյանները մեկ տարի է՝ ապրում են առանց ընտանիքի հոր՝ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի: 2013 թ-ի հուլիսի 25-ին նա դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել: Արարատ քաղաքի բնակիչ, տեղի քարի արտադրամասի («Ջի-ընդ Էյ» ՓԲԸ) աշխատակից, 4 զավակների, հաշմանդամ ազատամարտիկի հայր Գյանջիրովը մահացել է կասկածելի հանգամանքներում: Նրա մարմինը գտել են իրավապահները Արարատ քաղաքից 3 կմ հեռու՝ Ավշար գյուղի մոտ՝ սարերում՝ ծառից կախված վիճակում:

Հովհանյան ընտանիքին իրավապահներն ի սկզբանե ասել են, որ իրենց հայրը ինքնասպան է եղել: Սակայն մինչ օրս ընտանիքի անդամները պնդում են, որ Գյանջիրով Հովհանյանին սպանել են: Նրանք անգամ վստահ են, թե ովքեր են կանգնած սպանության հետևում: Ըստ Հովհանյանների` իրենց հոր մահը կապված է քարի հանքի սեփականատիրոջ՝ Ասլան Ավետիսյանի որդիների՝ Նարեկ ու Հովհաննես Ավետիսյանների հետ, ովքեր սակայն, դուրս են մնացել պատասխանատվությունից: Ավելին՝ Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավետյանը դեպքից մեկ տարի անց որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:  

Ի՞նչ է պատահել Գյանջիրով Հովհանյանի հետ դեպքից մեկ օր առաջ

Ժաննա ու Գայանե Հովհանյանները չեն կարողանում մոռանալ անցյալ տարվա հուլիսի վերջին օրերը, թե ինչ ահաբեկումների, սպառնալիքի, սեփական տնից փախուստի, նվաստացման ու վախի մթնոլորտում են ապրել:

«Հայրս սրտի ինֆարկտ տարած մարդ էր, 29 տարեկան եղբայրս սրտի ինֆարկտից մահացավ, մյուս եղբայրս էլ հաշմանդամ ազատամարտիկ է: Այս հոգեկան ապրումներից հայրս էլ հիվանդացավ: Չէինք թողնում, որ ծանր գործ անի: Բայց անցյալ տարի մի 10 օր աշխատեց Արարատի քարի արտադրամասում որպես բանվոր: Տեսել էր, որ քարերը կտրելիս ջարդոններ են առաջանում»,- «Հետքին» պատմեց Գյանջիրովի աղջիկը՝ Գայանեն՝ նշելով, որ հենց այդ ջարդոններն էլ դարձել են ողջ ողբերգության առիթը: Գյանջիրովը ցանկացել է արտադրամասի ջարդոններից վերցնել ու բակը կարգի բերել: Պետի տեղակալը, ըստ տուժողների պատմածի, թույլատրել է: Դրա դիմաց Գյանջիրովը մաղարիչի պես մի բան է կազմակերպել: Հարևանների հետ գնացել են, որ ուտեն-խմեն ու ջարդոնը բերեն տուն:

«Բայց հենց արտադրամասի մուտքի մոտ, դեռ ներս չմտած, «Ջիպով» սպասելիս են եղել տիրոջ երկու տղաները: Նրանք հրել գցել են հորս, ահավոր դաժան ծեծել են նրան, նաև մեր հարևան Վազգենին, տաքսու վարորդ Սամվելին, մենակ պահակ Ալբերտին ոչինչ չեն արել: Մենք տանը նստած էինք, հուլիսի 24-ն էր: Սամվելը եկավ ու պատմեց, որ իրենց ծեծել են: Հետո զանգեց հարևանի կինն ու ասաց՝ փախեք, ձեզ չսպանեն, պապայիդ են ման գալիս»,- պատմեց Գայանեն՝ հիշելով, թե ինչպես են փախել հարևանի տուն, ինչպես են տեսել, որ «Ջիպով» տղաները փնտրում են իրենց, հիշեց հոր խոսքերը. «Ինձ կբռնեն, կսպանեն, խոստացել են»:

«Դուք պիտի տեսնեիք, թե ինչպես էր ամբողջ մարմնով դողում 65 տարեկան տղամարդը»,- պատմում էր Գայանեն: Հետո Գյանջիրովը թաքնվել է հարևանի հողամասում, ծառերի տակ, խոտերի մեջ: Ավետիսյան եղբայրները, Հովհանյանների պատմելով, մտել են հարևան Վազգենի տուն ու հարցրել. «Ո՞ւր ա Գյանջոն, մենք գիտենք, որ ստեղ ա, մեկ ա մեր ձեռից չեն պրծնելու: 5 սուտկա էլ կկանգնեմ, մեկ ա՝ բռնելու եմ: Մեզ փող պետք չի, մենք փողի պրոբլեմ չունենք: Մեզ Գյանջոն ա պետք, պիտի տանենք»:

Հետո Գայանեի հայրը սողեսող գնացել է ուրիշ հարևանի տուն, սիրտը վատացել է, շտապ օգնություն են կանչել, սակայն հայրը վախեցել է գնալ հիվանդանոց, ասել է. «Ասլանի տղերքը կգան, հիվանդանոցում ինձ կսպանեն»:

Հաջորդ օրը առավոտյան հարևան տաքսիստն է եկել ու պատմել, թե ինչպես են Ասլանի տղաները իրեն ու իր ընտանիքը ահաբեկել ամբողջ գիշեր: Հորդորել է, որ Գյանջիրովը գնա Ասլանի տղաների մոտ: Գյանջիրով Հովհանյանը հուլիսի 25-ի առավոտյան 8:30 դուրս է եկել տանից ու այլևս չի վերադարձել:

«Էդ օրը 2 անգամ զանգեց ինձ, ասեց՝ հաց դիր գալիս եմ, հաց դրեցի, էդպես էլ մնաց: Բայց ես ձայներ լսեցի հեռախոսի մեջ, ասեցի՝ ով կա էդտեղ, պատասխանեց, որ մարդ չկա: Հետո ժամը 9-ը չկար զանգեցի, 2 հատ զանգ գնաց ու դարձավ անհասանելի: Ամբողջ գիշեր ման եկանք, իսկ առավոտը զանգեցին ոստիկանությունից»,- պատմեց Գյանջիրովի կինը՝ Ժաննա Հովհանյանը:

«Ներս մտա ոստիկանություն ու ասացի՝ հորս սպանել են Ասլանի տղաները»

Հովհանյաններին դիակի տեղը չեն ասել, հոր մարմինը տուն են բերել միայն հոգեհանգստի օրը. «Այնքան գրիմ էին արել, որ ոչինչ չերևա, բայց շոգի պատճառով թրջոցներ էինք դնում դեմքին, աստիճանաբար սկսեցին երևալ բռնության ու խոշտանգումների հետքերը: Ես լուսանկարեցի: Ուզում էի անկախ փորձագետ հրավիրել, չէի վստահում իրավապահներին: Չեք պատկերացնի, թե ոնց էին համոզում, որ ոչինչ չձեռնարկեմ: Վերահսկող դատախազ Նիկողոսյանը, Ասլանի ընկեր Մանուկ Առաքելյանը, բոլորը ասում էին՝ հաշտեցման եզրեր կան: Այո՛, ինձ առաջարկել են 50.000 դոլար լռելու, չբողոքելու համար, նաև տուն Երևանում: Իրենք հարուստ են, գիտեն, թե ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել, անգամ հարազատի արյունը: Բայց մեզ մեր բարի անունն է պետք»,-ասաց Գայանե Հովհանյանը:

Գայանեն բողոքել է հնարավոր բոլոր ատյաններ: Սակայն տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել նաև Արարատի մարզի դատախազ Հ.Մելիք-Սարգսյանը: Նախաքննական մարմինն ու դատախազությունը գտել են, որ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել: Այս որոշումների դեմ բողոք է ներկայացրել Գայանեն, որը վարույթ է ընդունվել: Բողոքը կլսվի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 3-ին, ժամը 12-ին:

Հ.Գ. Գայանեին մինչ օրս չեն վերադարձրել հոր հագուստն ու բջջային հեռախոսը:

Շարունակելի