
Հայ-վրացական մաթեմատիկա. երկլեզու ուսուցումը Ջավախքում ձախողվել է
Ջավախքի հայկական դպրոցներում Վրաստանի կառավարության ներդրած երկլեզու՝ բիլինգվալ ուսուցման համակարգը ձախողվել է: Ջավախքի դպրոցներում դասավանդող հայ ուսուցիչները, ինչպես նաև աշակերտները մեզ հետ զրույցներում չէին թաքցնում սա:
Երկլեզու՝ հայերեն և վրացերեն դասավանդման ծրագիրը Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ներդրեց երկու տարի առաջ: Պաշտոնապես նպատակը հիմնավորվում էր նրանով, որ Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունները պետք է տիրապետեն պետական լեզվին, իսկ դրա համար անհրաժեշտ է դպրոցներում ուժեղացնել վրացերենի ուսուցումը և բոլոր առարկաները հետզհետե դասավանդել վրացերենով: Այլ կերպ ասած՝ նպատակն էր Ջավախքի հայկական դպրոցները հետզհետե դարձնել վրացալեզու: Ուսումնական ծրագրի 70 տոկոսը պետք է դասավանդվեր մայրենիով, մնացյալ 30-ը՝ վրացերենով: Բացի հայագիտական առարկաներից՝ հայոց լեզվից ու հայ գրականությունից, բոլոր առարկաները պետք ի վերջո դասավանդվեին վրացերեն:
Տպագրվեցին երկլեզու դասագրքերը և աշխատանքային տետրեր: Օրինակ՝ մեր ձեռքի տակ է 6-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը: Վարժություններն ու խնդիրները հայերեն և մերթընդմերթ վրացերեն են: Գիրքը 2012 թվականի հրատարակչություն է: Կազմել են վրացի հեղինակներ՝ Գուրամ Գոգիշվիլին, Թեյմուրազ Վեփխվաձեն, Իա Մեբոնիան և Լամարա Քուրչիշվիլին:
Նույն դասարանի աշակերտներից մեկի տետրում վրացերեն խնդիրների միայն մոտավորապես 5 տոկոսն է տեղ գտել: Մնացյալներն ուղղակի բաց են թողել, քանի որ չեն հասկացել պահանջը:
8-րդ դասարանցի Արտաշեսը պատմում է, որ եթե մաթեմատիկայի պարագայում իրենք ինչ-որ չափով թվերի հետ գործ ունեն, և դասատուի՝ վարժության պահանջը բացատրելուց հետո կարողանում են լուծել այն, ապա մյուս առարկաների՝ «Աշխարհագրության», «Պատմության», «Կենսաբանության» դասընթացների ժամանակ պարզապես վրացերեն հատվածները բաց են թողնում և սովորում են միայն հայերենները: «Կենսաբանություն» դասավանդող ուսուցչուհին (ուսուցիչների անունները չենք հրապարակում իրենց իսկ խնդրանքով) հաստատում է, որ նախ ինքը բավարար վրացերենի գիտելիքներ չունի, որ առարկան բացատրի վրացերենով, երկրորդն էլ ՝ երեխաները նույնպես չեն տիրապետում լեզվին այնչափ, որ կարողանան յուրացնել մասնագիտական տերմիններն ու տեքստերը, ուստի վրացերենները բաց են թողնում և միանգամից անցնում են հայերեն մասերին:
9-րդ դասարանցի Արփինեն ասում է, որ իրենց «Կենսաբանություն» առարկան ամբողջությամբ վրացերեն էր, իրենք դրանից չեն օգտվել, այլ գտել են հայերեն դասագրքեր և սովորել դրանցով: Բաժանված վրացալեզու «Կենսաբանությունը» մինչ տարեվերջ պահել ու նորից նույն՝ թարմ վիճակում հանձնել են դպրոցի գրադարանին:
Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում ասում է, որ չնայած ինքը և իր ուսուցիչները վերապատրաստվեցին այդ ծրագրի համար, սակայն այդպես էլ չկարողացան տիրապետել վրացերենին: Իսկ երկլեզու ծրագրով նախատեսած առարկաներն ամբողջությամբ դասավանդում են հայերեն:
Թե որքան է տևելու երկլեզու ուսուցման ծրագիրը Ջավախքում հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ Վրաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում այս ծրագիրը «գլուխ բերելու» և մեծ գումարներ է ծախսում Ջավախքի հայկական դպրոցներին համապատասխան՝ երկլեզու գրականությամբ ապահովելու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել