
Սեպտեմբերի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ
2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների 0.6% գնաճը հիմնականում պայմանավորված հրուշակեղենի՝ 0.9%, կենդանական և բուսական յուղերի՝ 1.0%, ձկնամթերքի՝ 1.3%, բանջարեղենի և կարտոֆիլի՝ 5.9%, ձվի՝ 9.4% գնաճով:
Նշենք, որ ձվի հանրապետական միջին գինը 2014թ. սեպտեմբերին (2013թ. սեպտեմբերի համեմատ) նվազել է 10.8%-ով, և օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ձվի 4.8-16.8% գնաճ, իսկ, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Երևանում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 9.4%-ով:
Այս ժամանակահատվածում արձանագրվել է խառը կանաչեղենի՝ 3.5%, կանաչ սոխի՝ 4.5%, կարտոֆիլի` 5.5%, կանաչ լոբու 5.8% գնաճ: Միաժամանակ հանրապետությունում արձանագրվել է գազարի` 22.0%, ճակնդեղի`16.4%, գլուխ սոխի 7.4% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է մրգի 12.4-0.7% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.6%-ով:
Մեկնաբանել