
Դաղստանցի կին գրողը պատմում է՝ ինչու էր ստիպված հանդես գալ տղամարդու անվան տակ
Դաղստանցի գրող Ալիսա Գանիևան իր առաջին գիրքը՝ «Салам тебе, Далгат!»-ը, գրաքննադատների դատին է ներկայացրել տղամարդու անվան տակ:
Իր վիպակը նա ուղարկում է «Դեբյուտ» երիտասարդ հեղինակների մրցույթին (2009 թ.) Գուլլա Խիրաչյով անունով: Այս անունով էլ նա նամակագրական կապ է հաստատում կազմակերպիչների հետ և գրավոր հարցազրույցներ տալիս լրագրողներին: Երիտասարդ կին գրողի անձը բացահայտվում է, երբ նրա վիպակը հաղթող է ճանաչվում մրցույթի ժամանակ, և բեմ է բարձրանում Ալիսա Գանիևան:
«Ես այնպես էի ապրում այդ մարդու հետ, որին ես հորինել եմ, որ ինձ երբեմն թվում էր, թե նա ինչ-որ մի տեղ գոյություն ունի և գրում է իմ փոխարեն»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ալիսան:
Շատերի համար էր անսպասելի Ա. Գանիևայի անձի բացահայտումը: Սակայն ավելի բուռն, անգամ բացասական արձագանք է լինում Դաղստանից: Ալիսան իր գրքում ներկայացրել է Դաղստանի իրականությունը, կոլորիտը, սոցիալական կյանքն ու շերտերը: Նրա գրքի հերոսների մեծ մասը կովկասցի տղամարդիկ են, որոնք խոսում են տեղական կոպիտ ժարգոնով: Այստեղ ներկայացված է այն միջավայրը, որտեղ, ըստ կովկասցիների, կինն իրավունք չունի ոտք դնել: Դաղստանցիները սկսում են մեղադրել Ալիսային, որ նա իրավունք չուներ որպես կին նման ձևով արտահայտվել և դա հրապարակել: Իսկ Ալիսան կարծում է, որ պետք է ավելի շատ խոսել սեփական բաց կողմերի մասին: Ռուսերենով Հյուսիսային Կովկասի իրականության մասին շատ չի գրվում, ինչ էլ գրվում է, հիմնականում հիշողություններ են անցած պատերազմներից:
«Երկար ժամանակ ես սպասում էի, որ Կովկասից, մասնավորապես` Դաղստանից ի հայտ կգան նոր հեղինակներ և կնկարագրեն ժամանակակից կյանքը: Ցավոք, նման հեղինակներ ի հայտ չէին գալիս, - ասում է Ալիսան:- Դաղստանում ռուսերենով ժամանակակից արձակը յուօրինակ ճգնաժամ է ապրում, որովհետև բոլորը գրում են ինչ-որ կանոններով և չեն տեսնում շրջակա կյանքն իր բոլոր սև ու սպիտակ կողմերով»:
Նախքան առաջին գիրքը գրական շրջանակներում Ալիսան արդեն հայտնի էր որպես էսսեիստ և գրաքննադատ: Այդ պատճառով էլ ցանկանում էր թաքցնել իր ով լինելը, որպեսզի իր գրքի մասին օբյեկտիվ գնահատականն իմանա: Նրա համար դա նաև հոգեբանական հնարք էր, երբ դեռ չգիտեր, թե ինչպիսին կլինի արդյունքը: Իսկ դաղստանցիներից շատերը բացասական արձագանքեցին, որովհետև ի դեմս գրքի հերոսների ճանաչել էին իրենց:
Ալիսա Գանիևան պատմում է Դաղստանի երկու իրականությունների մասին
Երբ 2002թ. Ալիսան Դաղստանից տեղափոխվում է Մոսկվա, բախվում է երկու իրականության: Մի կողմից տեսնում է, որ բազմաթիվ օտարերկրացիներ անգամ չգիտեն, թե որտեղ է գտնվում Դաղստանը, մոսկվաբնակներ կան, որոնք չգիտեն, որ Հյուսիսային Կովկասը ՌԴ-ի մաս է կազմում: Մյուս կողմից` արդեն մոսկվաբնակ դաղստանցի գրողը պարբերաբար քննադատության է ենթարկվում իր հայրենակիցների կողմից: Ալիսայի քննադատական հայացքների պատճառով նրան սկսում են մեղադրել անհավատության և հայրենիքի դավաճանության մեջ: 2012թ. նա հրատարակում է Դաղստանի մասին պատմող իր մյուս գիրքը՝ «Праздничная гора»:
Ալիսան նկատում է, որ երկու իրականությունների բախում կա նաև Դաղստանում: Այնտեղ մի կողմից նկատվում է Արևմուտքի ազդեցությունը, մյուս կողմից` բարձրանում է կրոնավորությունը, ինչը կարծես թե արմատներին վերադառնալու ուղիներից է: Եթե ԽՍՀՄ տարիներին Դաղստանում ևս աթեիզմ էր, իսկ սեփական պատմությունն ու մշակույթը հայտնվել էին հետին պլանում, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո մասնավորապես երիտասարդները ցանկանում են ընդգծել իրենց ազգային պատկանելությունը: Հայրենասիրության յուրօրինակ պոռթկում է լինում. երիտասարդները սկսում են հայրենասիրական կոչերով հանդես գալ, բայց և շատերը չգիտեն իրենց պատմությունն ու մշակույթը: Ալիսան պատմում է, որ բազմաթիվ երիտասարդներ, որոնք Դաղստանից գնում են ուսանելու մուսուլմանական այլ երկրներում, հետ վերադառնալով` տեսնում են, որ իրենց մոտ իսլամը միայն պաշտոնապես է կրոն: Այնինչ, իրական կայնքում դրան ոչ ոք չի հետևում: Արդյունքում, այդ երիտասարդները դառնում են ավելի պահպանողական, քան իրենց ծնողները, մուսուլմանությունն ընդգծելու համար նրանք սկսում են կրել հիջաբներ:
«Այժմ տեղի է ունենում մեծ գլոբալիզացիա դեպի արևմուտք և արևելք, իսկ սեփականը ջնջվում է: Միաժամանակ, Դաղստանում պայքար է գնում իսլամի ճյուղերի միջև», - ասում է Ալիսան:
Դաղստանցի գրողը նկատում է, որ հասարակությունն անընդհատ ճնշում է անհատին, փորձում պարտադրել իր կանոնները: Իր գրվածքներում նա հաճախ է անդրադառնում, թե ինչպես է մարդը դիմադրում այդ ճնշմանը կամ ենթարկվում դրան, ինչպես է մարդն իրեն դրսևորում, երբ հայտնվում է ավանդական և ժամանակակից աշխարհների խաչմերուկում, ինչպես են միաձուլվում այդ երկու աշխարհները:
«Այժմ Դաղստանում պետք է զարգացնել սեփական մշակույթը և բարձրացնել կրթության մակարդակը,- համոզված է Ա. Գանիևան:- Չգիտեմ՝ արդյոք գրականությունն այստեղ կարող է որևէ բան փոխել, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ կարող է»:
Ալիսա Գանիեւայի լուսանկարը` նրա vk.com-ի էջից
Մեկնաբանել