Բլյուզի սպիտակամորթ թագուհու՝ Ջենիս Ջոփլինի Mercedes Benz-ը
Նաիրա Հայրապետյան
1970թ. հոկտեմբերի մեկն էր. լոսանջելեսյան «Sunset Studio» ձայնագրման ստուդիայում վաղուց հավաքվել էին երաժիշտները: Այդ օրը նոր ալբոմի աշխատանքներից բացի՝ Ջենիս Ջոփլինին (Ջափլին) անհանգստացնում էր ևս մեկ երգ՝ «Happy Trails» վերնագրով: Երաժշտական կոկտեյլ, որը նա նախատեսել էր ութ օր անց որպես նվեր ուղարկել Ջոն Լենոնին՝ 30-ամյակի առթիվ: Բայց հանկարծ անսպասելիորեն նա խնդրում է պրոդյուսեր Փոլ Ռոտշիլդին միացնել ձայնագրիչը:
«Ես մի երգ ունեմ, որն այս երեկո անպայման ուզում եմ երգել»,- շշնջաց նա: Եվ չնայած ներկաների մեջ կազմ ու պատրաստ սպասում էր նվագակցողների և բեք- վոկալի կատարյալ մի խումբ` դրա անհրաժեշտությունը չզգացվեց: Ջենիսը հաստատուն քայլերով մոտեցավ միկրոֆոնին և ուրախությունից առկայծող աչքերով հայտարարեց. «Ուզում եմ ներկայացնել քաղաքական և սոցիալական առումով շատ կարևոր մի երգ. ահա այսպես՝ « Օհ, Տեր, չե՞ս գնի ինձ համար «Մերսեդես-Բենց»: Իմ բոլոր ընկերները «Պորշեով» են շրջում… ես միշտ ծանր աշխատանքով եմ ապրել՝ առանց նրանց օգնության…»:
Աստծուն ուղղված այս խնդրանքին հաջորդեցին ևս մի քանիսը՝ գնել իր համար նաև գունավոր հեռուստացույց, վճարել երեկոյան զվարճանքների և խմիչքի համար: Նա երգում էր՝ հնարավորինս մեղմացնելով վիսկիով ներծծված, խռպոտ բայց չափազանց հզոր ձայնը:
Երգը ձայնագրվեց ընդամենը մեկ փորձով և դարձավ վերջինը երգչուհու կյանքում, քանի որ երկու օր անց, բլյուզի սպիտակամորթ թագուհուն գտան մահացած: Այն մեկ տարի անց ներկայացվեց հանրությանը «Pearl» ալբոմի կազմում և համարվեց հիպիական դարաշրջանի խորհրդանիշ-երգերից մեկը, որը ծաղրում և հակադրվում էր սպառողական հոգեբանությանը: Նյութական արժեքներ, որոնք Ջենիսը, այնուամենայնիվ, երջանկության բանաձևի մեջ որևէ կերպ չէր տեղավորում:
«Ինչ-որ բան ունենալու ցանկությունն է մարդուն թախծի մեջ նետում,- մի առիթով ասել է նա,- նա երջանիկ չէ ոչ թե չեղածի պատճառով, այլ որովհետև երազում է այն ունենալ»:
Ասում են՝ «Mercedes Benz»-ը Ջոփլինը գրել է Ջիմ Մորիսոնի մտերիմներից մեկի՝ ամերիկացի գրող և երգահան Մայքլ Մըքքլուրի համանուն երգի մոտիվներով: Ավելի ճիշտ՝ մի նախադասությունից տպավորված: Նյու Յորքում գտնվելիս` մի երեկո նա ընկերների հետ բիլիարդ էր խաղում: Վերջիններս խաղին զուգահեռ մերթընդմերթ երգում էին Մըքքլուրի երգը՝ չնայած ընդամենը մի քանի տող էին հիշում: Ջենիսին դուր եկավ շարունակ հնչող «Oh Lord, won’t you buy me a Mercedes Benz»-ը: Երբ նա Կալիֆոռնիա վերադարձավ, իր մեկ այլ ընկերոջ՝ Բոբ Նյուվըրթի հետ սկսեց աշխատել նոր տեքստի վրա՝ ընդգրկելով, իհարկե, Նյու-Յորքում լսածը: Հետո Ջենիսը զանգահարեց և այդ մասին տեղեկացրեց Մ. Մըքլուրին՝ միաժամանակ հարցնելով նրա կարծիքը: «Կարո՞ղ ես երգել հիմա»,- հեռախոսից այն կողմ հնչեց գրողի ձայնը, ով վայրկյաններ անց, լսելով Ջենիսի տարբերակը, ասաց՝ «Ես, այնուամենայնիվ, նախընտրում եմ իմ գրածը»: Հետո սկսեց երգել բնօրինակը: «Ես նախընտրում եմ ի՛մ տարբերակը»,- նրան լսելուց հետո ծիծաղելով եզրափակեց զրույցը Ջենիսը: Գործն ավարտվեց խաղաղությամբ և Մըքքլուրի անունը նույնպես նշվեց որպես երգի համահեղինակի:
Մեկ այլ մեկնաբանություն, սակայն, բոլորովին այլ ընթացք է վերագրում երգի ստեղծմանը: Երգիչ Բոբի Ուոմաքի վկայությամբ՝ Ջոփլինը «Mercedes Benz»-ը գրել է երգչի ավտոմեքենայով շրջագայելուց հետո` տպավորված հենց նրա Mercedes Benz-ից:
1970թ.-ին, երբ Ջենիս Ջոփլինը աշխատում էր իր նոր ալբոմի վրա, նա արդեն հաղթահարել էր մեծ ճանապարհ դուրս գալու դժվարությունը, 1966-68 թթ-ից և ճանաչված էր որպես «Big Brother and the Holding Company»-ի առաջնորդ-մեներգիչը, բլյուզի անկրկնելի սպիտակ թագուհին՝ Սան Ֆրանցիսկոյից: Իր անհատական կարիերան զարգացնելու գործը վստահել էր Փոլ Ռոտշիլդին՝ «The Doors»-ի պրոդյուսերին: Ըստ պայմանավորվածության՝ Ջենիսն արդեն պետք է ձայնագրվեր «Sunset Sound» ստուդիայում: Հաջորդ շաբաթների ընթացքում նա «Full Tilt Boogie Band» –ի հետ իր ողջ ներուժը կենտրոնացրել էր ձայնագրությունների վրա:
Նոր ու հզոր երգեր, որոնք համալրեցին Ջոփլինի կենսագրության էջերը նոր փայլով՝ «Move Over», «Me and Bobby McGee»: Հետո ալբոմի շարքը պետք է եզրափակեր «Mercedes Banz»-ը: Երգը տարիներ անց՝ 90-ականներին, գործածվել է «Mercedes»-ի գովազդային հոլովակում: Մեկ այլ առիթով նույնիսկ «BMW»-ն է դիմել երգի օգնությանը: Հանրաճանաչության ուժն այս դեպքում խամրեցրել է մարքետոլոգների մտահոգությունը՝ չէ՞ որ աշխարհի հզորագույն ապրանքանիշերի «գովքն անող» երգի ենթատեքստում Ջենիսն իր հզոր ձայնի ներգործությամբ հենց փշրում է դրանց կարևորության իմաստը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել