
Եվրասիական տնտեսական միություն. գնաճը զգալու ենք մեր մաշկի վրա
Հարցազրույց տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Ղարիբ Հարությունյանի հետ
-Ղարիբ, հոկտեմբերի 10-ին Մինսկում սպասվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը: Ի՞նչ է տալու այդ միության անդամակցությունը Հայաստանին:
-Առայժմ միայն կարող ենք ուրվագծել Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցության հնարավոր հետևանքներն ու ազդեցությունները, սակայն իրական գնահատականներ տալու համար, կարծում եմ, պետք է իրականացվի որոշակի մասնագիտական հետազոտություն: Քանի որ նաև «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական կենտրոնի նախագահն եմ, մենք նմանատիպ հետազոտություն ենք նախաձեռնել, որպեսզի կարողանանք հստակորեն հիմնավորել՝ ինչպիսի՞ հնարավոր ազդեցություններ կան այդ անդամակցությունից:
Նախևառաջ մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք. մեծ ապրանքաշրջանառություն ունենք ինչպես ՌԴ-ի և Մաքսային միության մյուս անդամ-երկրների, այնպես էլ այլ երկրների հետ: Իմիջիայլոց, ցուցանիշները վկայում են, որ մյուս երկրների հետ մեր ապրանքաշրջանառության ծավալը և ընդհանրապես հարաբերությունները մեծ տեսակարար կշիռ ունեն ըստ տարիների:
-Ո՞ր երկրների մասին է խոսքը:
-Առաջին տեղում Եվրամիության երկրներն են, հաջորդ տեղում ՌԴ-ն է, որից հետո արդեն նվազում է: Այս առումով այդ միությանն անդամակցությունը կարևոր ազդեցություն է ունենալու, քանի որ այդ ապրանքաշրջանառության նկատմամբ կիրառվելու են որոշակի այլ դրույքաչափեր, դա կարող է լինել 0-ական դրույքաչափ կոնկրետ ԵՏՄ-ի պարագայում, իսկ, այսպես ասած, մյուս երկրների համար կիրառվելու են այլ դրույքաչափեր:
-Մի քիչ պատկերավոր կասե՞ք՝ Հայաստանը տնտեսականորեն ի՞նչ է ձեռք բերելու հունվարից հետո, քանի որ պայմանագիրը, որ պետք է ստորագրվի այս ամսի 10-ին, կիրառության մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարից:
-Նորից ասեմ, որ կարող եմ տալ տնտեսական ազդեցության ուրվագիծ, բայց հաշվարկված, թվային ցուցանիշներ առայժմ չեմ կարող ասել, որովհետև դեռևս հետազոտություն չունեմ:
-Լավ, իսկ այդ ուրվագծային պատկերն ինչպիսի՞ն է:
-Ուրվագծային պատկերը հետևյալն է՝ այն ապրանքները, եթե պարզ ասեմ, որոնք ներկրում ենք Եվրամիության անդամ-երկրներից, ավելի շատ են, քան այն ապրանքները, որոնք ներկրում ենք, օրինակ, ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից և այլն: Այդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվելու են որոշակի մաքսադրույքներ, որոնք ներկա մաքսադրույքներից տարբեր են: Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ մաքսադրույքներն ավելի բարձր են լինելու: Սա նշանակում է, որ նույն ապրանքների համար ունենալու ենք սահմանից ներմուծված ապրանքի առավել բարձր գին: Բնականաբար, ներսում՝ մանրածախ առևտրում, այդ բարձր գինը զգալու ենք մեր մաշկի վրա: Այսինքն՝ հիմնական խնդիրը գնաճն է, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու սպառողների շրջանում:
Հաջորդ կարևոր հանգամանքը, որի ազդեցությունը զգալու ենք, սպառման կառուցվածքային փոփոխությունն է, երբ մարդիկ որակյալ ապրանքի փոխարեն նախընտրելու են ձեռք բերել անորակ, բայց էժանագին ապրանք:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ հունվարից Եվրամիության երկրների հետ ապրանքաշրջանառությունը կարող է նվազել:
-Այո՛, միանշանակ կնվազի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում սպառման մակարդակն այդքան էլ բարձր չէ: Օրինակ, մենք ունենք աղքատության բավական բարձր մակարդակ, այդ մեծ թվով աղքատները չեն կարողանալու լրացուցիչ գումարներ հատկացնել սպառմանը, հետևաբար, այն ապրանքները, որոնք թանկանալու են, չեն գնելու, որոնց հանդեպ պահանջարկը նվազելու է: Դրա փոխարեն այլ ապրանքներով պետք է բավարարվի այդ պահանջարկը: Սա նշանակում է, որ այն ապրանքների նկատմամբ, որի հանդեպ պահանջարկ կա, պետք է բավարարվի ուրիշ տեղերից ներմուծմամբ, հետևաբար, ապրանքաշրջանառությունն այդ երկրներից կրճատվելու է՝ հօգուտ ԵՏՄ երկրների:
-Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, հոկտեմբերի 10-ից՝ նաև Ղրղզստանի հետ Հայաստանն ի՞նչ տնտեսական կապեր է ունենալու, ի՞նչ ապրանքներ է ներկրելու:
-Այս առումով պետք է ուսումնասիրենք մեր ապրանքային շուկայի և ներմուծվող ապրանքներ կառուցվածքը: Եվ այն ապրանքները, որոնք ունեն բարձր տեսակարար կշիռ, կարող են առաջարկել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Օրինակ, մեզ մոտ շատ է ներկրվում կանադական մսամթերքը: Եթե հիմա այն թանկանում է մեզ համար մաքսադրույքի բարձրացման պատճառով, բնականաբար, մեր ներմողները պետք է փոխարինող ապրանք գտնեն Ղազախստանում կամ Բելառուսում, որտեղ նույնպես մսամթերքի արտադրություն կա:
-Եթե ընդհանրացնենք մեր խոսակցությունը, ստացվում է, որ, ԵՏՄ-ին անդամակցելով, մեզ առաջին հերթին սպասվում է գնաճ: Այդ դեպքում դրական որևէ տնտեսական տեղաշարժ տալի՞ս է մեզ այդ միությունը:
-Դրական տեղաշարժն այն է, որ եթե կարողանանք արդյունավետ օգտագործել ապրանքաշրջանառության և հատկապես մեր արտահանման պոտենցիալը, եթե կարողանանք գտնել լավ շուկաներ ԵՏՄ անդամ-երկրներում զրոյական մաքսադրույքի պայմաններում, այս առումով կարող է դրական երանգներ ունենալ՝ խթանելով մեր արտադրությունը: Սա, սակայն, մի քիչ ռիսկային կարելի է համարել, քանի որ առայժմ չգիտենք և նման ուսումնասիրություններ չկան, թե արդյոք այդ շուկաները պատրաստակամ են ընդունել մեր ապրանքները կամ այդ շուկաներում կա՞ համապատասխան պահանջարկ, որը կարող է լրացնել մեր հայրենական արտադրանքը:
-Իսկ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական կապը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում: Շատ է խոսվում հնարավոր մաքսակետի մասին:
-Տնտեսական տեսանկյունից կարող եմ պատասխանել: Հայաստանի տնտեսությունը մեծ թելերով կապված է Ղարաբաղի տնտեսության հետ: Ունենք բազմաթիվ ապրանքներ, որոնք ներկրում ենք Ղարաբաղից, և ունենք բազմաթիվ ապրանքներ, որոնք սպառվում են Ղարաբաղի շուկայում: Եթե նմանատիպ սահման է դրվում և ԼՂՀ-ի հանդեպ կիրառվում է երրորդ երկրի տարբերակ, միանշանակ այն բերելու է տնտեսական հարաբերությունների վատթարացման: Խնդիր ենք ունենալու որոշակի պահանջարկի բավարարման: Այդ դեպքում հնարավոր է, որ այլևս ձեռնտու չլինի Ղարաբաղից ներմուծվող ապրանքները վաճառել այստեղ, և շատ հնարավոր է՝ ավելի ձեռնտու լինի, ասենք, Ռուսաստանից ներկրումը:
-Ի՞նչ է ենթադրում այդ մաքսակետի գոյությունը: Փորձենք հակիրճ ձևակերպել:
-Մաքսակետի գոյությունը ենթադրում է երկու տարբերակ: Այն կարող է դրվել, բայց ձևական բնույթ ունենալ, և օրենսդրությունը չիրականացվի: Սա շրջանառվող տարբերակներից մեկն է: Բայց եթե դրվի և կիրառվի, նշանակում է, որ այն մաքսադրույքները, որոնք սահմանված են ԵՏՄ-ից դուրս երկրների համար, կիրառվելու են նաև ԼՂՀ-ի համար: Իսկ դա նշանակում է, որ այն բոլոր ապրանքները, որոնք ներմուծվում և արտահանվում են, ընկնում են այդ մաքսային դրույքաչափերի մեջ, որոնք, բնականաբար, գիտենք, բերելու են գնաճի՝ գումարած մյուս տնտեսական հնարավոր հետևանքները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել