HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Մատենադարանի վերականգնման բաժինը համապատասխանում է եվրոպական կենտրոնների չափանիշներին»

Ձեռագիր և տպագիր նմուշները, որոնք հաճախ ենթակա են լինում կորստի, վնասման, հիվանդությունների, երբևէ այնպիսի ուշադրության չեն արժանցել, ինչպես այժմ: Այս մասին այսօր՝ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի բացման ժամանակ, ասաց նախագծի հեղինակ, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ Արա Խզմալյանը:

Սեմինարը նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին և հնարավորություն կտա խոսել ոլորտի խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին, կատարել փորձի փոխանակում: Այն անցկացվելու է 3 հիմնական բաժնով` վերականգնումներ, բարձր տեխնոլոգիաներ և ֆոնդապահություն:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը տեղեկացրեց, որ ստեղծվել են նոր բաժիններ, աշխատանքի է ընդունել ավելի քան 100 մասնագետ, և «Մատենադարանում սերնդափոխություն է կատարվում»: Միաժամանակ վերականգնման բաժինն ունի համալրման կարիք՝ չնայած լավ է աշխատում:

Վերջին տարում ձեռք է բերվել մոտ 1500 ձեռագիր, սակայն տարվա ընթացքում հասցնում են վերականգնել 100-120-ը: Իսկ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ վերջին 2 տարվա ընթացքում Մատենադարանը վերականգնել է շուրջ 10 հազար միավոր արխիվային փաստաթուղթ, սկսվել են նաև դրանց թվայնացման աշխատանքները:

Մոսկվայի վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտի ձեռագրերի վերականգնման բաժնի ղեկավար Իննա Մոկրեցովան նշեց, որ խորհրդային տարիներին տարբեր առիթներով այցելել է Հայաստան, ծանոթացել հայկական ձեռագրերին և հայ մասնագետներին, սակայն Հայաստանում չի եղել շուրջ 20 տարի:

Իննա Մոկրեցովայի խոսքերով՝ Մոսկվայի Լենինի անվան պետական գրադարանում հայտնաբերվել է մի քանի հայկական ձեռագիր, որից 2-ը բերվել է իրենց ինստիտուտ` վերականգնման: 15-րդ և 17-րդ դարի այդ նմուշները եղել են շատ վատ վիճակում, քանի որ չեն մշակվել շուրջ 50 տարի: Իսկ Ս. Պետերբուրգի Էրմիտաժում, Ազգային գրադարանում և այլ կառույցներում Իննա Մոկրեցովան տեսել է բազմաթիվ հայկական ձեռագրեր, որոնք, նրա խոսքերով, շատ մեծ դպրոց են:

Ա. Խզմալյանը տեղեկացրեց, որ հետագայում Մատենադարանն ունենալու է կրթական կենտրոն, որտեղ պատրաստելու է իր ապագա մասնագետներին: Այդ առումով ևս կարևոր է գիտաժողովը, որը թույլ է տալիս մասնագիտական կապեր հաստատել այլ երկրների հետ: Իսկ Հ. Թամրազյանը հավելեց, որ սեմինարը վերականգնում է խաթարված կապերը և թույլ տալիս դրանք զարգացնել ու ամրապնդել:

Ա. Խզմալյանը նշեց, որ վերականգնման սարքեր պատրաստող առաջատար կազմակերպություններից մեկի ղեկավարը Մատենադարանի վերականգնման բաժնի գործունեությունն ուսումնասիրելուց հետո ասել է, որ Մատենադարանի իր «բոլոր չափանիշներով համապատասխանում է եվրոպական վերականգնման կենտրոններում կատարվող աշխատանքներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter