HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ համ կունենա Շալանդի «ապուրը». այսօր՝ Հայաստան-Սերբիա

Այսօր՝ 20:00-ին, կմեկնարկի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը: Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ ընդգրկված են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական I խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ Պորտուգալիայի, Դանիայի, Ալբանիայի ընտրանիները: Այս պահի դրությամբ խմբի առաջատարները դանիացիներն ու ալբանացիներն են, որոնք առաջին խաղերում համապատասխանաբար 2-1 եւ 1-0 հաշիվներով հաղթել են Հայաստանին ու Պորտուգալիային:

Եթե մեր թիմը սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում խաղում էր առանց Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի, ապա հիմա կորուստներն էլ ավելի շատ են. այս խաղացողներին ավելացել են Հենրիխ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը, որոնք նույնպես վնասվածքներ ունեն: Այսինքն՝ այսօրվա խաղում բացակայելու է Հայաստանի հավաքականի հարձակողական բռունցքը, առանց որի շատ դժվար է լինելու: Վնասվածք ստացած պաշտպան Հրայր Մկոյանը թերեւս նույնպես չի խաղա:

Նման դժվար իրավիճակ, երբ բացակայում է հիմնական կազմի 5 խաղացող, որոնք բոլորն էլ շատ կարեւոր դերակատարում ունեն թիմում, դժվար է հիշել: Երեկ կայացած ասուլիսում իրավիճակը մեկնաբանել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ նշելով, որ խաղին մասնակցողները պետք է պայքարեն մինչեւ վերջ: Սա առիթ է փոխարինողների համար ցույց տալու, որ իրենք արժանի են ազգային թիմի հիմնական, գուցե եւ մեկնարկային կազմում տեղ ունենալուն:

Այս տարվա հունիսին Գերմանիա-Հայաստան (6-1) խաղից հետո գրել էինք, որ Հայաստանի հավաքականը նման է կիսաֆաբրիկատի, որի շվեյցարացի խոհարարը բաղադրատոմս է փնտրում: Նյութը հենց այդպես էլ վերնագրել էինք: Հետաքրքիր զուգադիպությամբ երեկվա ասուլիսում իրեն հենց այդպես է բնորոշել նաեւ Շալանդը, ով ասել է. «Իհարկե, դժվար է առանց առաջատարների, սակայն իմ աշխատանքը լուծումներ գտնելն է: Կարելի է ասել, որ ես խոհարար եմ ու պետք է լավ կերակուր պատրաստեմ: Եթե ես իմ տրամադրության տակ ունենայի խավիար, լոբստեր ու փափուկ միս, հիանալի հարսանեկան աղցան կարող էի պատրաստել, սակայն ունեցած մթերքներով էլ կարելի է հիանալի ապուր պատրաստել»:

Թե ինչ կստացվի արդյունքում, կիմանանք երեկոյան, սակայն ամեն ինչ չէ, որ կախված է շվեյցարացի «խոհարարից» ու նրա «ապուրից»: Սերբիայի ընտրանին բավականին ամուր թիմ է, որն այս պահին ընթանում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 34-րդ տեղում: Մեր ընտրանին էլ 52-րդն է: Քանի որ I խմբում 5 թիմ կա, առաջին տուրը սերբերը բաց են թողել, սակայն, սահմանված կարգի համաձայն, ընկերական հանդիպում են անցկացրել «Եվրո-2016»-ի կազմակերպիչ Ֆրանսիայի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում՝ ամսի 14-ին մեր ընտրանին էլ պետք է մրցի աշխարհի նախկին չեմպիոնների հետ: Խաղը կրկին տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում 20:00-ին: Հիշեցնենք, որ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը երկու անգամ մրցել է սերբերի հետ. Բելգրադում կայացած հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի 3-0 հաշվով հաղթանակով, իսկ Երեւանում գրանցվել է 0-0, չնայած մեր թիմը ձեռքից բաց թողեց մի շարք լավ հնարավորություններ: Ընկերական մեկ խաղ էլ կայացել է 2012-ին Կիպրոսում, որում մեր թիմը խաղում էր հիմնականում երիտասարդական կազմով եւ պարտվեց 0-2 հաշվով:

Այսօր կկայանա նաեւ I խմբի Ալբանիա-Դանիա հանդիպումը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հայաստան-Սերբիա հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:

Ահա նրանք, ովքեր Հայաստան-Սերբիա եւ Հայաստան-Ֆրանսիա հանդիպումներին մասնակցելու հրավեր են ստացել:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

Գևորգ Կասպարով «Միկա»

Արսեն Բեգլարյան «Ուլիս»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (Մակեդոնիա)

Լևոն Հայրապետյան «Պրիբրամ» (Չեխիա)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Ալեքս Էնրիկե դա Սիլվա «Միկա»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս» (Հունաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

Արթուր Եդիգարյան «Կայրաթ» (Ղազախստան)

Արտակ Դաշյան «Վարդար» (Մակեդոնիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Զավեն Բադոյան «Գոմել» (Բելառուս)

Արտյոմ Սիմոնյան «Զենիթ» (Ռուսաստան)

Մասիս Ոսկանյան «Փյունիկ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Արթուր Միրանյան «Վարդար» (Մակեդոնիա)

Ալեքսանդր Կարապետյան «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter