HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Դոգմա» ռոք խումբն առանց դոգմաների

«Դոգմա» ռոք խումբն իր հերթական փորձն է անում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում գտնվող իրենց փոքր ստուդիայում: Այս անգամ խմբի մեներգչուհի Զառան վերջապես միացել է տղաներին, որովհետև վերջին շրջանում իր երկու փոքր երեխաների հետ զբաղվածության պատճառով քիչ է գալիս խմբի փորձերին:

«Դոգման» ցանկանում է կոտրել այն կարծրատիպը, թե ռոքը պետք է երգել անգլերենով

«Դոգմա» ռոք խումբը ստեղծվել է 2008 թ.-ին: Հիմնադիրները կիթառահարներ Վարդան Գրիգորյանն ու Հենո Գրիգորյանն են, որոնց միացել են մեներգչուհի Զառա Գևորգյանը և թմբկահար Դերենիկ Վարդումյանը՝ Դերիկը: Ինչպես խմբի երաժիշտներն են նշում՝ Զառան իրենց միացավ շատ պատահական: Եկել էր ստուդիայում ձայնագրվելու, դարձավ նորաստեղծ խմբի մեներգչուհին: 

«Տեսանք, որ խայտառակ, աննորմալ, ֆանտաստիկ ձայն ունի», - «Հետքի» հետ զրույցում հիշում է Վարդանը:

«Դոգմայի» առաջին ալբոմը՝ «Էթնիկ-մեթնիկը» թողարկվել է 2009 թ.-ին:  Երկրորդը՝  «under dogma»-ն խումբը թողարկել է 2013 թ.-ին: Խումբը ներկայացնում է պրոգրեսիվ մետալ ռոք, որը միաձուլված է հայկական էթնիկ երաժշտության տարրերով:

Խմբի երգերի երաժշտությունը գրում է Հենոն, իսկ բառերը՝ Զառան: Սակայն խմբի անդամներից այս երկուսի համագործակցությունը շարունակվում է նաև ստեղծագործական կյանքից դուրս: Զառայի՝ խմբում հայտնվելուց որոշ ժամանակ անց Հենոն ու Զառան ամուսնանում են. նրանք արդեն 4 տարի է՝ ամուսնացած են: Չնայած միասին շատ երգեր են գրել, բայց իրենց լավագույն ստեղծագործությունները Հենոն ու Զառան համարում են իրենց երկու երեխաներին:

Վերջերս խմբում տեղի են ունեցել փոփոխություններ: Մոտ երկու ամիս առաջ խմբից հեռացել է թմբակահար Դերիկը: Նրան փոխարինել է Գոռ Ավետիսյանը:

Գոռ Ավետիսյան Հենո Գրիգորյան

Խումբն իր երգացանկում ունի նաև անգլերեն տեքստով երգեր, որոնցից մի քանիսը ներառված են երկրորդ ձայնասկավառակում: Սակայն նրանց մոտ գերակշռում են հայերեն երգերը: «Դոգման» ցանկանում է կոտրել այն կարծրատիպը, թե ռոքը պետք է երգել անգլերենով, կամ հայերեն տեքստով ռոք երգը չի ընկալվում: Դա դոգմա է:

2012 թ.-ին «Դոգմա» խումբը մասնակցել է գերմանական հեղինակավոր «Wave Gotik Treffen» փառատոնին, որի ժամանակ մենահամերգով հանդես է եկել Լեյպցիգի կենտորնական թատրոնում:

«Մենք ուղղակի ուզում ենք լավ համերգով ներկայանալ: Մարդը, որ գալիս է մեր համերգին, ուզում է լսի մեր առաջարկը, ոչ թե մենք ուրիշի առաջարկած մեսիջին ծափահարենք», - ասում է Վարդան Գրիգորյանը:

«Դոգման» հաճախ է հրաժարվում մասնակցել ակցիաների, առավել ևս՝ քաղաքական

«Այստեղ ռոք երաժշտությունն ասոցացվում է ակցիաների հետ: Եթե քաղաքականության մեջ մեկն իրեն հայտարարում է ընդդիմություն, ենթադրվում է, որ եթե ռոք երաժիշտ ես, պետք է կողքը կանգնես, աջակցես, միտինգ անես: Կամ էլ սոցիալական խնդիրների աջակից լինես», - ասում է Վարդան Գրիգորյանը:

Ռոք խմբի անդամները համոզված են, որ իրենք կարող են ավելի շատ օգնել, օրինակ, քաղցկեղով հիվանդ մարդուն, եթե գնան ու նրա հաշվեհամարին գումար փոխանցեն, ոչ թե բեմից հանդես գան կոչերով: Զրույցի ընթացքում Վարդանն ու Զառան հիշում են, որ մի քանի տարի առաջ որոշ ակցիաների իրենք ևս մասնակցել են, բայց նրանք կողմնակից չեն պարբերաբար մասնակցել այն ակցիաներին կամ փառատոներին, որոնք կողմ կամ դեմ են որևէ երևույթի: Այդ պատճառով էլ «Դոգման» հաճախ է հրաժարվում մասնակցել ակցիաների, առավել ևս, եթե դրանք քաղաքական են:

«Ես մարդկանց հետ ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել, դուք ինձ հա բրդում եք՝ արի էս քաղաքականությունը, էն մեկի ընտրությանը երգի», - ասում է Վարդան Գրիգորյանը:

Զառա Գևորգյան Վարդան Գրիգորյան

«Դոգման» խուսափում է առնչվել քաղաքականության հետ: Խմբի անդամները համակարծիք են, որ դա ոչ ազնիվ ոլորտ է. քաղաքականությունը մի տեղ է, որտեղ «միշտ խաբված կլինես»: Խմբի անդամների կարծիքով, բարեգործական համերգների մեծ մասն արդեն վերածվել է PR-ի` մասնակիցների և կազմակերպիչների համար:

Վարդանն ու Զառան ծիծաղելով ասում են, որ չեն հասկանում՝ ինչու են երգիչները բեմից գոռում՝ «չեմ տեսնում ձեր ձեռքերը», «հիմա միասին ձեռքերը վեր»:

«Քո անելիքը երաժշտությունը տեղ հասցնելն է: Եթե այն հասավ, ինքը կուզի դա անի, չի ուզի, չի անի», - ասում է Զառան:

«Հետքի» այն հարցին, թե իր երաժշտությամբ ինչ է ուզում իր լսարանին հասցնել «Դոգման», Վարդանն ասում է, որ իրենց համար կարևոր է անհատը, թե ինչ ազդեցություն կթողնի իրենց երաժշտությունը տվյալ կոնկրետ ունկնդրի վրա: Կա առանձին ունկնդիր, ոչ թե ուղղակի ընդհանուր լսարան: Այդ ժամանակ խմբի անդամները հիշում են, որ անգամ եղել է, երբ ամբողջական համերգի ծրագիր նրանք նվագել են միայն մեկ հոգու համար, ով չէր կարողացել ներկա գտնվել իրենց համերգին:

«Ուզում ենք համերգները լինեն իսկական: Համերգ-տոմս. վճարեն և ստանան ազնիվ պրոդուկտ: Եթե դուրը չի գալիս, այդ դեպքում էլ թող լոլիկ շպրտի: Համերգի գինը չպետք է գցեն», - համոզված է Վարդան Գրիգորյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter