HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ հորը սպանել են, բայց որևէ մեկը պատիժ չի կրել». տուժող

Սկիզբը 

Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը շարունակում է պնդել, որ իր հորը՝ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին սպանել են 2013 թ-ի հուլիսի 25-ին: Նրա դին գտել են ծառից կախված՝ տնից մոտ 3 կմ հեռու: Իսկ դեպքից մեկ օր առաջ նա վկա է եղել, թե ինչպես է հայրը ահաբեկված ու վախեցած պատմել Ասլան Ավետիսյանի տղաների մասին (Գյանջիրով Հովհանյանն աշխատել է Ավետիսյանների քարի արտադրամասում), ովքեր խոստացել են իրեն սպանել՝ ենթադրյալ գողության կասկածանքով:

Սակայն Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավետյանը դեպքից մեկ տարի հետո որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Ըստ Արթուր Ավետյանի, Գյանջիրով Հովհանյանին Ավետիսյան եղբայրները (քարի արտադրամասի տիրոջ՝ Ասլանի տղաները՝ Նարեկը և Հովհաննեսը) ո՛չ սպանել են, ո՛չ դրդել կամ հակել են ինքնասպանության, միայն ապտակել է Նարեկ Ավետիսյանը (ՔՕ 118 հոդված), այն էլ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վերջին համաներման հիմքով:    

Ըստ քննիչի, հանցագործության դեպք չկա 

Քննիչ Արթուր Ավետյանը Հովհանյանների ցուցմունքները գնահատել է «որպես ենթադրություններ», որոնք չեն հաստատվել այլ ապացույցով: Ըստ քննիչի, Գայանե Հովհանյանը գործի ելքով շահագրգիռ անձ է: 

«Այո, ես շահագրգիռ եմ, բայց միայն նրանում, որ ճշմարտությունը բացահայտվի, փրկվի իմ հոր բարի անունը, իսկ մի՞թե Ավետիսյանները շահագրգիռ չեն, որ չբացահայտվի ճշմարտությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Հովհանյանը: 

Ըստ քննիչի, նորմալ է, երբ անձը չի դիմել ոստիկաններին իրավախախտում կասկածելու հիմքով: Այսպես՝ նախաքննությունը որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք  իրավաչափ է եղել, երբ Նարեկ Ավետիսյանը իր հոր տարիքի մարդուն՝ Գյանջիրով Հովհանյանին տեսնելով քարի արտադրամասում, գողության փորձ կատարելու կասկածով, ոչ թե դիմել է ոստիկանություն, այլ անձամբ է հարցերը լուծել: Այդ մասին վկայություն է տվել հենց ինքը՝ Նարեկ Ավետիսյանը. «բարկացել է, հայհոյել, նաև մի քանի անգամ ապտակել է Գյանջիրով Հովհանյանին»: 

Ըստ հետմահու դատահոգեբանա-հոգեբուժական համալիր փորձաքննության, Նարեկ ու Հովհաննես Ավետիսյանների գործողությունների ու Հովհանյանի մահվանը նախորդող հոգեվիճակի միջև առկա է պատճառհետևանքային կապ: 

Սակայն նախաքննության մարմինը որոշման մեջ նշել է, որ Ավետիսյան եղբայրները չեն գիտակցել ու չէին կարող գիտակցել իրենց գործողությունների հանրային վտանգավորությունը: 

«Հետքը» ծանոթացավ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քննիչ Արթուր Ավետյանի որոշմանը, որը բազմաթիվ հարցականների ու չփարատված կասկածների հիմքեր տվեց: 

Քննիչ Արթուր Ապրեսյանը չի պատասխանել տասնյակ հարցերի 

Ի՞նչ է պատահել Գյանջիրով Հովհանյանի հետ անցյալ տարվա հուլիսի 25-ին: Այս ու դրանից բխող այլ հարցերի պատասխաններ Հովհանյանները մինչ օրս չեն ստացել: Օրինակ՝  որտե՞ղ է գտնվել Գյանջիրով Հովհանյանը հուլիսի 25-ի առավոտյան տնից դուրս գալուց հետո մինչև մահը, ինչո՞վ է զբաղվել, ո՞ւմ հետ է ալկոհոլ օգտագործել (արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ), ինչպե՞ս է հայտնվել բնակավայրից դուրս՝ դաշտում, որտեղի՞ց այն մետաղալարը, որից կախված է եղել նրա մարմինը, հնարավո՞ր էր արդյոք 2.5մմ տրամագծով մետաղալարը առանց որևէ գործիքի ձեռքով պտտել, նրա հագուստի վրա որտեղի՞ց են առաջացել 40x7 սմ չափերով արյան հետքերը, ինչո՞ւ դատաբժիշկը չի նկարագրել աչքի տակի վնասվածքը (դիակը ծածկված է եղել գրիմով, Գայանեն այն հետո է նկատել ու լուսանկարել՝ ներկայացնելով նախաքննությանը), մարմնական վնասվածքները ի՞նչ հանգամանքներում են պատճառվել, որ հագուստի վրա վնասվածքներ չկան, փոխարենը միայն արյուն է և այլ նմանատիպ հարցեր: 

Ըստ փաստաբանի` մահվան դեպքով այլ վարկածներ չեն քննվել 

Փաստաբան Գարիկ Մալխասյան 

 «Հետքը» զրուցեց տուժողի իրավահաջորդ ճանաչված Գյանջիրով Հովհանյանի դստեր՝ Գայանեի շահերի ներկայցուցիչ, փաստաբան Գարիկ Մալխասյանի հետ: 

«Եթե ծառի վրա արյուն չի հայտնաբերվել, իսկ հագուստների վրա բազմաթիվ արյան հետքեր կան, ապա ինչու չի քննարկվել վարկած, որ Գյանջիրովը չի բարձրացել այդ ծառը, այլ «օգնական» է եղել, որը կապել է մետաղալարը: Դեպքի վայրում չի հայտնաբերվել որևէ երկտող կամ հաղորդագրություն, չի հայտնաբերվել Գյանջիրով  Հովհանյանի ծխած սիգարետի մնացորդներ: Լինելով ծխող մարդ՝ վերջին անգամ նույնիսկ սիգարետ չի ծխել, ինչը ևս տարօրինակ է: Այս ամենը խիստ կասկածելի է: Սրանք հարցականներ են, որոնք պիտի փարատվեին քննության ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Գարիկ Մալխասյանը: 

Ըստ փաստաբանի, միայն քննությամբ չպարզված այս հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Գյանջիրով Հովհանյանին անցյալ տարվա հուլիսի 25-ին ծեծել են, քիթը կոտրել, արյուն է եկել, որից հետո կամ կարծելով մահացած է՝ կախել են հետքերը թաքցնելու համար, կամ կախելու եղանակով են սպանել կամ էլ հարկադրել են, որ Հովհանյանն ինքը կախվի: 

«Տեղի է ունեցել սպանություն և այս հանգամանքների ուղղությամբ պետք է քննություն կատարվեր և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով միայն պարզվեր կամ հերքվեր այս փաստը: Բազմաթիվ չպարզված հանգամանքների առկայությունը վկայում է, որ քննիչի կողմից ոչ թե իրականացվել է օբյեկտիվ քննություն, այլ՝ Ավետիսյանների հովանավորչություն»,- նշված է Գայանեի բերած բողոքի մեջ, որը լսվելու է հոկտեմբերի 20-ին Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում: 

Հ.Գ. Թե ինչպես է մահացած Գյանջիրով Հովհանյանի դուստրը վարել իր սեփական հետաքննությունը ու ինչեր է բացահայտել, կներկայացնենք շարունակությամբ:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter