HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահեստազորի մայորը միջնորդեց որպես վկա հրավիրել Սերժ Սարգսյանին

Շանթ Հարությունյանի գործով արդեն մեկ տարի կալանք կրող 14 քաղաքացիներից միայն մեկն է իրեն մեղավոր ճանաչում: 18-ամյա ուսանող Մկրտիչ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց այդ մասին:

Բազմազավակ ընտանիքի, 5 զավակների հայր, ազատամարտիկ, Դավիթ Բեկ գյուղի նախկին գյուղապետ Ալեք Պողոսյանի փաստաբանը դատարանից խնդրեց արդարացնել իր պաշտպանյալին ու ազատել դատարանի դահլիճից: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց Ալեք Պողոսյանի անցած ուղուն՝ շեշտելով, որ վերջինը 44 տարեկան է, վատառողջ, ընտանիքի միակ կերակրողն է, կալանքի պատճառով արդեն 1 տարի 5 անչափահաս երեխաների խնամքը չի կարողանում հոգալ, կինը չի աշխատում, ունի թոշակառու մայր, ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է:

Ալեք Պողոսյանն ինքը խոսեց քաղաքական հետապնդումից, իր ու մյուս 14 քաղաքացիների քաղաքական հայացքներից: Նա իր ելույթը սկսեց ամբաստանյալներից Սևակ Համբարձումյանի ու Հայկ Հարությունյանի մայրերի խոսքերով: Նրանք ասել էին, որ սխալվել են՝ դաստիարակելով հայրենասեր տղաներ: Ալեք Պողոսյանը խոսեց արժեքների խեղումից, դրանց պատճառներից:

Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց փաստաբաններից իրենց պաշտպանությունը կազմակերպելու համար, բայց ասաց, որ նոր խոսք էր ուզում լսել. «Ոնց կարելի է ակնհայտ անմեղ մարդու համար ասել 5 երեխա ունի, մեղմացուցիչ հանգամանք է և այլն, կարծես ի սկզբանե ընդունում ենք, որ մեղավոր է, բայց մեղմացուցիչ հանգամանք կա: Ստրատեգիան սխալ է կառուցված»,- իր ելույթում նշեց Շանթ Հարությունյանը՝ խոսելով նաև Սահմանադրության մասին, որտեղ գրված է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ըստ նրա, այդ ձևակերպումը սխալ է, պիտի լինի՝ ինշխանությունը պատկանում է քաղաքացուն:

«Հայաստանը դարձել է անկախ պետություն, բայց մնացել է հին մտածողությունը, Սովետից էլ էն կողմ, ճորտատիրական կարգեր: Հայաստանում արդարադատություն չկա, չի կարա լինի, որովհետև կան մարդիկ, ովքեր օրենքից վեր են: Ոստիկանությունն էլ սադրանք ա անում, որովհետև գիտի, որ անպատիժ ա մնալու… դրա համար մարտի 1-ն էլ չի բացվելու… Միայն հեղափոխություն ա պետք, մտքի հեղափոխություն»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Շահեն Հարությունյանն էլ, ում համար պետական մեղադրողը պահանջել է 5 տարվա ազատազրկում, իր խոսքում ասաց. «Այո՛, ես խփել եմ ոստիկանի և չեմ զղջում արարքիս համար, եթե նորից այսպիսի իրավիճակ ստեղծվի, նորից կանեմ: Մեր ընտանիքի պայքարը հանուն Հայաստանի անկախության սկսել է պապիկիս հորից՝ Հարություն Հարությունյանից: Նրան ԿԳԲ-ն հալածեց, աքսորեց: Նրանից հետո պայքարը շարունակել են նրա որդիները՝ Շահեն եւ Մարզպետ Հարությունյանները: Հիմա պայքարում է Շահենի որդին՝ Շանթ Հարությունյանը:  Ես շարունակելու եմ Հարությունյանների 70-ամյա պայքարը, պայքարելու եմ ազատ, ինքնիշխան Հայաստանի համար, բանտարկությունն ինձ չի ընկճելու: Ես հպարտ եմ, որ նման ընտանիքի զավակ եմ ու նրանց զավակը»:

Հատված Շահեն Հարությունյանի պաշտպանական խոսքից

Պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց այսպես. «Ինչքան անմարդկային ու անբարոյական պետք է լինել, որ անչափահաս Շահեն Հարությունյանի համար պահանջել 5 տարվա ազատազրկում, էն էլ ինչի համար, որ փորձել է իր հորը պաշտպանել ոստիկանական բռնությունից: Ի՞նչ եք ուզում դրանով ապացուցած լինեք, ուզո՞ւմ եք վերջնական պղծել էս ժողովրդին, թե՞ ուզում եք ապացուցել, որ ոստիկանի զգեստով իշխանության ցանկացած ներկայացուցիչ իրավունք ունի ոտնահարել բոլոր սրբությունները: Ուշքի եկեք, ի՞նչ է՝ դուք ինքներդ զավակ չունե՞ք»: 

Արմեն Հովհաննիսյանն իրեն հայտարարեց քաղաքական բանտարկյալ. «Ես՝ մայոր Արմեն Հովհաննիսյանս, շուրջ 20 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, պարգևատրվել եմ բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով, ես քաղբանտարկյալ եմ, հալածվում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից իմ քաղաքական դիրքորոշման, հայրենասեր լինելու և արժանապատվություն ունենալու համար»: 

Նա հայտարարեց, որ իրական ընդդիմությունն այսօր բանտված է. «Շարունակեք վախեցած դժգոհել խոհանոցներում և տարբեր անկյուններում, շարունակեք ապրել պատվազուրկ ստրուկների պես: Ու ոչ մի մտավորական, ոչ մի կուսակցություն թող իրավունք չվերապահի իրենց անվանելու ընդդիմություն: Հայաստանում կա մեկ ընդդիմություն, այդ ընդդիմությունը գտնվում է այս դահլիճում և նստած է ամբաստանյալների աթոռին»: 

Պահեստազորի մայորը դիմեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Եթե իմ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, վստահ եղեք, որ դա իշխանության վրեժխնդրության հետևանքն է»: 

Նա միջնորդեց նաև դահլիճ հրավիրել Սերժ Սարգսյանին՝ պարզելու, թե ինչ է հայտնի նրան անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի մասին՝ հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Առաջնեկին ընդամենը 3 օր տեսած Ավետիս Ավետիսյանն էլ  հայտարարեց, որ իրենց պայքարը եղել է հանուն արժեքների վերափոխման. «Ռուսաստանի կողմից մեր երկրի գաղութացման նպատակը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, օտար երկիր է, բայց դրան աջակցողներին անհնար է հասկանալ»:

Հանրային խորհրդի անդամ Հայկ Հարությունյանն ասաց. «Համոզված եմ, որ արդարադատությունը հաղթելու է հիմա, թե մի քիչ ուշ… Հնարավոր է՝ այս կալանքը մեջ ավելի շատ ազատություն լինի, քան այս հասարակարգում»:

Ըստ Սևակ Համբարձումյանի, Հայաստանը դառնում է քցող-չարչու հոմանիշ: «Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ նման երկիր չէր ուզում, երբ պայքարում էր: Բայց Հայաստանը բերրի դաշտերի շքեղ երկիր է: Ու էդ Հայաստանը մենք բերելու ենք: Անգամ եթե 100 տարվա դատապարտեք, 126 տարի հետո ես էլի պայքարելու եմ հանուն էդ Հայաստանի»:

Տիգրան Պետրոսյանը մեջբերեց Նժդեհի խոսքերը. «Ես ունեմ 2 աստվածություն՝ արդարություն և Հայաստան: Ես էստեղ բոլորին ճանաչում եմ որպես նժդեհապաշտ»:

Վարդան Վարդանյանի կարծիքով, եթե արդարություն չկա, չկա նաև արդարադատություն. «Մեր դատարաններում դատում են միայն արդարներին: Ես դա իմ կաշվի վրա զգացի… Էսօր Մաքսային միություն ստորագրելով՝ մենք կոծանեցինք Հայաստանը: Առանց դրա էլ ամեն ինչ ծախել էինք Ռուսաստանին, իրենց ագենտներն էլ կային: Հիմա մեզ ուղարկելու են Ռուսաստան նստենք, բայց ուզում եմ իմանամ՝ ինձ մաքսազերծելու են, նոր են ուղարկելու բերդ, թե առանց մաքսազերծելու են ուղարկելու»:

Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 17-ին, կլսվեն Վահե Մկրտչյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի պաշտպանական ճառերը, այնուհետև 14 քաղաքացիների վերջին խոսքը ու դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter