HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քանի գրոշ արժե Հիպոկրատի երդումը

«Հնդկական պատուհասի»` դիաբետով հիվանդների համար պետգնումներով ձեռք բերված հնդկական «DiaZone MR»-ի ներկրումը սկսվեց 2012-ից, դեղը շատ արագ գրանցվեց: Սակայն մինչև դեղի գրանցումն ընկերությունն արդեն շահել էր մրցույթում: Սովորաբար երբ նոր դեղ են գրանցում, գործընթացը մինչև 6 ամիս տևում է, այս մեկը` «DiaZone MR»-ը, գրանցվեց միանգամից` մեկ ամսվա ընթացքում:

Դեղը գրանցվել է բազամաթիվ խախտումներով: Ներդիրի թերթիկում կային բազմաթիվ բժշկական սխալներ: Դեղ օգտագործողների մոտ առաջանում էին բազմաթիվ կողմնակի երևույթներ` մկանային ցավեր, սրտխառնուք, գլխապտույտ, գլխացավ: Բժիշկներն այս ամենի մասին ներկայացրել են փաստաթղթեր դեղգործակալությանը, բայց դրանք ընթացք չեն ստացել: Բժիշկների բողոքները անհեթեթ պատճառաբանությամբ քննության չեն ենթարկվել, որ իբրև սխալներ կան գրածների մեջ, հապավումներով են գրել և այլն:

Մի բան հստակ է. այս դեղը ներկրող ընկերության թիկունքում կանգնած են այնպիսի մարդիկ, որ նույնիսկ նախարարի փոխվելուց հետո ոչինչ չի արվում: Մրցույթը կազմակերպվել է առողջպահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի պաշտոնավարության ժամանակահատվածում: 

Պետպատվերով դեղերի գնման մեջ կա մի էական բացթողում: Մրցույթում հաղթող է ճանաչվում էժան գին առաջարկողը, և դուրս է մնում մի կարևոր հանգամանք. առաջնային չեն համարվում դեղի որակը, նրա համապատասխանելիությունը միջազգային ընդունված չափանիշներին:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից մեր վերջին հարցման ժամանակ փորձել ենք պարզել` արդյոք այս դեղի և նույն ընկերության կողմից Հնդկաստանից ներկրվող դեղերը բավարարում են Հայաստանում պետական գրանցման պահանջներին և խնդրել ենք տրամադրել դեղերի գրանցման համար օրենքով պահանջվող փաստաթղթերի պատճեները, մասնավորապես` դեղի` արտադրող երկրի գրանցման հավաստագիրը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արամ Պետրոսյանը անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է տրամադրել պատճեները: Բայց իրականում պատճառը մեկն է. դեղի գրանցման ժամանակ այդ փաստաթղթերը չեն եղել և հիմա էլ չկան: Հակառակ դեպքում դրանք կհրապարակեն: Հակառակ դեպքում մեր նամակին կպատասխաներ գոնե աշխատակազմի ղեկավարը, որովհետև նախարարությունում բոլորը հասկանում են, որ պատժվելու են իրենց կատարած ապօրինությունների համար:

Հիպոկրատի երդում տված այս մարդիկ լռել են, այսօր էլ շարունակում են լռել: Բժիշկները, ոլորտի մասնագետները ոչ հրապարակային հանդիպումներում պատմում են դեպքեր, որոնց հիման վրա կարելի է քրեական գործեր հարուցել: Եղել են դեպքեր, երբ հիվանդները կոմայի մեջ են հայտնվել, բայց բժիշկները թաքցրել են իրական պատճառները: Նրանք իրենց հիվանդներին դատապարտել են դանդաղ մահվան: Երբ բժիշկներից մեկին ասացի` բայց դուք Հիպոկրատի երդում եք տվել, ինչու եք լռում, թեթև ժպտաց, մի պահ դադարից հետո ավելացրեց` աշխատանքս կկորցնեմ, եթե խոսեմ:

Մեկնաբանություններ (1)

առաքել
Ռուսական կեղծ դեղերն ավելի լավն են՝ իմանալով, նրանք թույն մույն չեն դնում, միայն անվնաս կիր ու կավիճ ! Իսկ ավելի լուրջ՝ հայը որ մի պատուհասին դիմանա այլեւս, քանի ցույց ու միտինգ անի, գլուխը որ պատին խփի բազմապիսի սրիկաներից ազատվելու համար? Գոնե մի երկու Չինացի դատավոր վարձեն բերեն - նման հանցանքի համար նրանց մոտ անխոս մահապատիժ է: Գուցե մենք նրացից ավել ենք քանակապես, որ մի քանի հազար հոգի էլ հեչի նման զոհվեն տղերքի գրպանների համար: Եղբայր, էս արդեն ծայր աստիճանի անասնություն է, թուրքի գենոցիդից բեշ-բեթար!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։