
Վահրամաբերդ գյուղը, մահացած երեխաները և ՌԴ զինվորականները
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղը գտնվում է Գյումրիից շուրջ 10 կիլոմետր հեռու` դեպի արևմուտք: Այդ գյուղի վարելահողերի մեծ մասը, ՀՀ կառավարության որոշմամբ, անհատույց տրամադրվել է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազային` որպես պոլիգոն:
Երեխաների մահը ռուսական կողմին այդքան էլ չի հուզում
2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդցի երկու երեխա մահացան ռուսական արկի պայթյունի հետևանքով: Ողբերգական այս միջադեպի որևէ մեղավոր առայսօր չի պատժվել:
Հայաստանի դատախազությունն ու ոստիկանությունը գրություններով հայտնել են, որ որևէ տեղեկություն (նյութեր) չունեն այդ միջադեպի կապակցությամբ: Քրեական գործը վարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի հարավային զինվորական շրջանի 517-րդ կայազորային քննչական բաժինը:
Մահացած երեխաներից մեկի մայրն ասում է, որ իրենց ընտանիքը որևէ ուշադրության չի արժանացել ռուսական ռազմաբազայի ղեկավարության կողմից: Սակայն դեպքից հետո նրանք աջակցություն են ստացել Հայաստանի ՊՆ-ից այն դեպքում, երբ ՊՆ-ն որևէ մեղավորություն չունի երեխաների մահվան մեջ:
Ավելին, ի հեճուկս պաշտոնական հայտարարությունների, պոլիգոնի մասին վկայող որևէ նախազգուշացնող նշան մենք չգտանք: Այսինքն` այսօր ևս, որևէ մեկը ապահովագրված չէ պոլիգոնի խորքում պատահաբար հայտնվելուց և մեկ այլ չպայթած արկի զոհ դառնալուց:
Գյուղ` մարտի դաշտում
Վահրամաբերդցիներն (այդ թվում` գյուղապետը) պատմում են, որ ռուսական զորքերը համարյա ամեն շաբաթ` երեքշաբթիից հինգշաբթի, զորավարժություններ են անում: Ընդ որում, զորավաժրություններն անում են թե հրազենի, թե տանկային հրետանու կիրառմամբ:
Դիրքերը, որտեղից վարժանքների ժամանակ կրակում են տանկերը, գտնվում են մոտակա տներից շուրջ 200 մետրի վրա, իսկ հրաձգությունները, երբեմն, տևում են մինչև գիշերվա ժամը 1-ը: Այդ տների բնակիչներն ասում են, որ համազարկերի ցնցումներից հաճախ ապակիներ են ջարդվում և անգամ եղել են դեպքեր, երբ ջահը առաստաղից պոկվել և ընկել է:
Սակայն անհարմարությունները չեն սահմանափակվում միայն կեսգիշարային համազարկերով: Քանի որ գյուղը մնացել է առանց արոտավայրի, հովիվները հաճախ անասուններին տանում են պոլիգոն, ինչը երբեմն վատ է հետեւանք է ունենում:
Այսպես, օրինակ, օգոստոսին մի հովիվ իր անասունների հետ հայտնվեց տանկային կրակի տակ: Ու թեև հովվին հաջողվեց փրկվել, սակայն արկի պայթյունից մեկ կով ու մի քանի ոչխար սպանվեցին:
Հայ գյուղացու գործը` առոչինչ
Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը պատմեց, որ ռուսական զորքերը դեպի պոլիգոն ճանապարհին իրար հետ մրցելու համար հաճախ դուրս են գալիս ճանապարհից և «մրցումներ կպնում» ցանած հողերի վրա՝ որևէ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ դա ահռելի վնաս է տալիս գյուղացիներին (հաճախ դա անում են անգամ թրթուրավոր զրահատեխնիկայով):
Բացի այդ, պարզվում է, որ ռուսական կողմը համարյա 1000 հեկտարանոց պոլիգոնի համար որևէ հարկ չի վճարում (համաձայն հայ-ռուսական պայմանագրի), ինչի արդյունքում շրջակա 3 գյուղերի համայնքային բյուջեները գումար չի մուտքագրվում: Սակայն այդ տարածքնրը ռազմաբազային անհատույց փոխանցած Հայաստանի կառավարությունը դրա դիմաց որևէ աջակցություն չի տրամադրում գյուղերին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել