
Խոշոր հանքարդյունաբերողը դատի է տվել ֆիննախին
Ֆինանսների նախարության օպերատիվ հետախուզության վարչությունը մի շարք ընկերությունների դեմ լրացուցիչ վճարման ենթակա գումարների ակտեր է կազմել: Ամենախոշոր ակտը` 3,8 մլրդ դրամ կամ մոտ 9,5 մլն դոլար չափով, գրվել է հանքարդյունաբերող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի դեմ: Այս ընկերությունը (նախկինում կոչվում էր «Դինո Գոլդ Մայնինգ») ներկայում շահագործում է Կապանի Շահումյան բանավանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:
Այսօր Կապանում կայացած ասուլիսի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողներին հայտնեց, որ ֆիննախը ակտն իրենց ներկայացրել է սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 30-ին էլ «Դանդի»-ն մտել է դատարան` վիճարկելով փաստաթուղթը:
Չնայած Ջաբրայանը, նշելով, որ դատարանի վարույթ է ընդունվել գործը, հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց, datalex.am համակարգից տեղեկանում ենք, որ ամսի 27-ին կազմված թիվ 1013395/1ստուգման ակտն անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջով գործը հոկտեմբերի 3-ին ընդունվել է վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի վարույթ: Նիստի օր դեռեւս չի նշանակվել:
Հ. Ջաբրայանը հայտնեց, որ իրենց մեղադրում են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի դրույթները խախտելու մեջ, սակայն համոզված է, որ իրենք միանգամայն ճիշտ են. «Տուգանքը մենք համարում ենք չարդարացված եւ չհիմնավորված օրենսդրության որեւէ ողջամիտ մեկնաբանությամբ: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեզ դատարանում: Ընկերության պաշտոնյաներն ու իրավաբանները այս պահին շարունակում են հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ` հստակություն ձեռք բերելու տուգանքի վերաբերյալ, որովհետեւ հստակ չէ տակավին: Մեզ համար տուգանքը չափազանց անհամաչափ է ներկայացված: Հայաստանում այս մեծությամբ տույժերի կիրառումը ենթադրյալ սխալ գործությունների համար, անկեղծ ասած, ցավալի է եւ շարունակական խոչընդոտ է հանդիսանում ավելի հուսալի բիզնես-միջավայրի ստեղծման համար»:
Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ 2006-ից ի վեր, ինչ ստանձնել են Կապանի բազմամետաղային հանքավայրի օգտագործումը, մեծ ջանքեր են գործադրել Հայաստան ներմուծել հանքաքարի վերաբերյալ արեւմուտքում կիրառվող հանքարդյունաբերական գործնական եւ ղեկավարման աշխատաոճը: Ըստ բանախոսի` այդ ընթացքում իրենք շուրջ 190 մլն դոլարի ներդրում են կատարել հանքում, իսկ Կապանում իրականացրել են բարեգործական տարբեր նախագծեր:
«Այս իրավիճակը անվերջ չի կարող շարունակվել: Մեզ ընկալում են որպես թափանցիկ, բարոյական նորմերով աշխատող օտարերկրյա ներդրող: Թեեւ այս պահին չունենք պլաններ փակելու ընկերությունը եւ աշխատավարձերը կրճատելու, հստակ ասում եմ. պահանջում ենք, որպեսզի երկրի պաշտոնյաները գիտակցեն, որ սա սկզբունքային բիզնես է, որը պիտի հետ վերադարձնի մեր կողմից կատարված ներդրումները»,- հայտարարեց Ջաբրայանը:
Գլխավոր տնօրենը ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ասաց, թե չի կարծում, որ սա հատուկ կեցվածք է «Դանդի»-ի հանդեպ` նշելով, որ նախկինում էլ ուրիշ հանքարդյունաբերողներ են այսպիսի մեծ գումարներով տուգանվել: Բայց միաժամանակ ասաց, թե իր համար մտահոգիչ է, որ մի կողմից` Հայաստանը շարունակաբար ուզում է ներգրավել արեւմտյան ներդրումներ, բայց մյուս կողմից` «ունենք ոչ թափանցիկ մոտեցում այդ ներդրողների դեմ»:
«Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերության ներկայացուցիչը շեշտում է, որ օտարերկրյա ներդրողը Հայաստանում գումար է դնում բիզնեսի, շահի համար, այլ ոչ թե սիրում է Հայաստանը: Եվ եթե չլինի թափանցիկ աշխատելու միջավայր, գոնե արեւմտյան ներդրողները կհեռանան այստեղից: Ջաբրայանի համոզմամբ` իր ընկերությունն ամենաթափանցիկ աշխատող հանքարդյունաբերողն է մեր երկում ու չի բացառում, որ կարող էր թիրախավորվել հենց այդպիսին լինելով, սակայն, միեւնույն է, կարծում է, որ ճիշտը թափանցիկ գործելաոճն է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել