
Ոստիկանության մայորը չկարողացավ նշել իր իրավունքներն ու պարտականությունները
Վարդան Պետրոսյանի գործով երկու արձանագրությունների տակ ստորագրած երկրորդ ընթերակայի փնտրտուքը դեռ շարունակվում է: Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանի միջնորդությամբ դատարան էր հրավիրվել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երևան ավտոճանապարհին վթարից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության մայոր Մկրտիչ Խուդավերդյանը: Ի դեպ, նրա անունը որպես դեպքի վայրի զննությանը մասնակցած անձի նշված է արձանագրության մեջ, սակայն նրա ստորագրությունն այնտեղ չկա:
- Ինչո՞վ կբացատրեք Ձեր ստորագրության բացակայությունը,- հարցրեց դատախազը:
- Մտածեցի՝ բոլոր մասնակիցները կստորագրեն, հետո ես կստորագրեմ, բայց մոռացա: Հաջորդ օրը գնացի քննիչի մոտ, ասացի, որ մոռացել եմ ստորագրել, պատասխանեց, որ արդեն ուշ է, նյութերը պատճենահանվել են և ուղարկվել դատախազություն:
- Դեպքի վայրի զննությանն ովքե՞ր էին մասնակցում,- դատախազի մյուս հարցին վկա Խուդավերդյանը պատասխանեց՝ փրկարարները, քննիչը, ՃՈ աշխատակիցները, ինքն ու 2 ընթերակաները:
- Ովքե՞ր էին ընթերակաները,-հարցրեց դատախազը:
- Չեմ ճանաչում նրանց, մեկը տարիքով էր, մյուսը՝ երիտասարդ:
- Ինչու՞ եք համոզված, որ նրանք ընթերականեր էին:
- Ես կանգնած էի, քննիչը հրավիրեց նրանց, ասաց, որ ընթերականեր լինեն:
Վարդան Պետրոսյանի պաշտպաններ Նիկոլայ Բաղդասարյանի ու Սամվել Ջաղինյանի հարցադրումներին պատասխանելով՝ վկան նշեց, որ չափագրումներին մասնակցել է այնքանով, որ մեկ-երկու անգամ մետրի մի ծայրը բռնել է՝ օգնելով քննիչին: Այս հարցերի առնչությամբ առարկեց տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ որևէ կապ չունի, թե մետրի ծայրն ով է բռնել:
- Հարգելի դատարան, գործին կցված տեսանյութից էլ է երևում, որ ընթերակաները չեն մասնակցում չափագրմանը, իսկ Դուք թույլ չեք տալիս տեսանյութից հարցեր տալ վկային,-հայտարարություն արեց փաստաբան Բաղդասարյանը:
Տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ դեպքի վայրի զննությունը տևել է 1 ժամ 10 րոպե, իսկ տեսագրությունը՝ մի քանի րոպե: «Եթե Գագիկ Շամշյանը 1 ժամ 10 րոպե նկարեր զննությունը, դա կարելի էր ընդունել»,- ասաց Բալոյանը: Իսկ պաշտպան Բաղդասարյանն էլ հստակեցրեց, որ խոսքը ոչ թե ամբողջ զննությանն է վերաբերում, այլ միայն չափագրության պրոցեսին, որն էլ հենց նկարահանված է:
Ապա փաստաբան Սամվել Ջաղինյանը հարցրեց ոստիկանության տեսուչ վկային՝ կարող է, արդյոք, ասել, թե ինչ է գրված դեպքի վայրի զննության սխեմայի մեջ: Վկան պատասխանեց, որ չի հիշում:
- Արձանագրությունը, սխեմայի մեջ գրվածը կարդացվե՞լ է Ձեզ համար,-հարցրեց պաշտպան Ջաղինյանը: Վկան դրական պատասխան տվեց:
- Ամբողջությամբ հասկացե՞լ եք,-շարունակեց պաշտպանը:
- Չեմ հիշում, մեկ տարի անցել է,-պատասխանեց վկան:
- Ի՞նչ է՝ Ձեզ սովորեցրե՞լ են «չեմ հիշում» արտահայտությունը,- ռեպլիկ արեց պաշտպանը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հորդորեց զերծ մնալ նման որակումներից:
Իսկ երբ Վարդան Պետրոսյանի պաշտպանը հարցրեց՝ արդյոք վկան կարող է թվարկել իր իրավունքներն ու պարտականությունները որպես քննչական գործողության մասնակցի, վկան ասաց՝ չեմ կարող:
Հետո գյուղնախարարության իրավաբան Կարապետյանը ներկայացրեց իրենց փոփոխած հայցը, ըստ որի՝ նախկին 2 մլն 263.000 դրամի փոխարեն Վարդան Պետրոսյանից պահանջում են 1 մլն 200.000 դրամ, իսկ 1 մլն 800.000 դրամի փոխհատուցում ստանալու համար դիմելու են ապահովագրական ընկերություն:
- Ստացվում է, որ եթե Ձեր հայցը բավարարվի, նախկինից ավելի շատ գումար եք բռնագանձելու՝ մոտ 3 մլն դրամի չափով,- ասաց դատավոր Մկրտչյանը:
- Մենք հույս չունենք, որ ապահովագրական ընկերութունից կարող ենք 1 մլն 800.000 դրամ փոխատուցում ստանալ, դա է պատճառը, որ այդպես ենք գրել,- պատասխանեց պետական մարմնի իրավաբանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց գործին կցել մի շարք նյութեր՝ գեոդեզիական կենտրոնի կատարած դեպքի վայրի էլեկտրոնային չափագրման արդյունքները, «Աքիլլես» ՀԿ-ի կողմից դեպքի վայրի սխեմայի ու գեոդեզիական կենտրոնի չափագրության համեմատականը: Ըստ այդմ՝ երկու չափագրումները չեն համապատասխանում իրար: Այս մասին հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը: Կարծիք հայտնելու համար ժամանակ խնդրեցին տուժողի շահերի ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը:
Հ. Գ. Դերասան Վարդան Պետրոսյանի ընկերները Ֆրանսիայում նախաձեռնել են ակցիա՝ ազատություն Վարդանին գրությամբ: Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դիմաց դերասանի հայաստանյան գործընկերներն ու քաղաքացիները միացել էին այդ ակցիային:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել