
Արտադրված է Կապանում. կապանցի տրիկոտաժագործը
Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի նախկին պահակակետն այսօր ազատ է, հսկիչներ չկան, իսկ հսկիչների խցիկին փոշու հաստ շերտ է նստել:
Ժամանակին այս անցակետի դիմաց սենյակ կար, որտեղ աշխատակիցներին ստուգում էին աշխատանքի ավարտից հետո՝ թել, գործվածք «չթռցնելու» համար: Այս մասին պատմում է կապանցի տրիկոտաժագործ Արմեն Մարգարյանը, հետո շարունակում, թե ֆաբրիկայի ծաղկուն տարիներին գողությունները շատ էին:
Ասում է՝ նույնիսկ դեպք է եղել, երբ աշխատակիցն այդ օրն առանց ներքնաշորի էր աշխատանքի գնացել, իսկ տուն գնալուց «բռնեցրել» էին գողոնը՝ հագին 5-6 ներքնաշոր: Այս օրինակի համար զրուցակիցս ներողություն է խնդրում, բայց ասում է՝ դա էր իրականությունը:
![]() |
![]() |
Այս պատմություններն էլ լսել է հին աշխատակիցներից ու հորից՝ Դերենիկ Մարգարյանից: Վերջինս եղել է Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրենը 1981 թվականից (մինչ այդ տարվա աշունը Կապանում գործել է Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման Կապանի կարի ֆաբրիկա, այնուհետ ֆաբրիկան դուրս է եկել այդ միավորման կազմից): Կապանցիների շրջանում Դ. Մարգարյանին անվանում են «Տրիկոտաժի Դերո», իսկ պատերազմի տարիներին՝ «Քեռի Դերո»: Արմենն ասում է, որ «Քեռի Դերո» անունը կնքել էր Վազգեն Սարգսյանը: 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվել է «Սոնատեքս» ԲԲԸ-ի կողմից, որտեղ 20 տոկոս բաժնեմասը պատկանում է ֆաբրիկայի աշխատակիցներին: Ընկերության նախագահը Դերենիկ Մարգարյանն է, իսկ գործադիր տնօրենը որդին՝ Արմենը:
Կապանյան գործվածքը՝ իտալական պիտակներով
Երիտասարդ տրիկոտաժագործը նշում է, որ մանկության տարիներից է սկսել հետաքրքրվել այս ոլորտով, դպրոցական տարիներին էլ իրենց պրակտիկայի էին բերում ֆաբրիկա, բայց ոլորտում սկսել է աշխատել զինծառայությունից վերադառնալուց հետո: Դա 2001 թ. էր, սակայն այդ ժամանակ սկսվեց ընկերության գործերի անկումը: Այդ տարիներին աշխատում էին ամերիկացիների համար, սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով թռիչքները հետաձգեցին, և այլևս չէին կարողանում իրացնել արտադրանքը:
Այնուհետ Արմենը հիշում է, որ ժամանակին աշխատել են իտալացիների, ֆրանսիացիների համար: Որպես ապացույց մեզ ուղեկցում է նախկին արտադրամասերից մեկը, որտեղ դեռևս պահպանել են մի քանի ցուցանմուշներ: Կանացի շագանակագույն վերնազգեստից դժվար էր ենթադրել, որ այն կարվել է Կապանում: Դրա մասին որևէ հիշատակում չկա, բացի, իհարկե, տնօրինության հուշերից: Վերնազգեստի վրա փակցված են ինչ-որ ապրանքանիշի և Իտալիա անունները: Զրուցակիցս ասում է, որ իտալացիները բերում էին թե՛ հումքը, թե՛ մոդելը, և իրենք նույն օրինակներով կարում էին: Եվ վերջերս, ավելացնում է Արմենը, այդ իտալացիներից մեկն էր զանգել իրեն, հետաքրքրվել, թե արդյոք աշխատում է գործարանը: Պատվերի մասին առայժմ չեն խոսել:
Այս ցուցանմուշների շարքում Արմենը առանձնահատուկ տեղ է տալիս մի վարդագույն սվիտերի, որի մոդելավորումն արել է այսօր արդեն հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը: «Մենք էն ժամանակ չգիտեինք, ով է նա, երբ հայրս նրան հրավիրել էր ֆաբրիկա, նա արեց այդ սվիտերի դիզայնը, ու երբ որևէ տեղ ասում եմ, որ Յուդաշկինի մոդելավորած հագուստն ունենք, դժվարությամբ են հավատում»,- ասում է ընկերության տնօրենը: Հետո հիշում է, որ 90-ականների վերջին հայրը Կապան էր հրավիրել նաև հայտնի փսիխոթերապևտ Կաշպիրովսկուն: Հետո մատնացույց է անում իրենց առաջին արտադրանքներից մեկը՝ խաչով սվիտերը, որի առաջին ցուցանմուշը նվիրել էին Վազգեն Սարգսյանին՝ նրա իսկ ստորագրությամբ:
«Էս վերջերս մի գյուղ էի գնացել, մեկ էլ մի պապիկ մոտեցավ ինձ, բարևեց, ջերմ-ջերմ խոսքեր ասաց, ես իրեն չէի ճանաչում: Երբ ընկերոջս հետ նստել էինք սեղանի շուրջ, «տարի էի գնացել», էդ պապիկը պիջակը հանեց, տեսա՝ մեր ֆաբրիկայի արտադրած սվիտերն էր հագին, էնքան լավ զգացի: Մի 10-20 տարվա սվիտեր էր: Ընկերոջս ասացի, թե նայի, հեչի պես մի 20-30 անգամ լվացած կլինի էս սվիտերը, բայց ոնց ա թարմ մնացել: Ընկերս զարմացել էր, ասաց՝ իր նախորդ տարվա սվիտերն արդեն մարդամեջում հագնելու չի»,- պատմում է Արմենը:
Անկայուն ներկան
Պատուհաններին փակցված ցելոֆաններն այնքան են մաշվել, որ քամին անարգել ներս է թափանցում: Գործարանի տնօրենն էլ է սա նկատում, ասում է՝ ցելոֆաններն արդեն չեն պաշտպանում ցրտից, ստիպված են արտադրամասերից մեկը վերանորոգել, պատուհանները փոխել, ինչն այսօր լրացուցիչ ֆինանսական բեռ է փոքր ընկերության համար:
Գործարանի հսկա շենքում մենք շրջում ենք արտադրամասերում: Շվեյցարական կարի մեքենաներին դեռ մնացել են մի քանի գույնզգույն թելեր: Արտադրամասի հատակը երբեմն մաքրում են, դեռ հավատում են, որ մի օր գործարանը նոր թափ կստանա: «Այս գործարանից մենք որևէ բան չենք վաճառել, ինչքան էլ կարող է տարօրինակ թվալ: Մութ ու ցուրտ տարիներին շատ գործարաններում ամեն բան վաճառեցին, իսկ հայրս հակառակն էր անում՝ նա գնում էր, երբ հարցնում էի, թե ինչու է գնում, պատասխանում էր՝ մի օր պետք են գալու մեզ»,- պատմում է Արմենն ու ժպտում:
Այսօր տրիկոտաժի նախկին գործարանից մնացել է միայն մեկ գործող արտադրամաս: Համեմատաբար ընտրել են ավելի տաք անկյուն: Ձմռանը տաքացնում են վառարանով: 2013 թ. մայիսից են սկսել ակտիվ աշխատել: Հիմնականում աշխատում են տեղի հանքարդյունաբերող ընկերությունների համար՝ արտահագուստ են կարում: Այստեղ միջին աշխատավարձը 70-80.000 դրամ է: Դրան զուգահեռ շարունակում են նաև տրիկոտաժի արտադրությունը: «Մեզ մոտ չկա բառը չկա, տենց բան չկա, որ նմուշը բերեն, ասեմ՝ չեմ կարող անել»,- նշում է տրիկոտաժագործը: Այս պահին գործարանն աշխատում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» հանքարդյունաբերող ընկերության պատվերի վրա. արտահագուստներ են կարում:
Արմենի փոխանցմամբ՝ առայժմ կաշխատեն մինչ տարեվերջ, ապագան դեռ չգիտեն: Ասում է՝ ամենադժվար պահն է, երբ աշխատողներին տեղեկացնում է, որ արձակուրդ են գնալու, բայց դա ոչ թե արձակուրդ է, այլ ուղղակի պարապուրդ: «Ավելի շատ ծանր եմ տանում, որ էդ մարդկանց պիտի ասեմ, ժամանակավորապես չենք աշխատելու, ասում են՝ ընկեր Մարգարյան, բա որ արձակուրդ ենք գնալու, մեկ էլ ե՞րբ ենք գալու աշխատանքի»,- նկատում է զրուցակիցս:
Սիրիահայ տպագրիչն ու Կապանը
Չնայած անկայուն վիճակին՝ դեռ կցկտուր պատվերներ են ստանում: Շապիկների պատվեր են ստացել Մայամիում բնակվող հայերից: Օրեր առաջ էլ հայրը տեղեկացրել է, որ հնարավոր է՝ Ղազախստանից լինեն պատվերներ, բայց դեռ հստակ չէ լուրը: Իրենց ձեռքբերումն է համարում տեղում տպագրություն անելը:
Նախկինում Երևան էին տանում դրա համար, իսկ հիմա իրենք են անում: Պատմում է, որ Երևանում պատահաբար հանդիպել էր մի սիրիահայի, ով Սիրիայում աշխատել էր տպագրատանը, իսկ Երևանում տաքսի էր վարում: «Առաջին հերթին ուզում էի օգնած լինել իրեն, որովհետև Սիրիայից էր եկել, ասաց՝ բերած փողն էլ վերջացել է, ինչ-որ տեղ ընդունվել էր աշխատանքի, «քցել» էին: Հարցրեցի, թե Կապանում գործ լինի, կգա՞, եթե ամեն ինչով ապահովեմ: Համաձայնեց, բայց մեծ գումարի դիմաց: Անկեղծ եմ ասում, եթե նա չլիներ սիրիահայ, գուցե չհամաձայնեի իր պայմաններին: Մի խոսքով՝ բերեցինք Կապան, մի 3 ամիս պահեցինք, ինքն էլ մեզ սովորեցրեց տպագրությունը»,- ասում է Արմենը: Այսօր ընկերության տպագրությամբ զբաղվում է նրա կահույքագործ ընկերներից մեկը:
Շապիկների նկարները «ծնվում» են այսպես
Երբ հետաքրքրվեցի, թե Կապանում իրենց արտադրանքը որտեղ են իրացնում, Արմենը հոգոց հանեց: Խանութ բացելու համար ֆինանսներ են հարկավոր, ինչն իրենք առայժմ չունեն:
Չորացման գործընթաց
Կապանցի առևտրականներից մեկն է իրենցից որոշակի տրիկոտաժեղեն գնում, քաղաքի կենտրոնական մասում խանութ ունի, վաճառում է, բայց խուսափում է որպես կապանյան արտադրանք ներկայացնել: «Դե դա նրա գործն է, գուցե մտածում է, որ չի վաճառվի, եթե գրի, որ Կապանում է արտադրվել... Չգիտեմ»,- ավելացնում է զրուցակիցս:
Էքսպոները թանկ են փոքր ու միջին բիզնեսի համար
Երբ հարցրեցինք, թե արդյոք մասնակցում են էքսպոներին, որը կարող է լավ միջոց լինել արտադրանքը գովազդելու, նաև պատվերներ ստանալու համար, Արմենը մեղմ ժպտաց: 1-2 անգամ մասնակցել են ցուցահանդեսների, բայց դա մոտ 200.000 դրամ է պահանջում: Միայն տաղավարի տարածքի համար պետք է վճարել 100.000 դրամ: «Իսկ ես ավելի լավ է այդ գումարը տամ իմ աշխատողներին՝ որպես աշխատավարձ, քան էքսպոյին մասնակցեմ»,- նշում է ընկերության տնօրենը, ում խոսքով՝ նման ցուցահանդեսները միայն որոշակի կապեր են ստեղծում, որոնք հետագայում կարող են կա՛մ օգտակար լինել, կա՛մ ոչ:
«Հիմա ամենաշատը մտածում եմ, թե աշխատողներին ոնց պիտի ասեմ՝ հաջորդ տարվանից առայժմ պիտի չաշխատենք»,- ավելացնում է զրուցակիցս: Իսկ իրենք նույնիսկ պատերազմի տարիներին են աշխատել. Բաքվից փասխտականների աշխատանքի էին տեղավորել, ովքեր ձեռքով գուլպա էին գործում զինվորների համար:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել