HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Դժվար թե վերադառնանք Հայաստան, եթե երաժշտական առիթներ չլինեն․ «Art of Duo»

Ամուսիններ Հրայր Կարապետյանը եւ Հասմիկ Մանուկյանը երաժիշտներ են։ Հասմիկը՝ դաշնակահար, Հրայրը՝ ջութակահար։ Երաժշտական կրթություն ստանալով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 2012թ․-ից մասնագիտական կրթությունը շարունակում են Բելգիայում՝  «LUCA» արվեստի դպրոցում։

2008թ․-ին երկուսով հիմնել են «Art of Duo» նախագիծը, որի նպատակն է ներկայացնելու ջութակ-դաշնամուր դուետի համար գրված համաշխարհային դասական, ինչպես նաեւ ժամանակակից ստեղծագործությունները։

Դուետը վարպետության դասընթացներ է ունեցել Էդուարդ Թադեւոսյանի, Սուսաննա Երիցյանի, Սուրեն Զաքարյանի, Գայանե Հովհաննիսյանի, Ալան Վայսի, Չայմ Թաուբի, Գայ Բրաունշտեյնի եւ այլոց հետ: Նախագծի շրջանակներում հանդես են եկել Հայաստանում, Ռուսաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում։  Առաջիկա օրերին զույգը պատրաստվում է Բելգիայի երաժշտասեր հասարակությանը ներկայացնել նախագծի առաջին ձայնասկավառակը, որը ընդգրկում է Էդուարդ Գրիգի թիվ 3 եւ Առնո Բաբաջանյանի սոնատները՝ ջութակի և դաշնամուրի համար:

Կապ հաստատեցինք Հասմիկի եւ Հրայրի հետ։

Ինչպիսի՞ զարգացումներ է ունեցել «Art of Duo» երաժշտական նախագիծը 6 տարիների ընթացքում։

Հրայր- «Art of Duo» նախագիծը հիմնեցինք, երբ դեռ սովորում էինք Երեւանում՝ Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում:  Սկզբում համերգներով հանդես էինք գալիս Հայաստանում:  Ժամանակի ընթացքում հրավերներ ստացանք տարբեր երաժշտական փառատոներից եւ ընդլայնեցինք մեր դուետի համերգային գործունեությունը: 

Հասմիկ- Տարիների ընթացքում մեր մասնագիտական աճի հետ զարգացում ապրեց նաեւ նախագիծը, ընդլայնվեց ռեպերտուարը, իսկ մի քանի օրից, ինչպես արդեն տեղեկացել եք, առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է։

Մինչ Բելգիա տեղափոխվելը երկուսդ էլ հայկական երաժշտական իրականության մեջ էինքինչպե՞ս կգնահատեք Հայաստանում դասական երաժշտության զարգացման եւ ներկայացման տեմպերը։

Հրայր- Հայաստանում կան հիանալի մասնագետներ, վաստակավոր պրոֆեսորներ, որոնց շնորհիվ ունենք շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ: Ցավոք, նրանց մեծ մասը հեռացել եւ հեռանում է երկրից՝ փորձելով կայանալ արտերկրում, որտեղ հնարավորություններն ու նպատակներն իրագործելու դաշտը մեծ է։

Հասմիկ- Որպեսզի չկրկնեմ Հրայրին, կուզեի միայն հավելել, որ, այո, Հայաստանում երաժշտական կյանքը գուցեւ շատ ակտիվ է՝ դասական երաժշտության միջազգային փառատոներ, համերգներ, մրցույթներ կան, որոնց հրավիրում են օտարերկրյա հայտնի նվագախմբերի եւ երաժիշտների, բայց հաճախ կադրից դուրս են Հայաստանում ապրող եւ ստեղծագործող տաղանդավոր երիտասարդ երաժիշտները:

Կա՞ մի ստեղծագործություն, գրված դաշնամուրի եւ ջութակի համար, որը ներկայացնելու համար շատ ջանք է անհրաժեշտ եւ դեռ դա չեք ներկայացրել կամ չեք համարձակվել։

Հասմիկ- Երբ առաջին անգամ լսեցինք Առնո Բաբաջանյանի սոնատը՝ ջութակի եւ դաշնամուրի համար, մեզ թվաց, թե անհնար է կատարել: Տեխնիկապես այս սոնատան մեր ռեպերտուարի ամենաբարդ գործերից է: Ինձնից  պահանջվեց մոտ 2 ամիս միայն սոնատի տեքստը սովորելու համար: 

Հրայր- իսկ ինձ համար ավելի մեծ դժվարություն են ներկայացնում անսամբլի կատարմամբ երաժշտական ստեղծագործությունները, որոնք պահանջում են ավելի երկարատեւ եւ  համբերատար աշխատանք:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի սկավառակը։ Ո՞րն է Բաբաջանյանի եւ Գրիգի ստեղծագործությունները ընտրելու պատճառը։

Հրայր- Ձայնասկավառակը կրում է նախագծի անունը:  Երկու սոնատն էլ պարունակում են ազգային երաժշտության տարրեր: Նպատակներից մեկը Բաբաջանյանի սոնատը ունկնդրին հանրամատչելի դարձնելն է, քանի որ այս սոնատն ունի շատ քիչ ձայնագրված տարբերակներ։ Ձայնասկավառակը նվիրված է հորս՝ Հայկ Կարապետյանի հիշատակին:

Կցանկանայի իմանալ նաեւ Ձեր՝ Բելգիա մեկնելու եւ հենց այդտեղ երաժշտական կրթությունը շարունակելու պատճառները։ Ազգությամբ հայ այլ երիտասարդ երաժիշտներ նույնպես գիտեմ, ովքեր այժմ կրթությունը շարունակում են Բելգիայում։

Հասմիկ- 2012 թ.-ին Բելգիայում մասնակցում էինք փառատոնի,  որի ժամանակ հրավեր ստացանք ուսումը շարունակելու հենց այստեղ: Եվրոպայում երիտասարդ երաժիշտների համար շատ ավելի մեծ են հնարավորությունները մատչելի եւ որակյալ կրթություն ստանալու, կայանալու որպես երաժիշտ եւ համերգային գործունեություն ծավալելու համար: Բելգիայի կոնսերվատորիաներում, այո, ճիշտ եք, սովորում են մոտ 2 տասնյակ հայ երաժիշտներ: Այս տարի այդ թիվը եւս երկուսով ավելացավ։ Բելգիայում այժմ կրթություն են ստանում երկու տաղանդավոր երիտասարդներ՝ դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը եւ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանը։

Ձեր նախագիծը ներկայացրել եք ՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Գերմանիայում եւ այլ երկրկներում: Ստեղծագործողի եւ կատարողի համար միշտ մենեջմենթի եւ ներկայացուցչական հարցերը բարդություն են ներկայացնում։ Ինչպե՞ս եք լուծում ֆինանսական, ներկայացուցչական հարցերը։ Որեւէ մեկն աջակցու՞մ է Ձեզ։

Հրայր- Սա բոլոր երիտասարդ երաժիշտների համար ամենաբարդ խնդիրներից մեկն է:  Մենք համագործակցում ենք եվրոպական և հայկական կառույցների և ուսանողական միավորումների հետ: Նոյեմբերի 9-ին կայանալիք ձայնասկավառակի շնորհանդեսի կազմակերպչական հարցերում մեզ շատ մեծ աջակցություն է ցուցաբերում Բելգիայի «Հայասա» հայ ուսանողական միավորումը:

Հայաստան վերադառնալու մասին մտածու՞մ եք։ Կրթությունն ավարտելուց հետո պատրաստվու՞մ եք մնալ Եվրոպայում։

Հասմիկ- Դժվար թե մոտ ապագայում․․․Իհարկե, անընդհատ մտածում ենք այդ մասին և շատ ենք կարոտում Հայաստանը: Հիմա նույնիսկ չենք կարող ասել, թե որտեղ կլինենք ուսումը ստանալուց հետո։ Երաժիշտի կյանքն անկանխատեսելի է․ համոզված չեմ, թե ապագայում վերադառնալու ինչ-որ հնարավորություններ կբացվեն մեր առջեւ, եթե, իհարկե,  դրանք չլինեն երաժշտական առիթներ։

ՀԳ «Art of Duo» նախագծի դեբյուտային ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ 19։00-ին, Բրյուսելում՝ «Հայ  տուն» մշակութային կենտրոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter