HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրիկ Քլեփթոն. «Եթե հանդիպեի քեզ երկնքում… »

Նաիրա Հայրապետյան

1991թ. մարտի 20-ը Էրիկ Քլեփթոնի կյանքում ամենատխուր ամսաթիվն է. հենց այդ օրը նրա չորսամյա որդին՝ Քոնորը մահացավ՝ ցած ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկի պատուհանից: Շուրջ ինը ամիս՝ չհաշտվելով ողբերգական կորստի հետ, լեգենդար երաժիշտը ոչ մի կերպ չէր կարողանում ինքն իրեն վերագտնել՝ ոչ մի նոր երգ, ոչ մի կատարում և այդ լռության մեջ  նա ասես ամբողջովին կորած լիներ:

Այդ դժբախտ պատահարից միայն ինը տարի անց Քլեփթոնը և Քոնորի մայրը՝ իտալացի դերասանուհի, մոդել Լորի Դել Սանտոն կարողացան փոքր-ինչ մեղմել որդու կորստյան ցավը և, բնականաբար, ամեն մեկն իր ճանապարհով. Լորին իր սփոփանքը փորձեց գտնել կրկին մայրանալու մեջ՝ կյանք տալով Լորենին: Եվ չնայած՝ ցած սահող գիշերվա հետ կրկին բացվում էր հին ցավը, այժմ Լորին վաղը արթնանալու ու պայքարելու նպատակ ուներ և պարտավորություն: «Քոնորի մահվանից հետո ես պարալիզվել էի թե՛ հոգեպես, թե՛ մտքով,- ասում է դերասանուհին,- բայց Լորենի ծնունդը ստիպեց ինձ կյանք վերադառնալ»: 

Քլեփթոնը, իհարկե, որպես դեղամիջոց ընտրեց երաժշտությունը: Դերասանուհու վկայությամբ՝ նա այդ վիշտն ընկալում էր մեկ այլ ծանրությամբ՝ մեղքի զգացումով, քանի որ մտածում էր, թե կենդանության օրոք թերացել էր հայրական պարտականությունների մեջ: Նա ի սկզբանե դեմ էր երեխայի ծնունդին, հետո փոշմանեց և որոշեց «տեղավորվել» ընտանեկան կյանքի մեջ ու ստեղծագործել թեկուզ որդու՝ ամբողջովին տակնուվրա արած,  խառնաշփոթի վերածած աշխատասենյակում: Բայց չստացվեց: Քլեփթոնը կրկին նախկին կյանքին վերադարձավ՝ ժամանակ առ ժամանակ այցելելով Լորիին և որդուն: Մեկ օր առաջ, երկարատև ընդմիջումներից հետո, առաջին անգամ որդու հետ զբոսանքից վերադառնալիս,  նա դերասանուհուն խոստովանել էր, որ երջանիկ է. «Ես հիմա նոր եմ հասկանում, թե ինչ է նշանակում երեխա ունենալ և լինել հայրիկ,- ասաց նա, ես ուզում եմ, որ նա գա ինձ մոտ՝ Լոնդոն: Ուզում եմ անձամբ հոգ տանել նրա մասին» ,- պատմում է Լորի Դել Սանտոն

Ամիսներ շարունակ մեկուսացած մնալով՝ Քլեփթոնը վերջապես վերադարձավ ստեղծագործական կյանք: Նա սկսեց աշխատել «Rush»  ֆիլմի երաժշտության վրա: Առաջին աշխատանքը «Help me up»  կոմպոզիցիան էր: Հետո նա երգահան  Ուիլ Ջենինգսին, ում հետ ստեղծում էին ֆիլմի սաունդթրեքը, ասաց, որ մտադիր է ընդգրկել որդուն նվիրված մի երգ: Քլեփթոնն արդեն գրել էր երգի առաջին տունը, բայց դժվարանում էր ամբողջացնել, ուստի խնդրեց Ջենինգսին օգնել տեքստի հարցում: Վերջինս սկզբում հրաժարվեց՝ համարելով այն խիստ անձնական աշխատանք, սակայն Քլեփթոնը համառեց և վերջապես համոզեց նրան: Այսպես ծնվեց Քլեփթոնի ամենահայտնի երգերից մեկը՝ «Tears in Heaven»-ը: Այն առաջին անգամ հնչեց ֆիլմում, ապա կենդանի կատարմամբ հայտնվեց երաժշտի 1992թ. թողարկված  «Unplugged»  համերգային ալբոմում: Երգը աննկարագրելի հաջողություններ ունեցավ և հիթային բարձունքներ գրավելով՝ հայտնվեց «Գրեմմի» մրցանակաբաշխության ինն անվանակարգերում: 1993թ. այն ճանաչվեց որպես «Տարվա Լավագույն ձայնագրություն», «Տարվա Լավագույն երգ», «Տղամարդու տարվա լավագույն կատարում»:  

Քլեփթոնը բազմիցս է ասել, որ այս երգը օգնել է իրեն հաղթահարել վիշտը: Սակայն սկսած 2004թ-ից՝ նա որոշում է այլևս չկատարել այն (ինչպես նաև «My father’s eyes» –ը, որտեղ նույնպես անդրադարձ կա որդուն): Երաժիշտն իր որոշումը հարցազրույցներից մեկում բացատրել է հետևյալ կերպ՝ « Ես այլևս չեմ զգում կորստյան դառնությունը, որն այս երգերի կատարման անբաժանելի մասն է: Ինձ համար անպայման կարևոր է այդ զգացմունքային հոգեվիճակը, որում գտնվում էի երգերը գրելիս: Նրանք ամեն դեպքում գնացել են, և ես չեմ ուզում, որ ետ վերադառնան կրկին: Կյանքս փոխվել է և միգուցե անհրաժեշտ է նրանց ժամանակավոր մի կողմ դնել: Չի բացառվում, որ հետագայում կրկին անդրադառնամ  մի փոքր այլ տեսանկյունից»: Եվ ահա 2013թ-ին այդ երգերը հայտնվեցին «Old sock»  համերգային շրջագայության ծրագրում:

2005թ. Օզի և Շերոն Օզբորնները կազմակերպեցին «Tears in Heaven» երգի նոր ձայնագրությունը՝ աստղային կազմով՝ Օզի Օզբորն, Էլթոն Ջոն,  Ռոդ Ստյուարտ, Սթիվեն Թայլեր, Անդրեա Բոչելլի, Ռոբի Ուիլիամս, Փինք և ուրիշներ: Այս կատարման վաճառքից ստացած հասույթը ուղարկվեց Հարավ-արևելյան Ասիայում երկրաշարժից և ցունամիից տուժածների օգնության ֆոնդին:

Որդու մահվանից հետո Քլեփթոնը հաճախ էր հայտնվում սոցիալական գովազդներում ՝ ծնողներին կոչ անելով հեռու պահել երեխաներին վտանգներից: Բացի այդ՝ նա Քոնորի հիշատակին է նվիրել «The Circus Left Town» և  «Lonely Stranger» երգերը:  

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Էրի՞կ կամ Էր՞ըկ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter