
«Մեղավորներն անպատիժ են մնացել». հոր մահվան առեղծվածը հանգիստ չի տալիս դստերը
«Հետքը» շարունակում է հետևել Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանի բողոքի քննությանը, որով նա ցանկանում է պարզել, թե մեկ տարի առաջ՝ հուլիսի 25-ին ինչ է տեղի ունեցել հոր՝ Գյանջիրով Հովհանյանի հետ: Հիշեցնենք, որ Գայանեի հոր դին Արարատից 3 կմ հեռավորության վրա է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում: Գայանեն ու Հովհանյան ողջ ընտանիքը համոզված է, որ հոր հետ պատահածը սպանություն է: Նրանք վկա են եղել հուլիսի 25-ին նախորդած դեպքերին, երբ հայրը վախեցած եկել է տուն, ապա փախել-թաքնվել հարևանի հողամասում՝ ասելով «Ասլանի տղերքը, եկան, ինձ կսպանեն, խոստացել են»:
Ասլան Ավետիսյանն՝ իր երկու որդիների՝ Հովհաննեսի ու Նարեկի հետ հանդիսանում է Արարատում գործող քարի արտադրամասի՝ «Ջի-ընդ Էյ» ՓԲԸ-ի սեփականատերը, որտեղ 10 օր աշխատել է 65-ամյա Գյանջիրով Հովհանյանը: Ասլանն ու որդիները կասկածել են, թե Հովհանյանն ու իր հարեւանները քարի արտադրամասից գողություն են արել: Տեղի է ունեցել քաշքշուկ: Գայանեն վկա է եղել, թե ինչպես է հայրը ահաբեկված ու վախեցած պատմել Ասլան Ավետիսյանի տղաների մասին, ովքեր խոստացել են իրեն սպանել՝ ենթադրյալ գողության կասկածանքով:
Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արթուր Ավետյանը դեպքից մեկ տարի հետո որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցագործության դեպք չլինելու պատճառաբանությամբ: Նույնատիպ որոշում է կայացրել Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը: Ըստ Արթուր Ավետյանի, Գյանջիրով Հովհանյանին Ավետիսյան եղբայրները չեն սպանել եւ չեն դրդել ինքնասպանության, միայն Նարեկ Ավետիսյանն է ապտակել (ՔՕ 118 հոդված) նրան, իսկ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վերջին համաներման հիմքով:
Այս որոշումների դեմ բողոք է ներկայացրել Գայանե Հովհանյանը (ներկայացուցիչ փաստաբան Գարիկ Մալխասյան): 25 էջանոց բողոքը նախ լսվեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում (դատավոր Ռուբիկ Մխիթարյան): Ապա Արարատի մարզի դատախազությունից վերահսկող դատախազ Նիկողոսյանը գրավոր ներկայացրեց դատախազության առարկությունները:
Դատախազն ու քննիչը սպառնալիքների մասին վկայություններ չեն տեսել
Վերահսկող դատախազ Նիկոոսյանն ու քննիչ Ավետյանը |
Դատախազ Նիկողոսյանի առարկությունների հիմնական գիծն այն էր, որ սպանության ու ինքնասպանության հակելու կամ դրդելու հատկանիշներ չկան գործով ձեռքբերված ապացույցներով: «Իսկ եթե գտնում եք, որ փորձագետները, պաշտոնատար այլ անձինք կեղծիքներ են կատարել, ապա գիտեք կարգը, գնացեք ու հաղորդում տվեք հանցագործության մասին»,- ասաց վերահսկող դատախազը: Նա անդրադարձավ բողոքում նշված այն հարցերին, որոնք, ըստ Գայանե Հովհանյանի, մնացել են անպատասխան: Մասնավորապես՝ ի՞նչ է տեղի ունեցել Գյանջիրով Հովհանյանի՝ տնից դուրս գալուց հետո, ո՞ւր է նա գնացել, որտե՞ղ և ո՞ւմ հետ է ալկոհոլ օգտագործել, ինչո՞ւ են հագուստները փոշոտված: Դատախազը պատասխանեց, որ այդ տեղեկությունները օպերատիվ աշխատանքների արդյունքում հնարավոր չի եղել պարզել:
«Ինչ վերաբերում է մետաղալարին, որից կախված է եղել Հովհանյանը, ապա ես ինձ հետ բերել եմ մետաղալարը, եթե անհրաժեշտ եք համարում, զննեք և տեսեք, որ հնարավոր է հեշտությամբ ծռել: Ակնհայտ է, որ փափուկ մետաղ է»,- ասաց դատախազը:
Դատավորը նշեց, որ դատարանը փորձաքննություն իրականացնող մարմին չէ, և գործն էլ քննվում է բողոքի շրջանակներում, ուստի ապացույցներ չեն կարող հետազոտվել:
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը |
Հագուստների փոշոտված լինելու հանգամանքը, ըստ դատախազի, բնական է, քանի որ Գյանջիրովը քայլել է դաշտերի միջով: Իսկ հագուստների հետազոտության մեջ նշված է, որ դրանց վրա առանձնահատուկ հետքեր չկան: Ըստ դատախազի` սխալ է նաև բողոքաբերի այն վարկածը, ըստ որի հնարավոր է իր հորը սպանել են, ապա կախել: Դատախազը մեջբերեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի 65-ամյա տղամարդու մահը վրա է հասել սեփական մարմնի կախման պատճառով առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով:
Սպառնալիքի մասին վկայություններ
Դատախազի առարկություններում անընդհատ մատնանշվում էր, որ Ավետիսյան եղբայրների կողմից սպառնալիք, հաշվեհարդարի կոչ չի եղել:
Փոխարենը Գայանեի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Մալխասյանը նշեց, որ գործում կան բազմաթիվ վկայություններ Գյանջիրովին ուղղված սպառնալիքների մասին: Օրինակ՝ հարևաններից Վազգեն Կարապետյանը Գայանեի հետ առերես հարցաքննության ժամանակ հաստատել է Գյանջիրովի այն միտքը, որ նա ասել է. «Էկան, ինձ կսպանեն»: «Այսինքն՝ ծեծը, Գյանջիրովի թաքնվելը, սպառնալիքը, զանգերը, արտահայտությունները, որոնք արվել են Ավետիսյանների կողմից, մի՞թե բավարար չեն, որ նախաքննական մարմինը ընդունի, որ հաշվեհարդար տեսնելու կոչեր են եղել: Ես խնդրում եմ մեր բողոքը բավարարել: Դատախազի առարկությունները ենթադրական դատողությունների տիրույթում էին»,- ասաց փաստաբան Գարիկ Մալխասյանը:
«Ես իմ մեռելը չեմ ծախում». տուժող
Հայտարարություն արեց բողոքաբեր, հորը կորցրած, տուժող Գայանե Հովհանյանը. «Հարցաքննություններ են կատարվել, որ իմ հայրը մաքուր հագուստով է տնից դուրս եկել հուլիսի 25-ին, ինչո՞ւ պիտի նրա հագուստը աղտողված լիներ: Չեմ հասկանում, պետք է դա պարզեիք: Դուք միթե չեք հիշում, որ ես հայտնել եմ Ձեզ, թե որտեղ եմ իմ հորը փնտրել ամբողջ գիշեր: Ո՞ւր են դիակի լուսանկարները, որ արվել են դատաբժշկի կողմից, իսկ հետո քննիչն ինձ ասաց, թե ջնջվել են: Ու հետո, Դուք ինձ հրավիրեցիք Ձեր աշխատասենյակ ու ասացիք, որ 3- 5 տարի պատիժ է սահմանված քրեական օրենսգրքով, եթե դուք հրաժարվեք փոխհատուցումից, կմնա 0-ից երեք տարի, համաներումով դուրս կգա Նարեկ Ավետիսյանը: Այսօր ես ոչինչ չունեմ: Եթե հիշում եք, ես էլ ասացի՝ ես իմ մեռելը չեմ ծախում»:
Ապա վերահսկող դատախազին ու քննիչին հարցեր տվեց դատարանը: Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ որոշում կկայացնի նոյեմբերի 19-ի դատական նիստում:
Առաջին լուսանկարում տուժող Գայանե Հովհանյանն ու նրա ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանը
Մեկնաբանել