
Ռազմական փորձագետ. միջադեպը ադրբեջանական դիրքի անձնակազմի խուճապի հետեւանք էր
Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը կարծում է, որ հայկական «Մի-24» ուղղաթիռի խոցումը եղել է ադրբեջանական դիրքի անձնակազմի խուճապի հետեւանք: «Ըստ իս՝ իրենք ուղղակի չեն կողմնորոշվել ինչ անել, եւ գործել են այդպես»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով, որ որոշ քաղաքագետներ այս միջադեպը կապում են տարբեր քաղաքական գործոնների հետ, այդ թվում՝ Իրանի նախագահի Բաքու կատարած այցի: Սոֆիյանի մոտեցմամբ՝ դա հրամանատարության հետ չհամաձայնեցված գործողություն էր՝ չնայած նրան, որ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են ներկայացնել իբրեւ այդպիսին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Զինծառայության ժամանակ տարբերվելու համար» երրորդ աստիճանի մեդալով պարգեւատրել է ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող Իլկին Մամեդ օղլու Մուրադովին, որը, լուրերի համաձայն, ուղղաթիռը խոցող անձն է: Նույն ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Մուրադովը կրակ է բացել երկու ուղղաթիռների ուղղությամբ, որոնցից մեկին խոցել է: Չնայած սրան՝ ադրբեջանական տեսանյութում լսվում է մեկ կրակոց: Կարելի է ենթադրել, որ կրակոցն արձակվել է դյուրակիր զենիթահրթիռային այնպիսի կայանքից, ինչպիսին է «Իգլա»-ն, որն առկա է Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ:
Դ. Սոֆիյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմը պիտի ասեր, թե հայկական ուղղաթիռները գրոհել են, քանի որ դա պաշտպանական առաջին ռեակցիան է, ու անհնար է կարծել, թե պիտի ընդունեին, որ խփել են խաղաղ թռիչք իրականցնող տեխնիկային, ինչը հաստատվում է ադրբեջանական դիրքից նկարահանած տեսանյութից:
Մեր հարցին, թե արդյոք որեւէ կապ կարող է լինել օրերս Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի գեներալի՝ Ադրբեջան, մասնավորապես՝ առաջանագիծ կատարած այցի ու այս միջադեպի միջեւ, Սոֆիյանն ասում է, որ նման այցեր շատ են լինում, բայց իրար կապելը երեւի ճիշտ չի լինի:
Փորձագետը հուսով է, որ հայկական կողմի պատասանը ի ցույց կդրվի հանրությանը, մեր հասարակությունը կիմանա այդ մասին, քանի որ այս պարագայում դա անհրաժեշտ է. «Մենք գիտենք, որ իրենց ագրեսիաներից հետո մերոնք պատասխանը տալիս են, բայց ոչ միշտ է դա հրապարակային լինում, սակայն սա հենց այդ դեպքն է: Չեմ կարծում, թե օգոստոսյան դեպքերը կկրկնվեն, որովհետեւ դրանք լուրջ մշակված են եղել ադրբեջանցիների կողմից: Չեմ կարծում նաեւ, որ ակտիվ մարտական գործողություններ կսկսվեն: Եթե այդպիսիք լինեն, ոչ թե այսկերպ կսկսվեն, այլ կլինեն երկարատեւ անդորրից հետո, գիշերվա կեսին եւ ոչ թե ուղղաթիռի խոցումից հետո»:
Թե ինչպիսին պիտի լինի հայկական հակահարվածը, Դավիթ Սոֆիյանն ասում է. «Կարծում եմ, որ նույնատիպ պատասխան տալը ճիշտ չի լինի (ի նկատի ունի մարդկային կորստից զատ՝ տեխնիկա շարքից դուրս բերելը- հեղ.): Պատասխանն այնպիսին պիտի լինի, որ նրանք չկարողանան դա մարտական գործողությունների վերսկսման հրահրում ճանաչել հայկական կողմից: Այսինքն պատասխանը պիտի լինի այնպես, որ մենք ցույց տանք՝ սրա դիմաց այս պատիժն եք ստանում: Կոնկրետ, տեղային պիտի լինի»:
Դատելով միջադեպի կադրերից՝ փորձագետը կարծում է, որ մեր օդաչուները զոհվել են, չնայած այդ մասին որեւէ պաշտոնական հաղոևրդագրություն չկա: Հիշեցնենք, որ ԼՂՀ արդեն դիմել է Կարմիր խաչին՝ անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման ու վերադարձման համար, այնինչ ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել շփման գծի այդ հատվածը՝ խոչընդոտելով մեր կողմից ուղղաթիռին մոտենալու փորձերը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակն արդեն հայտնել է հրամանատարի անունը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, հայկական լրատվամիջոցները գրել են մյուս երկու զինվորականների մասին՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան, լեյտենանտ Ազատ Սահակյան:
Նշենք նաեւ, որ սա առաջին ավիացիոն միջադեպն էր 1994-ի հրադադարից հետո, եթե չհաշվենք ադրբեջանական անօդաչու սարքերի խոցումը հայկական ուժերի կողմից 2011-ին եւ 2014-ին:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել